2021 թվականը պետք է դառնա մեր տնտեսական ամբիցիաների վերականգնման տարի. վարչապետ

15-01-2021 16:06:27   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



 
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ այսօր կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվել է 2022 թ. մակրոտնտեսական շրջանակը:
 
Բացման խոսքում վարչապետ Փաշինյանը նշել է. «2020 թվականը, այդ թվում տնտեսական իմաստով, չափազանց պրոբլեմատիկ տարի էր ոչ միայն պատերազմի բերումով, այլև նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի պատճառով: Պետք է հստակ արձանագրենք, որ 2021 թվականը լինելու է մեր տնտեսական ամբիցիաների վերականգնման տարի: Պետք է ձևակերպենք այն անելիքները, որոնք հնարավորություն կտան հաղթահարել դժվարությունները և իսկապես վերականգնել այն տնտեսական ամբիցիաները,
որ ունեցել ենք 2020 թվականի հայտնի իրադարձությունների հետևանքով:
 
Մենք ունենք բազմաթիվ տնտեսական մարտահրավերներ, բայց ունենք նաև բազմաթիվ հնարավորություններ: Իհարկե, նախևառաջ պետք է կենտրոնանանք հումանիտար խնդիրների լուծման վրա, և մյուս կողմից, արձանագրենք, որ հունվարի 11-ին Մոսկվայում ստորագրված եռակողմ հայտարարությունը և դրա հնարավոր իրագործումը կարող է բոլորովին նոր տնտեսական հնարավորություններ ստեղծել Հայաստանի Հանրապետության համար: Մենք տրամադրված ենք այդ հնարավորությունները լիարժեք օգտագործել՝ կրկնում եմ, մեր տնտեսական ամբիցիաները ոչ միայն վերականգնելու, այլև ավելի բարձր նշաձողեր հաստատելու համար»:
 
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրել է 2022թ. մակրոտնտեսական շրջանակի և տնտեսական զարգացումների վերաբերյալ ընդհանուր կանխատեսումները: Նա նշել է, որ կորոնավիրուսի համավարակի և Արցախում պատերազմական գործողությունների հետևանքներով պայմանավորված՝ նպատակահարմար է ավելի վաղ սկսել բյուջետային գործընթացի շուրջ քննարկումները:
 
Խորհրդակցությանը քննարկվել են, մասնավորապես, 2022թ. պետբյուջեի նախագծի, 2022-2024թթ. միջնաժամկետ
ծախսային ծրագրերի մշակմանը, տնտեսական քաղաքականությանը, տնտեսական աճի կանխատեսումներին, հարկաբյուջետային շրջանակին, ընթացիկ ու կապիտալ ծախսերին վերաբերող մի շարք հարցեր:
 
Վարչապետը նշել է, որ 2021թ. իրականացվող ծրագրերի որակն ազդեցություն է ունենալու 2022թ. մակրոտնտեսական շրջանակի վրա, և պետք է հետևողական լինել ծրագրերի բարձր կատարողական ապահովելու հարցում:
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 316 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար