Մեկնարկել են «Աբու Դաբի կայունության շաբաթ 2021» ֆորումի առցանց միջոցառումները

19-01-2021 14:32:16   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



 
Հունվարի 18-ին մեկնարկել են կայուն զարգացման տեմպերի արագացմանը միտված  «Աբու Դաբի կայունության շաբաթ»  միջազգային ֆորումի միջոցառումները, որոնք տեսակապի միջոցով վարում է Աբու Դաբիի «Մասդար» էներգետիկ ընկերությունը։ 
 
Մինչև հունվարի 21-ը շարունակվող ֆորումի առցանց միջոցառումներին կմասնակցեն աշխարհի տարբեր երկրների
ղեկավարներ, քաղաքական գործիչներ, փորձագետներ և տեխնոլոգիայի ոլորտի առաջատարներ՝ քննարկելու  սոցիալ-տնտեսական հնարավորությունները բացահայտելու և նորարարություններին աջակցելու ուղիները` հանուն հետհամաճարակային աշխարհի կանաչ վերականգնման:
 
«Աբու Դաբի կայունության շաբաթ» ֆորումի 2021թ․-ի նստաշրջանի օրակարգում ընդգրկված են բարձր մակարդակի մի շարք միջոցառումներ, այդ թվում՝  «Աբու Դաբիի կայունության շաբաթվա գագաթնաժողովը», «Վերականգնվող էներգիայի միջազգային գործակալության (IRENA) գլխավոր ասամբլեայի հանդիպումները», «Կայուն ֆինանսավորման Աբու Դաբի ֆորումը», «Ատլանտյան խորհրդի գլոբալ էներգետիկ ֆորումը», ինչպես նաև «Երիտասարդները հանուն կայունության պլատֆորմի» և «Ապագայի էներգիայի համաշխարհային գագաթնաժողովի» առցանց ֆորումները։ 
 
Հունվարի 18-ին մեկնարկել են «Վերականգնվող էներգիայի միջազգային գործակալության (IRENA) գլխավոր ասամբլեայի» հանդիպումները, որոնց մասնակցել են աշխարհի տարբեր երկրների ղեկավարներ, նախարարներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպես նաև՝ մի շարք արդյունաբերական ոլորտի փորձագետներ՝ քննարկելու էներգետիկ ոլորտում վերափոխման գործընթացը։
 
Այսօր՝ հունվարի 19-ին, կմեկնարկի Աբու Դաբիի «Ապագայի էներգիայի շաբաթ» գագաթնաժողովը՝ դառնալով ֆորումի ամենաակնառու իրադարձություններից մեկը, որին կմասնակցեն աշխարհի տարբեր երկրներից ավելի քան 70 բարձրաստիճան բանախոս։ Միջոցառումները կհեռարձակվեն առցանց ՝ ընդգրկելով տարբեր ժամային գոտիներ և ապահովելով ավելի լայն լսարանի համար հասանելիությունն աշխարհի տարբեր տարածաշրջաններում:  Գագաթնաժողովի շրջանակներում կանցկացվի 3 նիստ՝ յուրաքանչյուրը 2 ժամ տևողությամբ, որոնց ընթացքում կքննարկվեն հետևյալ 3 գլխավոր թեմաները՝ կյանքի անիվի վերագործարկում, պատասխանատվության և փոխգործակցության խթանում, ինչպես նաև ներդրումային և բիզնես կառավարում։ 
 
Հունվարի 20-ին «Կայուն վերականգնման ֆինանսավորում և ապագա մարտահրավերներին դիմակայելու ունակություն» խորագրի ներքո կգումարվի «Կայուն ֆինանսավորման Աբու Դաբի ֆորումի» երկրորդ նստաշրջանը, որը լույս կսփռի համաշխարհային տնտեսության վերականգնման համար կայուն և արդարացի մոտեցում  որդեգրելու կարևորության վրա:
«Աբու Դաբիի կայունության շաբաթվա» աշխատանքները կամփոփվեն հունվարի 21-ին «Երիտասարդները հանուն կայունության» պլատֆորմի, «Ատլանտյան խորհրդի գլոբալ էներգետիկ ֆորումի» և «Ապագայի էներգիայի համաշխարհային գագաթնաժողովի» առցանց ֆորումների նստաշրջաններով:
 
«Աբու Դաբիի կայունության շաբաթն» իր տարբեր նախաձեռնությունների և միջոցառումների միջոցով նպաստում է գիտելիքի փոխանակմանը, նոր ռազմավարությունների մշակմանը, ինչպես նաև կայունության հաստատմանը և կլիմայի փոփոխության մարտահրավերներին դիմակայելու իրատեսական լուծումներ գտնելու գործընթացին։ 
«Կայունության շաբաթը» կնպաստի պետական և բիզնես հատվածների, ինչպես նաև հասարակության շահագրգիռ կողմերի միջև համագործակցության ընդլայնմանը, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԱՄԷ-ն 2021թ․-ին տոնում է իր հիմնադրման  50-ամյակը։ 
 
Ավելի քան մեկ տասնամյակ Աբու Դաբին հյուրընկալում է «Աբու Դաբի կայունության շաբաթը», որը հանդիսանում
է գլոբալ կայունության ոլորտի կարևոր հարթակ։ Այս ժամանակահատվածում իր բարձր մակարդակի նախաձեռնությունների և միջոցառումների շնորհիվ ֆորումն ապրել է մեծ զարգացում՝ խթանելով ամբողջ աշխարհում կայուն զարգացման գործընթացն արագացնելու երկխոսության ամրապնդմանը։ 
 
«Աբու Դաբիի կայունության շաբաթվա» 2020 թ.-ի նստաշրջանը ներգրավել է ավելի քան 45 հազար մասնակից 170 երկրներից՝ ունենալով ավելի քան 500 բարձր մակարդակի բանախոս ամբողջ աշխարհից։ 
Մասնակիցների անվտանգությունն ապահովելու համար «Աբու Դաբի կայունության շաբաթ 2021» ֆորումի բոլոր միջոցառումներն ու համաժողովներն անցկացվում են առցանց։ Ակնկալվում է, որ 2022թ․-ին ֆորումը կկազմակերպվի իր բնականոն տեսքով։ 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 249 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար