Հայաստանը մտնում է դատաիրավական համակարգի բարեփոխումների շատ կարևոր փուլ. Նիկոլ Փաշինյան


Հայաստանը մտնում է դատաիրավական համակարգի բարեփոխումների շատ կարևոր փուլ. Նիկոլ Փաշինյան

  • 14-01-2021 13:18:13   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հայաստանը մտնում է դատաիրավական համակարգի բարեփոխումների շատ կարևոր փուլ: Այդ մասին կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի, «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» և «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին հավանություն տալու մասին և անհետաձգելի համարելու մասին որոշման նախագծին:
 
Կառավարության ղեկավարը հիշեցրեց, որ առաջիկայում սպասելու են պարեկային ոստիկանության ձևավորմանը: «Մենք կալանքի ու ձերբակալության հետ կապված հարցերի վերաբերյալ առանձնացնում ենք դատարանի որոշակի կազմ, որը կքննի միայն մինչդատական վարույթի վերաբերյալ գործերը: Ընդ որում, սա աշխարհում լայնորեն կիրառվող պրակտիկա է», -  նշել է  Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ դատավորների ընտրության ու նշանակման նոր գործընթաց է անցնելու, որտեղ ամենակարևորը բարեվարքության ստուգումն է, որը շատ լայնորեն քննարկվում է:
 
«Կարող է լինել դեպք, երբ բարեվարքության հետ կապված խնդրահարույց եզրակացություն լինի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից, բայց Բարձրագույն դատական խորհրդի կողմից դատավորի նշանակման վրա դա կարող նաև ազդեցություն չունենալ:
 
Մենք պետք է երաշխավորված լինենք, որ այս նոր կարգավիճակում հայտնվող դատավորների անաչառությունը և անկաշառությունը որևէ կերպով կասկածի տակ չդրվի, այսինքն՝ կայացվեց որոշումը, բոլորն ի գիտություն ընդունեն, ոչ թե սկսեն քննարկել, թե ինչ քաղաքական կապ կա այդ որոշումների հետ», - ասաց վարչապետը:
 
Արդարադատության նախարարի խոսքով՝ այս փաթեթով ներդնում են երկու ենթամասնագիտացում՝ մինչդատական վարույթների նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնող մասնագիտացված դատավորների ինստիտուտը և կոռուպցիոն հանցագործությունների քննություն իրականացնող դատավորների մասնագիտացում:«Մեկ խնդիր ևս լուծում ենք. դատարանների նստավայրերը ու հերթապահող դատավորների ժամանակացույցը հրապարակվում է. Վարույթն իրականացնող մարմնի ու բոլորի համար ակնհայտ է դառնում, օրինակ, կալանքի միջնորդության քննության դեպքում որ դատավորին է մակագրվելու գործը:
 
Նախատեսում ենք դատավորների թվակազմի ավելացում, ընդհանուր թվով՝ մինչև 21 դատավորի հաստիք կլինի Առաջին ատյանի դատարանում ու 3 դատավորի հաստիք՝ Վերաքննիչ քրեական դատարանում», - նշեց Բադասյանը:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն