«Մեկ օր հրաշքի մեջ» խորագրով ամանորյա թատերական միջոցառումներ՝ Երևանի և մարզերի ավելի քան 1000 երեխայի համար

14-01-2021 18:00:35   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



 
«Հայաստան» համահայկական հիմնադրամն Արցախից տեղահանված և զինծառայողների երեխաների համար կազմակերպել է «Մեկ օր հրաշքի մեջ» խորագրով ամանորյա թատերական միջոցառումների շարք: Ամանորյա հրաշքը նաև մարզերում և Հայաստանի տարբեր քաղաքներում ու գյուղերում բնակվող երեխաներին հասցնելու նպատակով հիմնադրամը նախաձեռնել է տիկնիկային թատերախմբի այցեր դեպի ՀՀ մարզեր ու համայնքներ:
 
Ծրագրի շրջանակում հունվարի 13-ին Երևանի Հովհաննես Թումանյանի պետական տիկնիկային թատրոնի մանկապատանեկան թատերախումբը հյուրընկալվեց նաև Գյումրիում: Ամանորյա ուրախ միջոցառմանը ներկա էր շուրջ 100 երեխա Գյումրիից և հարակից մի քանի համայնքներից:
 
Մասնակիցներին սպասում էին նաև անակնկալներ, մուլտհերոսներ, հեքիաթային կերպարներ և հյուրասիրություն: Իսկ ամենամեծ անակնկալը Ձմեռ պապի
և Ձյունանուշի այցն էր. երեխաներն անձամբ ստացան իրենց նվերները, որոնց մասին գրել և խնդրել էին Ձմեռ պապին ուղղված նամակներում:
 
«Ե՛վ մեր, և՛ երեխաների համար մեծ բավականություն էր, կարողացանք ինչ-որ կերպ կտրվել մեր առօրյայից: Երեխաների համար մեծ անակնկալ էին ներկայացումն ու Ձմեռ պապից նվերներ ստանալը: Մեր բալիկների սիրելի Ամանորն իսկապես տոն դարձավ»,- ասաց Գյումրիի բնակիչ Արմինե Ղալաչյանը:
 
Տիկնիկային թատրոնի դերասան Կարեն Մարտիրոսյանն էլ հավելեց. «Այս երեխաներն են մեր վաղվա օրն ու ապագան: Յուրաքանչյուրս իր հնարավորությունների սահմանում պետք է օգնի նրանց ունենալ թեկուզ մեկ օր հրաշքի մեջ և անհոգ ու ուրախ մանկություն»:
 
Թատերախմբի հաջորդ խոշոր կանգառը Դիլիջանն էր, որտեղ կայանալիք միջոցառմանը մասնակցեցին Դիլիջանի, Իջևանի, Տավուշի մարզի այլ համայնքներում բնակվող 100-ից ավելի երեխա:
 
«Այն ժպիտներն ու բարձր տրամադրությունը, որով հեռանում են փոքրիկները, բոլորիս մեջ հույս է արթնացնում, որ այս պայծառ բալիկները լցվելու են կյանքով ու եռանդով, շարունակելու են երազել ու հասնել դրանց: Մենք էլ փորձելու ենք հնարավորինս շատ երեխաների պարգևել ամանորյա հրաշքը,
որպեսզի նրանք չունենան ուշադրության ու ջերմության պակաս հատկապես այս օրերին»,- նշեց տիկնիկային թատրոնի ռեժիսոր Սամսոն Մովսիսյանը:
 
«Մեկ օր հրաշքի մեջ» ծրագրի շրջանակում արդեն իրականացվել է 10-ից ավելի ներկայացում Երևանում, Գեղարքունիքի, Շիրակի, Տավուշի, Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում: Ծրագրին մասնակցել է ավելի քան 1000 երեխա, որոնց մեծ մասը զինծառայողների և Արցախից տեղահանված ընտանիքների երեխաներն են:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 289 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար