Արցախում հերթերից խուսափելու համար սոցիալական վճարները կտրամադրվեն փոստատարների միջոցով


Արցախում հերթերից խուսափելու համար սոցիալական վճարները կտրամադրվեն փոստատարների միջոցով

  • 18-01-2021 14:25:13   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Արցախյան վերջին պատերազմից առաջացած սոցիալական դժվարությունները հաղթահարելու համար դրամական աջակցություն տրամադրելու գործընթացը դյուրացնելու և հերթերի ծանրաբեռնվածությունը թեթևացնելու համար՝ կիրառվելու են այլընտրանքային միջոցներ: Ինչպես հայտնում են  Արցախի կառավարությունից, այս մասին նշել է  ԱՀ պետական նախարար, ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը՝ հունվարի 18-ին հրավիրված  խորհրդակցության ժամանակ, որի օրակարգում  դրամական աջակցության տրամադրման գործընթացում առկա խնդիրներն էին:
 
Պետական նախարարը նշել է, որ գործընթացը դյուրացնելու համար, մասնավորապես, կմեծանա «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության ներգրավվածությունը: Ծրագրային անհրաժեշտ բազան ապահովելուց և կազմակերպչական աշխատանքներն իրականացնելուց հետո սոցիալական աջակցության ծրագրերի, այդ թվում, առաջիկա ամիսներին նախատեսվող 68-հազարական դրամների վճարումները, կիրականացվի կապի օպերատորի սպասարկման սրահներում: Քննարկվում է նաև գումարը քարտային հաշվին փոխանցելու հնարավորությունը:
 
«Արցախփոստ» ընկերությունը նույնպես շարունակելու է աջակցության գումարների տրամադրման գործընթացը: Հերթերից խուսափելու համար առաջիկայում իրականացնելու է նաև կենսաթոշակի, նպաստի վճարումը փոստատարների կողմից հասցեական առաքման միջոցով:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն