Մեկնարկել են տնօրենի հավաստագրման քննությունները

19-01-2021 16:14:18   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



 
 
Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում հունվարի 15-ից մեկնարկել են հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) ձեռքբերման քննությունները: Դրանք տեղի կունենան մինչև մարտի 16-ը ներառյալ՝ համաձայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատված ժամանակացույցի:
 
Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման քննություններին մասնակցելու համար դիմել է
505 հավակնորդ, որոնցից հավաստագիր ստանալու վերապատրաստումներին մասնակցել է 475-ը: Երկրում առկա համավարակով պայմանավորված՝ ամեն օր քննություններին մասնակցում է առավելագույնը 15-16 հավակնորդ: Հանձնաժողովում ընդգրկված է 7 անդամ. 3-ը՝ ԿԳՄՍ նախարարության, 2-ը՝ գիտական կազմակերպության և 2-ը՝ քաղաքապետարանի կամ մարզպետարանի ներկայացուցիչներ: Հանձնաժողովը կազմվում է քննությունից առնվազն 24 ժամ առաջ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով:
 
Քննությունները կազմակերպվում են երկու փուլով` գրավոր (թեստային) և բանավոր (հարցազրույց): Մեզ հետ զրույցում հավակնորդ, Հրազդանի Պ. Սևակի անվան N 8 հիմնական դպրոցի տնօրեն Գևորգ Գրիգորյանը նշեց, որ քննություններն անցնում են հանգիստ մթնոլորտում:
 
«Որպես գործող տնօրեն՝ հավաստագրման քննություններին մասնակցում եմ արդեն երրորդ անգամ: Այս տարի թեստավորումն ամբողջությամբ էլեկտրոնային է, ինչը շատ հարմար է, քանի որ անմիջապես իմանում ես քննության արդյունքը: Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառությունը մեր դարաշրջանում իրապես ժամանակի հրամայական է:
Հարցաշարը, որը ներառում է կրթության բնագավառի օրենսդրություն, ինչպես նաև կառավարչական, մանկավարժական, հոգեբանական, ուսումնամեթոդական գիտելիքների տիրապետում, միջին բարդության է, և այն հանձնելու համար բավականին մեծ աշխատանք էր պահանջվում»,- շեշտում է Գևորգ Գրիգորյանը՝ հավելելով, որ հավաստագրման քննությունները, անկասկած, ավելացնում են հավակնորդի գիտելիքները, սակայն գործող տնօրենի պարագայում անհրաժեշտ է հաշվի առնել նաև նրա աշխատանքային փորձը:
 
«Որպես գործող տնօրեն՝ կցանկանայի, որ հաշվի առնվեին և գնահատվեին նաև մեր աշխատանքային գործունեությունը և դրա արդյունավետությունը: Նրանց պարագայում, որոնք առաջին անգամ են մասնակցում հավաստագրման քննություններին և հավակնում տնօրենի թափուր պաշտոնին, այս գործընթացը գիտելիքի և հմտությունների ստուգման համար բավարար է»,- վստահեցնում է գործող տնօրենը:
 
Գևորգ Գրիգորյանի կարծիքը կիսում է նաև Վայոց ձորի Հերմոնի միջնակարգ դպրոցի տնօրեն Նաիրա Մնացականյանը, որը ևս մասնակցում է հավաստագրման քննություններին: Նրա համոզմամբ՝ գործող տնօրենների աշխատանքային գործունեությունը պետք է որևէ կերպ արտացոլվի հավաստագրման քննությունների ընթացքում:
 
Առաջին փուլում 90 և ավելի տոկոս ճիշտ պատասխաններ ապահոված հավակնորդները հարցազրույցի փուլին մասնակցելու իրավունք են ստանում: Հանձնաժողովը յուրաքանչյուր հավակնորդի ներկայությամբ համակարգչում նախօրոք զետեղված հարցերից պատահական ընտրությամբ ձևավորում է 5 հարցից բաղկացած հարցատոմս: Մեզ հետ զրույցում հարցազրույցի փուլը հաղթահարած Երևանի թիվ 198 դպրոցի ուսմասվար Սարգիս Խաչատրյանը նշեց, որ այն անցել է դրական մթնոլորտում:
 
«Հանձնաժողովի բոլոր անդամները բարեհամբույր էին և պատրաստակամ: Վստահեցնում եմ, որ գիտելիքի առկայության դեպքում անհնար է չհաղթահարել հարցազրույցի փուլը և ստանալ հավաստագիր: Հարցազրույցի հարցաշարը ներառում է հավակնորդի իրավական, կառավարչական և մանկավարժական կարողություններն ու հմտությունները բացահայտող հարցեր, որոնք խիստ անհրաժեշտ են տնօրենի գործունեության ընթացքում: Ես 2012 թվականին ևս մասնակցել եմ հավաստագրման քննություններին և պետք է նշեմ, որ բանավոր հարցերը բավականին բարդացվել են»,- ասաց Սարգիս Խաչատրյանը՝ ընդգծելով, որ խստացվել է նաև գնահատման կարգը: Յուրաքանչյուր հարց գնահատվում է 2 միավոր, 75 և ավելի տոկոս միավոր հավաքած հավակնորդներին հավաստագիր տալու վերաբերյալ որոշում է կայացվում:
 
Վայքի հիմնական դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Հայկ Ավագյանն առաջին անգամ է մասնակցում հավաստագրման քննություններին. «Ես իմ առջև նպատակ եմ դրել, որ եթե առաջ գնալու հնարավորություն կա, ապա պետք է օգտվել դրանից: Առաջին անգամ ինձ չհաջողվեց հաղթահարել բանավոր փուլը, սակայն ես չեմ պատրաստվում հանձնվել, հետևաբար այսօր անելու եմ հնարավորը՝ հավաստագիր ստանալու համար: Օրենսդրական դաշտի և կառավարչական հմտությունների իմացությունը ցանկացած տնօրենի պարտականությունն է»:
 
Նշենք, որ հավաստագիրը տվյալ անձին իրավունք է տալիս հինգ տարի շարունակ ՀՀ տարածքում գործող ցանկացած դպրոցում մասնակցել տնօրենի թափուր տեղի մրցույթին և ընտրվել։
 
Հավելենք նաև, որ մրցույթի հավակնորդների փաստաթղթերն ընդունվել են մինչ 2020 թ. սեպտեմբերի 27-ը, սակայն ՀՀ-ում պատերազմական դրությամբ պայմանավորված՝ հավաստագրման քննությունների գործընթաց չի կազմակերպվել: 
 
 
ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ
ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 313 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար