Ուշագրավ մանրամասներ ենք իմանում Ս.Լավրովի մամուլի ասուլիսից

19-01-2021 12:55:20   | Հայաստան  |  Քաղաքական



Ուշագրավ մանրամասներ ենք իմանու
մ հետպատերազմյան գործընթացաների մասին ՌԴ ԱԳ նախարար Ս.Լավրովի հունվարի 18-ի մամուլի ասուլիսից։ 
 
Սրանք կարեւորագույն հարցեր են, որոնց մասին այնքան իրարամերժ, հաճախ բոլոր կողմերից՝ եւ իշխանական, եւ ոչ իշխանական, շահարկվող, ամբողջովին կամ մասամբ կեղծ տեղեկատվություն է շրջաառվել ու շրջանառվում հայկական հարթակներում։ Եվ գլխավորապես այն պատճառով, որ այդ տեղեկատվությանը տիրապետող իշխանավորները (ենթադրում եմ կամ ծայրահեղ նեղ շրջանակը կամ միայն գործող վարչապետը) պարզաբանումներ չեն տվել խորապես խոցված ու անորոշության մեջ հայտնված հայ հանրությանը։ Թե ինչու եղավ պատերազմը հարցին, որի պատասխանն առանց վարչապետի հոդվածի էլ գիտեինք, թե ովքեր են մեղավոր մեր ռազմական պարտության համար, մեծ հաշվով դա էլ գիտենք, բայց թե ինչ է կատարվում հենց հիմա, մեր աչքի առաջ որեւէ բացատրություն չկա եւ չի եղել։ 
 
Ինչեւէ, պարզվում է, որ
 
- Բոլոր այն անձինք, որոնք ներկայացվել են ադրբեջանական ցուցակներում, ոչ միանգամից, բայց արդեն վերադարձվել են ամբողջությամբ Ադրբեջանին, եւ այլեւս Ադրբեջանն իր ռազմագերիների հարցը փակված  է համարում։ Իսկ հայկական կողմը ցուցակները ներկայացրել է ոչ միանգամից, հետագայում նաեւ լրացված տարբերակով։ Դժվա՞ր էր այսքանն ասել, եւ բացատրել, որ այո, մեր ռազմագերիների, անհետ կորածների ցուցակները անընդհատ կարող էին լրամշակվել, քանի որ ադրբեջանցիների կողմից գերեվարումները շարունակվել են նաեւ նոյեմբերի 9-ից հետո։ Իսկ ռազմական թեժ գործողությունների ընթացքում, այո, ռազմագերիների, զոհվածների ու վիրավորվածների ցուցակները կարող էին եւ անընդհատ փոխվել հենց հայկական կողմում, քանի որ այդ մենք ենք եղել տարածքներ կորցնողները, իսկ ադրբեջանցիները՝ տարածքներ գրավողները։ 
 
- Գլխավոր հարցը կապված է այն մեծ թվով զինվորականների գերեվարման հետ, որոնք Հադրութի շրջան են ուղարկվել նոյեմբերի վերջին։ Ադրբեջանական կողմն այդ ժամանակ հայտարարեց, որ քանի որ այդ մարդիկ այդ շրջան են ուղարկվել հրադադարի հայտարարությունից հետո, ապա նրանց պետք է դիտարկել առանձին, որպես նոյեմբերի 9-ի որոշման տակ չընկնող դեպք։ Պարզվեց, որ հիմա այդ մարդկանց քանակն ավելին է, եւ հիմա ռուս խաղաղապահների մասնակցությամբ պարզում են, թե որտեղ կարող են լինել այդ մարդիկ։ Իբրեւ թե այդ մարդկանց պետք է փնտրել Նյու-Յորքի բանտերում։ Ադրբեջանում են։ Եթե չկան, ուրեմն խոշտանգվել ու սպանվել են։ Ու էստեղ արդեն հարցերը պետք է ադրբեջանական կողմին ուղղել։ իսկ մերոնք պետք է բացատրեն, որ եթե համարվել է, որ ոչ ամբողջությամբ գրավված շրջանները նույնպես, ինչպես Հադրութն էր, պետք է ամբողջովին անցնեն ադրբեջանական կողմին, ովքեր են մեր զինվորականներին ուղարկել Հարդութ նոյմեբերի 9-ից հետո։ Իսկ եթե նման պայմանավորվածություն չի եղել, ուրեմն դարձյալ հարցերը պետք է ուղղել Ադրբեջանին։ Բայց գործուն ակտիվությամբ, որպես նոյեմբերյան հայտարարության կոպիտ խախտում։      
 
