Սուրբ ծննդյան տոնին Ստեփանակերտում հնչել է հոգևոր երաժշտություն
06-01-2021 21:40:39 | Արցախ (ԼՂՀ) | Մշակույթ
Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարի բակում Սուրբ Ծննդյան օրը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կամերային կազմը (դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան), Արցախի պետական կամերային երգչախումբը (խմբավար՝ Նինա Գրիգորյան), սոպրանո Սիրանուշ Գասպարյանը հոգևոր համերգ է ներկայացրել։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբից տեղեկացնում են, որ համերգը կազմակերպել էր «Երազանք» զարգացման հիմնադրամը՝ Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի և Ստեփանակերտի քաղաքապետարանի մասնակցությամբ։
«Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, շնորհավորելով ներկաներին Սուրբ Ծննդյան առթիվ, նշեց. «Մաղթում եմ խաղաղ տարի։ Թող մանուկ Հիսուսը, որ խաղաղության թագավոր է, մեզ բոլորիս իր խաղաղությունը պարգևի, և բոլորս ապրենք հույսով, Սուրբ Ծննդյան լույսով։ Եվ այդ լույսը թող առաջնորդի մեզ դեպի այն ապագան, որին մենք հավատում ենք, որն էլ մենք ձեզ հետ միասին կերտելու ենք՝ հավատով, սիրով և ամենակարևորը՝ միաբան, միաբան ոգով»։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշեց, որ երաժշտությունը մարդկանց ապրեցնելու ուժ ունի. «Կան նախագծեր, կան գաղափարներ, որ պետք են, դրանք փոխում են մթնոլորտը։ Մարդկանց հույսը, ապագայի նկատմամբ ակնկալիքները պետք է վերածնվեն։ Այս համերգային ծրագրի գաղափարախոսությունը դա է»։
Նշենք, որ համերգային ծրագրում հնչեցին Բարսեղ Կանաչյանի, Կոմիտասի, Առնո Բաբաջանյանի, Յոհան Սեբաստիան Բախի և այլ հեղինակների ստեղծագործություններից։
«Երազանք» զարգացման հիմնադրամի համահիմնադիր Սևան Ասլանյանը նկատեց, որ շատ երկար են մտածել, թե ինչ ձևաչափով միջոցառում կազմակերպեն։ Այդ ճանապարհին հիմնադրամի ներկայացուցիչները խորհրդակցել են Պարգև սրբազանի, Ստեփանակերտի քաղաքապետի, հասարակական դաշտում գործունեություն ծավալող ընկերների հետ և շնորհիվ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ու Արցախի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավարների՝ կարողացել են հոգևոր խորհուրդ պարունակող այս միջոցառումը կյանքի կոչել։ Նկատենք, որ սա նորաստեղծ հիմնադրամի առաջին միջոցառումն էր։ Սևան Ասլանյանը նշեց, որ շատերի հետ միասին պատերազմի առաջին օրից ջանք չեն խնայել Արցախին որևէ կերպ օգտակար լինելու համար: Բազմաթիվ նախաձեռնությունների իրականացման ընթացքում ծանոթացել են մեծաթիվ հայրենասեր մարդկանց հետ, իսկ պատերազմի ավարտին եկել են այն եզրահանգման, որ անելիքը ոչ թե նվազեց, այլ ավելացավ: Ուստի որոշել են մեկտեղել ներուժը հստակ ծրագրերի ներքո` ստեղծելով Արցախի զարգացմանն ուղղված ծրագրեր իրականացնող «Երազանք» զարգացման հիմնադրամը:
Տեղեկացնենք, որ միջոցառման ամբողջ ընթացքում տաղավարներում երեխաներին քաղցրեղեն էր բաժանվում, պատրաստվել էր Սուրբ Ծննդյան խորհրդով հատուկ տաղավար, որտեղ ցանկացողները լուսանկարվում էին»,- ասվում է հաղորդագրության մեջ։