«Ապրելու ենք, որ հաղթենք». նվիրատվություն զինծառայողների ապահովագրության հիմնադրամին


«Ապրելու ենք, որ հաղթենք». նվիրատվություն զինծառայողների ապահովագրության հիմնադրամին

  • 22-12-2020 14:55:03   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Դեկտեմբերի 22-ին «Հայփոստ» ընկերությունը «Ապրելու ենք, որ  հաղթենք» խորագրի ներքո մարեց և շրջանառության մեջ  դրեց նամականիշերի և բացիկների շարք: 
 
Մարումն իրականացրին «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը, Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը և Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը: 
 
Ինչպես նշեց Հայփոստի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը. «Այսօր մեր բոլորի կարևորագույն անելիքներից մեկը զինծառայողներին և նրանց ընտանիքներին սատարելն է: Հայփոստը պատերազմական օրերին իր հնարավորությունների առավելագույն չափով եղել է բանակի կողքին: Այսօր ևս Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հետ համատեղ իրականացնում ենք երկու կարևոր նախագիծ, որոնց խորագիրն է «Ապրելու ենք, որ հաղթենք»: Սա Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հետ Հայփոստի առաջին նախագիծը չէ: Նախկինում Հայփոստը թողարկել է նվիրատվության կտրոնով նամականիշեր, որի արդյունքում գոյացած բավական պատկառելի գումար է փոխանցվել հիմնադրամին»: 
 
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը և Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանն իրենց ելույթներում ընդգծեցին նման նախաձեռնությունների առանձնահատուկ կարևորությունն այսօր: 
 
Բացիկ գնելով զինծառայողների համար նվիրատվություն անելը առավել քան դյուրին է, բավական է միայն այցելել https://postcards.stamps.am/  կայքէջը: Ձեր նվիրաբերած գումարն ամբողջությամբ կփոխանցվի հիմնադրամին, իսկ Հայփոստը նշված փոստային հասցեով կառաքի Ձեր ընտրած բացիկը՝ որպես հիշատակ Ձեր կատարած նվիրաբերության մասին: Հասցեական առաքումն իրականացվում է անվճար. Երևանում՝ 1, իսկ մարզերում՝ 2-3 աշխատանքային օրում։ Արտասահմանում առաքումն իրականացվում է 14-30 օրում:
 
Ինչպես օգնել զինծառայողներին և նրանց ընտանիքներին՝ պատվիրելով բացիկ 
 
* postcards.stamps.am կայքում ընտրում եք առաջարկվող 8 թեմատիկ բացիկներից մեկը
 
* գումարի սանդղակի միջոցով նշում եք այն գումարը, որը պատրաստ եք վճարել բացիկի համար (նվազագույն գումարը 500 դրամ է) և սեղմում  «Նվիրաբերիր» կոճակը
 
* Կայքում վճարումն իրականացվում է ցանկացած բանկային քարտով։
 
* Բացիկը ծրարավորվելու և ուղարկվելու է «Պատվիրված» կարգավիճակով՝ ունենալով հետևման կոդ։
 
* Փոստային բաժանմունք և հասցեական առաքումն իրականացվում է անվճար։
 
* Ծրարավորված բացիկը փոստատարի կողմից առաքվելու է ըստ հասցեի։
 
* Հայաստանում առաքումն իրականացվում է Երևանում՝ 1, իսկ մարզերում՝ 2-3 աշխատանքային օրում։ Արտասահմանում առաքումն իրականացվում է 14-30 օրում։ 
 
* Նվիրաբերվող գումարներից գոյացած հասույթը փոխանցվում է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ։
 
Բացիկներին պատկերված են Մեսրոպ Մաշտոցի, Սասունցի Դավթի, Մարտիրոս Սարյանի, Առնո Բաբաջանյանի, Կոմիտասի, Լեոնիդ Ենգիբարյանի արձանները և «Լեռնային պար» արձանախումբը՝ Արցախի բնության խորապատկերներին, Արցախի «Արիության համար» մեդալով հետմահու պարգևատրված զինվոր Ալբերտ Հովհաննիսյանը՝ մարտական գործողության ընթացքում: Բացիկներն ըստ թեմատիկայի ունեն խորագրեր. «#ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՆՔ», «#ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ»,  «#ՊԱՐԵԼՈՒ ԵՆՔ», «#ՆԿԱՐԵԼՈՒ ԵՆՔ»,  «#ՆՎԱԳԵԼՈՒ ԵՆՔ», «#ԵՐԳԵԼՈՒ ԵՆՔ» , «#ԺՊՏԱԼՈՒ ԵՆՔ»:  Բոլոր բացիկների ներքևի հատվածում «ԱՆՈՒՆՍ ԱՐՑԱԽ Է» և «ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ» կարգախոսերն են՝ հայերեն և անգլերեն լեզուներով:
 
 
Բացիկների դիզայնը՝  Ռեմ Սահակյանի
Տպարանը` «ԼԵՎԵԼ ՊՐԻՆՏ»
Չափսերը` 110,0 x 150,0 մմ
 
Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարի հեղինակը Սիփան Գյուլումյանն է:  
 
Յոթ նոր նամականիշ՝ նվիրված «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ» թեմային
 
2020 թվականի դեկտեմբերի 22-ին մարվում և շրջանառության մեջ են դրվում յոթ նամականիշ՝ նվիրված «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ» թեմային:
 
Փոստային նամականիշերն ունեն 120, 220, 230, 280, 330, 380 և 500 ՀՀ դրամ անվանական արժեքներ: Նամականիշերը տպագրված են Ֆրանսիայի “Cartor” տպագրատանը՝ յուրաքանչյուրը 10 000 տպաքանակով: Նամականիշերի հեղինակներն են՝ «Դոմինո Պրոդակշն» ՍՊԸ-ն և դիզայներ Ռեմ Սահակյանը:
 
Փոստային նամականիշերի հետ մեկտեղ «ՀայՓոստ» ՓԲԸ-ն թողարկել է 500 ՀՀ դրամ արժողությամբ նվիրատվության կտրոններ, որոնց վաճառքից գոյացած հասույթը կուղղվի «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի միջոցով իրականացվող նախագծերին: 
  
120 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է «Սասնա ծռեր» հայ ազգային էպոսի հերոս Սասունցի Դավթի արձանը՝ արցախյան բնության խորապատկերին: Նամականիշի վերևի հատվածում «#ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ» գրառումն է՝ հայերեն լեզվով: 
 
220 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է «Լեռնային պար» արձանախումբը՝ արցախյան բնության խորապատկերին: Նամականիշի վերևի հատվածում նշված է «#ՊԱՐԵԼՈՒ ԵՆՔ» գրառումը՝ հայերեն լեզվով: 
 
230 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է կրկեսի հայ մեծանուն արտիստ, ծաղրածու Լեոնիդ Ենգիբարյանի հուշարձանը՝ արցախյան բնության խորապատկերին: Նամականիշի վերևի հատվածումնշված է «#ԺՊՏԱԼՈՒ ԵՆՔ» գրառումը՝ հայերեն լեզվով: 
 
280 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է հայ վարդապետ, երգահան և երգիչ Կոմիտասի հուշարձանը՝ Դադիվանքի և արցախյան բնության խորապատկերին: Նամականիշի վերևի հատվածում նշված է «#ԵՐԳԵԼՈՒ ԵՆՔ» գրառումը՝ հայերեն լեզվով: 
 
330 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է հայ ականավոր նկարիչ Մարտիրոս Սարյանի արձանը՝ արցախյան բնության խորապատկերին: Նամականիշի վերևի հատվածում նշված է «#ՆԿԱՐԵԼՈՒ ԵՆՔ» գրառումը՝ հայերեն լեզվով: 
 
380 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է հայ նշանավոր կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի արձանը՝ արցախյան բնության խորապատկերին: Նամականիշի վերևի հատվածում նշված է «#ՆՎԱԳԵԼՈՒ ԵՆՔ» գրառումը՝ հայերեն լեզվով: 
 
500 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է հայոց գրերի ստեղծող Մեսրոպ Մաշտոցի հուշարձանը՝ արցախյան բնության խորապատկերին: Նամականիշի վերևի հատվածում նշված է «#ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՆՔ» գրառումը՝ հայերեն լեզվով: 
 
Յոթ նամականիշով մանրաթերթի հետ մեկտեղ «ՀայՓոստ» ՓԲԸ-ն թողարկել է 5000 ՀՀ դրամ արժողությամբ նվիրատվության կտրոն, որտեղ պատկերված է Արցախի «Արիության համար» մեդալով հետմահու պարգևատրված զինվոր Ալբերտ Հովհաննիսյանը՝ մարտական գործողության ընթացքում: Կտրոնի ձախ հատվածում «ԱՆՈՒՆՍ ԱՐՑԱԽ Է» և «ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ» կարգախոսերն են՝ հայերեն և անգլերեն լեզուներով:
 
Յոթ նամականիշի տեխնիկական տվյալներն են.
 
Թողարկման օրը` 22 դեկտեմբերի 2020թ.
Դիզայնը՝ «Դոմինո Պրոդակշն» ՍՊԸ-ի, Ռեմ Սահակյանի
Տպարանը` Cartor, Ֆրանսիա
Չափսերը` 30,0 x 40,0 մմ
Մեկ թերթի վրա՝10 հ.
Տպաքանակը՝ 10 000 հ.x 7
 
Յոթ նամականիշով մանրաթերթի տեխնիկական տվյալներն են.
 
Թողարկման օրը` 22 դեկտեմբերի 2020թ.
Լուսանկարը՝Սիփան Գյուլումյանի
Դիզայնը՝ «Դոմինո Պրոդակշն» ՍՊԸ-ի, Ռեմ Սահակյանի
Տպարանը` Cartor, Ֆրանսիա
Նամականիշի չափսերը՝30,0 x 40,0 մմ
Մանրաթերթի չափսերը`115,0 x 230,0 մմ
Տպաքանակը՝ 10 000 հ.
 
 
 
«Հայփոստ» ՓԲԸ
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play