- Խաղաղապահների մանդատի հարցի լուծումը դեռ ընթացքի մեջ է, եւ այն պետք է լինի երեք կողմերի պայմանավորվածությունների արդյունք։ Երեք կողմերի։ Ինչը Ադրբեջանի համար անընդունելի հանգամանք է։ 
 
- ԼՂ կարգավիճակի հարցը գիտակցաբար չի հիշատակվել նոյեմբերյան հայտարարության մեջ հայկական եւ ադրբեջանական կողմերի դիրքորոշումների բեւեռային լինելու պատճառով։ Այն թողնվել է հետագային, ընդ որում նաեւ ՄԽ համանախագահների մասնակցությամբ լուծելուն։ Հետեւաբար՝ հակամարտությունը լուծված չէ, ինչպես պնդում է Ալիեւը, ԵԱՀԿ ՄԽ-ն դեռ անելիքներ ունի, ինչին դեմ է Ալիեւը։ 
 
- Տարածքները, որտեղ տեղակայված են ռուսաստանյան խաղաղապահները, հենց նրանց պատասխանատվության գոտին է։ Այլեւս՝ ոչ Հայաստանի։  Երեւանի եւ Բաքվի հետ կոնտակնտերում ռուսական կողմը ելնում է հենց այս դիրքրոշումից։ 
- Ռուսական կողմն ուզում է, որ նաեւ միջազգային կազմակերպությունները մասնակցեն Ղարաբաղ վերադարձած փախստականներին հումանիտար օգնություն ցուցաբերելու հարցում։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն, ՄԱԿ-ի Փախստականների, Հումանիտար հարցերով գրասենյակները հիմա Երեւանի եւ Բաքվի հետ համաձայնեցնում են իրենց առաքելությունների ձեւաչափերը։ Եվ այդ գործընթացը եւս խնդրահարույց է։ Շատ երկար պետք չէ մտածել, թե որ կողմն է այդ խնդիրներն առաջացնում,
քանի որ այն կապում է կարգավիճակի խնդրի հետ։ Ադրբեջանը անընդհատ պնդում է, որ այսուհետ ԼՂ-ում աշխատող ցանկացած արտասահմանյան պատվիրակություն պետք է իր գործողությունները համաձայնեցնի իր հետ։ 
- Կարգավիճակի հարցը կա, այն թողնվել է հետոյին, բարձրացվելու է «Ղարաբաղում  էթնիկ եւ կրոնական բոլոր համայնքների առօրյա կյանքը, նրանց խաղաղ համակեցությունը կարգավորելուց հետո»։ Սրանք Լավրովի ձեւակերպումներն են։ Առանձին խոսակցություն է, կարեւոր։ Դեռ շատ բան կարող է փոխվել։
 
- Ռուսաստանը ԼՂ անկախությունը որեւէ կերպ ճանաչելու միտք  չունի։ Այսինքն՝ Ռուսաստանին բավարարում է այն հանգամանքը, որ «մարդիկ, որոնք միշտ ապրել են ԼՂ-ում շարունակեն ապրել այդտեղ»։ Սա նույնպես Լավրովի ձեւակերպումն է, եւ այս մոտեցումը, ինչպես որ խաղաղապահների մանդատի հարցը ռուս-ադրբեջանական խորքային, խնամքով քողարկվող հակասության վկայությունն է։ 
 
Այնպես որ ամեն ինչ այդքան միանշանակ չէ, որքան թվում է։
 
«Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Քաղաքական
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 717 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար