Տիգրան Ավինյանն ընդունել է «Ռենկո» ընկերության գլխավոր գործադիր տնօրենին


Տիգրան Ավինյանն ընդունել է «Ռենկո» ընկերության գլխավոր գործադիր տնօրենին

  • 18-01-2021 17:45:42   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հունվարի 18-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ընդունել է իտալական «Ռենկո» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջովաննի Ռուբինիին:
 
Կողմերը քննարկել են 2019թ. նոյեմբերի 13-ին ստորագրված համաձայնագրի կատարման ընթացքը, որով նախատեսվում էր Երևան քաղաքում կառուցել 250 մեգավատտ հզորությամբ գազային վառելիքով կոմբինացված ցիկլով էլեկտրակայան: 
 
Ջովաննի Ռուբինին ներկայացրել է իրականացվող աշխատանքների ընթացքը՝ նշելով, որ, թեև «Covid-19» համավարակով պայմանավորված սահմանված ժամանակացույցում որոշակի ուշացումներ կան, ներկայիս տեմպերը խիստ հուսադրող են և 2021թ. աշնանն արդեն հնարավոր կլինի ամբողջ ծավալով գործարկել էլեկտրակայանը: «Ռենկո» ընկերության գլխավոր գործադիր տնօրենը երախտագիտություն է հայտնել կառավարության ցուցաբերած աջակցության համար:
 
Տիգրան Ավինյանն էլեկտրակայանի կառուցումը որակել է որպես հաջողված ծրագիր, իսկ համավարակի պատճառով առաջացած խնդիրները՝ առկա հնարավորությունների սահմաններում լիովին լուծելի: Փոխվարչապետը հայտնել է ՀՀ կառավարության պատրաստակամությունը շարունակելու համագործակցությունը՝ միաժամանակ իր գոհունակությունն արտահայտելով ընթացիկ աշխատանքների մասով:
 
Կողմերը պայմանավորվել են շարունակել ապագա ծրագրերի շուրջ քննարկումները, այդ թվում՝ նոր ներդրումների հնարավորությունների ու հեռանկարների, ինչպես նաև իտալացի գործարարների մեծ խմբի՝ Հայաստան այցի մասով:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն