Կամերային կենտրոնը տարին եզրափակել է երկու համերգային ծրագրով
26-12-2020 10:50:45 | Հայաստան | Մշակույթ
Կամերային երաժշտության ազգային կենտրոնն ընթացիկ տարին եզրափակեց երկու համերգով: Դեկտեմբերի 24-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանն անցկացվեց Երգեհոնային երաժշտության երեկո, որի ընթացքում հնչեցին Բախի, Փյորսելի, Պյերնեի, Կոմիտասի ստեղծագործությունները: Երեկոյի ընթացքում ելույթ ունեցան երգեհոնահարներ Կարինե Հովհաննիսյանը, Լուսին Սառաջյանը, Թերեզա Ոսկանյանը, Աննա Բակունցը, ՀարությունԹագվորյանը, ինչպես նաև մեցցո սոպրանո Անուշ Մարտիրոսյանը:
Երգեհոնային երաժշտության համերգին երգեհոնահարների ավագ սերնդի հետ առաջին անգամ ելույթ ունեցավ 17-ամյա երգեհոնահար Դավիթ Հովհաննիսյանը՝ Հայաստանի երգեհոնային երաժշտության ապագան։ Դավիթը նշում է, որ երգեհոնի հանդեպ սերն առաջացել է դեռ մանկուց, քանի որ հաճախ էր ունկնդրում երգեհոնային երաժշտություն։ Այս ամենից ոգեշնչվելով՝ նա սկսում է ուսանել Թերեզա Ոսկանյանի մոտ։ Վերջերս Դավիթը համերգներով հանդես է եկել Գերմանիայում և Մոսկվայում, ինչպես նաև արժանացել կատարողական արվեստի Музыкальный рассвет միջազգային մրցույթի (Մոսկվա) Գրան Պրի մրցանակի:
Իսկ դեկտեմբերի 25-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Երևանի պետական կամերային երգչախումբը, խմբավար Քրիստինա Ոսկանյանի ղեկավարությամբ, կատարեց Էդ.Հովհաննիսյանի, Բ.Կանաչյանի, Ռ. Շումանի, Ֆ. Մենդելսոնի, Կոմիտասի և այլ կոմպոզիտորների գործեր: Սա երգչախմբի առաջին համերգն էր, որը, ցավոք, անցկացվեց առանց ԵՊԿԵ հիմնադիր, գեղարվեստական ղեկավար և խմբավար Հարություն Թոփիկյանի։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 26-ին համավարակի հետևանքով 69 տարեկանում կյանքից հեռացավ հայ երգչախմբային արվեստի երախտավոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հարություն Թոփիկյանը: Մաեստրո Թոփիկյանն իր ողջ կյանքը նվիրեց խմբավարական արվեստին, ամենուրեք հնչեցրեց հայ խմբերգը, ուրույն ձեռագրով կայացրեց ու զարգացրեց իր իսկ ստեղծած Երևանի պետական կամերային երգչախումբը:
Խմբավար Քրիստինա Ոսկանյանը Հարություն Թոփիկյանի՝ երգչախումբը հիմնադրելու առաջին իսկ օրվանից աշխատել է մաեստրոյի կողքին: Որպես խմբավար՝ առաջին անգամ էր հանդես գալիս ԵՊԿԵ-ի մեծ կազմի հետ, նախկինում հասցրել է փոքր կազմեր ղեկավարել:
«Շատ մեծ պատասխանատվություն էր, անհանգստություն, որպեսզի ամեն ինչ լավ լինի: Մենք երգչախմբում փորձում ենք շարունակել մաեստրո Թոփիկյանի ներդրած ավանդույթները և գործը: Փորձում ենք ամեն ինչ անել, որպեսզի վառ պահենք մաեստրոյի հիշատակը: Մաեստրոն միշտ ներողամիտ էր, խանդավառ, միշտ սովորեցնում էր մեզ, ուժ տալիս: Այս օրերին, երբ փորձեր ենք անում, թվում է, թե հիմա ներս կմտնի»,- ասել է Քրիստինա Ոսկանյանը:
Նշենք, որ Երևանի պետական կամերային երգչախումբը շուտով առանձին համերգ կնվիրի մաեստրո Թոփիկյանի հիշատակին: