ՀՀ-ն ամենաբարձր մակարդակով հետապնդում է ռազմագերիների վերադարձման խնդիրը. ԱԳ նախարար


ՀՀ-ն ամենաբարձր մակարդակով հետապնդում է ռազմագերիների վերադարձման խնդիրը. ԱԳ նախարար

  • 14-01-2021 15:47:37   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
«Որպես եռակողմ հայտարարությունը ստորագրած կողմ՝ խիստ մտահոգված ենք Ադրբեջանի կողմից այդ հայտարարության առանցքային դրույթների շարունակական խախտումներով»,- հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամների հետ հանդիպմանն անդրադառնալով երեկ հրադադարի ռեժիմի խախտմանը:
 
Այվազյանի խոսքով՝ Ադրբեջանը խախտում է եռակողմ հայտարարության 1-ին և 8-րդ կետերը, որոնց համաձայն՝ կողմերը պետք է մնան իրենց զբաղեցրած դիրքերում, ամբողջովին դադարեցնեն կրակը և վերադարձնեն ռազմագերիներին ու ձերբակալված անձանց:
 
«Որոշ դեպքերում այդ խախտումները եղել են փոխկապակցված, ինչպես, օրինակ՝ Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի հարձակումը, որի հետևանքով գերեվարվեց 64 զինծառայող:
 
Հայ զինծառայողների հանդեպ շինծու մեղադրանքների առաջադրումը, քրեական գործերի հարուցումը ոչ միայն խախտում են եռակողմ հայտարարությանը, այլև Ժնևյան կոնվենցիաները:
 
Այս գործողությունները չեն նպաստում տարածաշրջանում վստահության ձևավորման ջանքերին, քանի որ վստահության առաջացման ամենակարևոր գրավականը ստանձնած պարտավորությունների իրականացումն է, այլ ոչ թե պատանդառությունը և հայատյացության քաղաքականության շարունակումը»,- հայտարարեց նախարար Այվազյանը:
 
ԱԳ նախարարը նաև վստահեցրեց՝ ՀՀ-ն ամենաբարձր մակարդակով հետապնդում է ռազմագերիների վերադարձման խնդիրները, ինչի մասին ՀՀ վարչապետը հայտարարել էր հունվարի 11-ի եռակողմ հանդիպման ընթացքում:
 
«Հայաստանը, մաս կազմելով հունվարի 11-ի եռակողմ հայտարարությանը, հստակ մատնանշեց, որ պատրաստ է քայլեր ձեռնարկել մեր տարածաշրջանի տնտեսական և ենթակառուցվածքային պոտենցիալի փոխշահավետ օգտագործման ուղղությամբ: Սակայն հաջողության հասնելու համար մեզ անհրաժեշտ է փոխադարձ վստահություն»,- ասաց նախարարը:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play