Վահան Քերոբյան․ Հայաստանի ապագան երկար արժեքային շղթաների ու բարդ ապրանքների մեջ է և ոսկերչությունն ու ադամանդագործությունը դրա ամենալավ օրինակներից են

Վահան Քերոբյանը հերթական հանդիպումն է ունեցել ադամանդագործության և ոսկեգործության ոլորտի ներկայացուցիչների հետ

18-01-2021 13:37:50   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



 
 
ՀՀ է
կոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հունվարի 16-ին հերթական հանդիպումն է ունեցել Հայաստանի ադամանդագործության և
ոսկերչական ընկերությունների ներկայացուցիչների հետ Աբովյան քաղաքի ADM Diamonds ադամանդագործական ընկերությունում՝ շարունակելու այդ ոլորտներում կուտակված խնդիրների համատեղ քննարկումը։ Ոլորտի ներկայացուցիչների հետ նախարարի առաջին հանդիպումը կայացել է 2020 թվականի դեկտեմբերի 22-ին՝ էկոնոմիկայի նախարարությունում, որի ժամանակ նախարար Քերոբյանը նշել է, որ երկու ոլորտների խնդիրների քննարկումները կլինեն շարունակական և կանցկացվեն նաև ընկերություններում։ 
 
Խնդիրների քննարկումից առաջ  ADM Diamonds ընկերության հիմնադիր-տնօրեն Արտակ Բաղիկյանը նախարարին և հանդիպման մյուս մասնակիցներին ծանոթացրել է ընկերության արտադրական գործընթացին և շենքի պայմաններին, որի մի հատվածը լավագույնս հարմարեցված է հաշմանդամություն ունեցող աշխատակիցների համար։ 
 
Օրակարգում ընդգրկված էին ադամանդագործության, ոսկերչության ոլորտներում, ինչպես նաև գունավոր քարերի արտադրության մեջ նախապես գույքագրված խնդիրները և դրանց վերաբերյալ առաջարկվող լուծումները։
Ներկայացնելով ադամանդագործության ոլորտի խնդիրները՝ ADM Diamonds ընկերության հիմնադիր-տնօրեն Արտակ Բաղիկյանը շեշտել է ոլորտի զարգացման կարևորությունը Հայաստանի համար։ 
 
Alrosa ընկերության հետ համագործակցությունն արդյունավետ դարձնելու համար առաջարկվել է ստեղծել կառավարության և արտադրող ընկերությունների բաժնեմասերով կազմակերպություն, որը հանդես կգա որպես խոշոր գնորդ և ի վիճակի կլինի Alrosa ընկերությունից միանգամից ձեռք բերել հայկական ընկերություններին անհրաժեշտ հումքի ամբողջ խմբաքանակը։ Բարձրաձայնվել են նաև Ռուսաստանի Գոխրանի հետ ավելացված արժեքի հարկի մասով խնդիրները, ներմուծման և արտահանման ընթացակարգերի կանոնակարգման անհրաժեշտությունը և այլ հարցեր։ Առաջարկվել է ստեղծել ադամանդագործության և ոսկերչության կոոպերացիա։
 
Ոսկերչության մասով որպես կարևոր առաջարկ նշվել է ոլորտը ավելացված արժեքի հարկից ազատելը կամ ցածր տոկոսադրույք սահմանելը, ինչը, քննարկման մասնակիցների կարծիքով, կարող է նպաստել, որպեսզի տնտեսվարող սուբյեկտները դուրս գան ստվերից առանց հավելյալ հարկային բեռի։ Կարևորվել է նաև ԵԱՏՄ երկրների կողմից Հայաստանում կատարված հարգադրոշման ընդունումը։ Առաջարկություն է եղել ադամանդագործության ոլորտի օրինակով հիմնել պետական մասնակցությամբ կազմակերպություն, որը շահավետ պայմաններով կիրականացնի ոսկու մեծաքանակ ձեռքբերում։ Առանձնակի կարևորվել է հասանելի դրամական միջոցների առկայությունը։ Գունավոր թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի հումքի նկատմամբ մաքսատուրքի կիրառումը ոլորտի ներկայացուցիչները համարել են լուրջ խոչընդոտ արտադրության զարգացման համար։ 
 
Ամփոփելով հանդիպումը, էկոնոմիկայի նախարարը շնորհակալություն է հայտնել բոլորին շահագրգիռ և առարկայական քննարկման համար, նշել, որ տեսնում է մեծ ներուժ և զարգացման հեռանկար ադամանդագործության և ոսկերչության ոլորտների համար, նաև հավաստիացրել, որ նախարարությունը պատրաստ է լսել, քննարկել և համատեղ ուժերով լուծել ոլորտի խնդիրները։ «Հայաստանի ապագան երկար արժեքային շղթաների ու բարդ ապրանքների մեջ է և ոսկերչությունն ու ադամանդագործությունը դրա ամենալավ օրինակներից են», - ասել է Վահան Քերոբյանը։
 
Հանդիպման մասնակիցները միակարծիք էին, որ Հայաստանում ադամանդագործության և ոսկերչական ոլորտները զարգացնելու համար անհրաժեշտ է միավորել պետության և ոլորտի ընկերությունների ջանքերը։   
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 231 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար