«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը նոր վերակենդանացման բաժանմունք ունի


«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը նոր վերակենդանացման բաժանմունք ունի

  • 15-01-2021 17:09:43   | Հայաստան  |  Հասարակություն

 
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մասնակցել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նոր վերակենդանացման բաժանմունքի բացման արարողությանը: 
 
Բաժանմունքում ծավալվել է վերակենդանացման 40 մահճակալ և նախկինների հետ հանրագումարով ընդհանուր թիվը կազմում է 120: Փաստացի, սա ամենամեծ վերակենդանացման ծառայությունն է Հայաստանում:
 
Արսեն Թորոսյանն այցի ընթացքում շրջել է նոր մասնաշենքում, ծանոթացել հագեցվածությանն ու կարողություններին: 
 
Բացման արարողության ընթացքում նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է բժշկական անձնակազմին և շնորհակալություն հայտնել նրանց հատկապես վերջին մեկ տարվա ընթացքում կատարած ծանր և պատասխանատու աշխատանքի համար:
 
«Ուզում եմ վստահ լինեք, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը մշտապես առողջապահության նախարարության ուշադրության կենտրոնում է: Վստահ եմ, որ այն դրական համբավը, որ ձեռք եք բերել այս ժամանակաշրջանում, նույն կերպ կշարունակվի կորոնավիրուսային հիվանդությունը հաղթահարելուց հետո»,- ասել է նախարարը:
 
Շարունակելով միտքը՝ Արսեն Թորոսյանն ընդգծել է, որ բժշկական կենտրոնը պետական բազմապրոֆիլ եզակի կառույցներից է, որն ունի այնպիսի ծառայություններ, ինչպիսիք են երրորդ մակարդակի ծննդօգնությունը, պոլիկլինիկական ծառայությունը, հեմոդիալիզի բաժանմունքը և այլն:
 
Եվ, չնայած կորոնավիրուսային հիվանդության մարտահրավերին, կենտրոնը շարունակում է պետության ջանքերով վերանորոգվել և վերազինվել: Այս ընթացքում ներդրվել են նաև նոր ծառայություններ, օրինակ` արյան բանկի ծառայությունը, նախորդ տարի հագեցվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի լաբորատորիան անհրաժեշտ սարքավորումներով` պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) հետազոտություններ իրականացնելու համար:
 
Նախարարը եզրափակելով հանդիպումը, հաջողություն է մաղթել բժշկական կենտրոնի անձնակազմին:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն