Պատերազմի մեկնարկից ի վեր Արցախում վնասազերծվել է 20 հազարից ավելի զենք-զինամթերք. ԱԻՊԾ


Պատերազմի մեկնարկից ի վեր Արցախում վնասազերծվել է 20 հազարից ավելի զենք-զինամթերք. ԱԻՊԾ

  • 14-12-2020 17:45:47   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն

 
Դեկտեմբերի 7-13-ն ընկած ժամանակահատվածում Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության ահազանգման կենտրոնը ստացել է 1132 զանգ: Դրանցից 3-ը ճանապարհատրանսպորտային պատահար են, զոհվել է երկու քաղաքացի։
 
Զենք-զինամթերքի հայտնաբերման 42 կանչ է գրանցվել: Արցախի մայրաքաղաքը գրեթե 90 տոկոսով անվտանգ է բնակչության համար: Հիմնական կանչերն արձանագրվում են անտառային գոտիներից, քաղաքների և գյուղական համայնքների հարակից տարածքներից: Ընդհանուր առմամբ՝ սեպտեմբերի 27-ից առայսօր Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության սակրավորական ջոկատներն ու հումանիտար ականազերծող կենտրոնները ոչնչացրել են 20 հազարից ավելի հրթիռային, հարվածային ու գնդիկաբեկորային ռումբեր, ականանետների ականներ և այլ զինատեսակներ:
 
Ավելացել է հրդեհների թիվը՝ 7 դեպք մեկ շաբաթում․ տուժածներ չկան։ Մոնիթորինգի արդյունքում պարզվել է, որ հրդեհների բռնկման պատճառը էլեկտրականության հաճախակի անջատումներն ու տատանումներն են: Հրշեջ-փրկարարական ջոկատները, ԱԻՊԾ մնացած բոլոր ստորաբաժանումները շարունակում են աշխատել ուժեղացված ռեժիմով, քանի դեռ գործում է ռազմական դրության ռեժիմը:
 
Կենցաղային կանչերը 58-ն էին։ Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերը շարունակել են օգնել բնակչությանը։
 
Նոյեմբերի 13-ից առայսօր շարունակվում են պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների մարմինների որոնողական և փոխանակման աշխատանքները: Վերջին տվյալներով՝ հայտնաբերվել է 828 մարմին:
 
Այլ կանչեր․ Բուժհաստատությունից դուրս գրված տարեց կնոջը փրկարարները բարձրացրել են 5-րդ հարկ: Ի նշան երախտագիտության, կինն առաջարկել է փրկարարներին քաղել իր այգու արքայախնձորի ողջ բերքը և տանել աշխատավայր։ Փրկարարները շնորհակալությամբ են ընդունել առաջարկը:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play