Պաշտոնատար անձանց պարգևատրումների վերաբերյալ տեղեկություն տրամադրելն անհիմն մերժվել է. Դոյդոյան


Պաշտոնատար անձանց պարգևատրումների վերաբերյալ տեղեկություն տրամադրելն անհիմն մերժվել է. Դոյդոյան

  • 20-01-2021 15:43:48   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

«Փաստինֆո» Իրավապահ համակարգի պաշտոնյաները խուսափում են հրապարակել ղեկավար անձնակազմի տոնական պարգեւատրումների իրական չափը։ Ընդ որում՝ լռություն ցուցաբերվում է այն պարագայում, երբ պաշտոնատար անձինք պարտավոր են հաշվետվություն ներկայացնել՝ տարեկան եկամուտների, եկամուտի աղբյուրի վերաբերյալ։
 
Այսպես, ինչպես արդեն հայտնել ենք, «Փաստինֆո»-ն գրավոր հարցում է ուղարկել ՀՀ ՔԿ, ՀՔԾ, ՀՀ գլխավոր դատախազություն, ՀՀ Սահմանադրական դատարան՝ 2020 թվականի դեկտեմբերին եւ ընդհանրապես անցած տարվա ընթացքում տրված պարգեւավճարների մասին։ Բարձր դատարանն արհամարհել է օրենսդրությունը ու չկատարելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի պահանջները՝ սահմանված ժամկետում չի պատասխանել հարցմանը։
 
Դատախազությունից ու քննչական մարմիններից ստացված պատասխաններից հետեւում է,որ անգամ հետպատերազմյան Հայաստանում շարունակվել են զանգվածային պարգեւատրումները, այդ թվում տոնական։ Դեկտեմբեր ՀՀ ՔԿ աշխատակիցներին հատկացվել է շուրջ 250 հազար ԱՄՆ դոլարի չափով պարգևավճար,իսկ 2020թ.-ին ՀՀ ՔԿ աշխատակիցներին ընդհանուր առմամբ հատկացվել է 2 մլնդ 663.320 ԱՄՆ դոլար պարգևավճար, ՀՔԾ-ում դեկտեմբեր ամսին բաժանվել է շուրջ 36 հազար դոլարի, իսկ ամբողջ տարվա ընթացքում 250 հազար դոլարի պարգեւավճար, դատախազությունում 2020 թ. բաժանվել է, ընդհանուր առմամբ, 1 մլրդ 732 մլն 694 հազար ԱՄՆ դոլարի չափով պարգևավճար։ Նկատենք, որ գրավոր հարցումներում մենք խնդրել էինք տեղեկություն տրամադրել նաև կառույցների ղեկավար կազմի ստացած պարգևատրումների վերաբերյալ և միայն ՔԿ-ն է հայտնել, որ ՔԿ նախագահը, նրա տեղակալները և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները ևս ստացել են պարգևավճարներ, սակայն չեն մանրամասնել, թե որքան՝ ուղղորդելով օգտվել պաշտոնատար անձանց կողմից ներկայացված տարեկան հաշվետվության հայտարարագրից։
 
Դատախազությունը նշված հարցին չի անդրադարձել, իսկ ՀՔԾ-ն մերժել է տեղեկություն տրամադրելը՝ նշելով, որ նշված պաշտոնատար անձանցից որևէ մեկը համաձայնություն չի հայտնել իր պարգևավճարի չափի մասին տվյալներ հրապարակելու վերաբերյալ։
«Տեղեկատվության ազատության կենտրոն» ՀԿ նախագահ Շուշան Դոյդոյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ երեքն մարմիններն էլ տրամադրել են անհիմն մերժումներ՝ հիմնավորելով դա անձնական տվյալների պաշտպանության օրենսդրությամբ, քանի որ նախ պարտավոր էին տեղեկություն տրամադրելու հնարավորության վերաբերյալ հարցնել հենց աշխատակիցներից՝ ղեկավար կազմից, տեղակալներից և միայն նրանց անհամաձայնությունը ստանալուց հետո մերժեին տրամադրել պահանջվող տվյալները՝ պարգևավճարների վերաբերյալ։
 
«Միանգամից մերժելով՝ հակասություն է ստեղծվել և «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի առումով, և «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի առումով։ Նրանք տեղեկության տրամադրումը մերժել են ավտոմատ կերպով՝ առանց փորձելու ստանալ իրենց աշխատակիցների համաձայնությունը, ավելին՝ գուցե նրանք դեմ չէին և կցանկանային հրապարակայնացնել այդ տվյալները»,- նշեց Դոյդոյանը։
 
Ինչ վերաբերում է պաշտոնատար անձանց եկամուտների վերաբերյալ հայտարարագրերին, Դոյդոյանը նշեց, որ դրանք պրոակտիվ հրապարակման ենթակա տեղեկություններ են, որոնք պետք է հրապարակվեն տարեկան առնվազն մեկ անգամ և, եթե տեղեկատվությունը պրոակտիվ հրապարակման ենթակա է, բնականաբար, հարցման հիման վրա այն պետք է տրամադրվի։
 
«Այլ հարց է, որ այդ տվյալները դեռևս չեն ձևավորվել, առկա չեն և մինչ ձևավորումն ենք հարցնում, մարմինը կարող է լրացուցիչ ժամանակ խնդրել, որ ավարտին հասցնի այդ տվյալների ձևավորումը, բայց ինչպես հասկացա՝ տվյալ դեպքում արդեն իսկ այդ տվյալները հրապարակված են եղել և ուղղակի խնդրել եք նրանց տրամադրել դա՝ հարցման հիման վրա, ինչը պարտավոր էր անել պետական մարմինը»,- նշեց նա։
 
Հատկանշական է, որ արդեն կան նախադեպեր, երբ պետական մարմինների կողմից տեղեկատվության տրամադրումը մերժելու խնդրի վերաբերյալ վարույթներ է իրականացվել, որոնց արդյունքում արձանագրվել է, որ պարգևատրված աշխատակիցների ցանկը և յուրաքանչյուրին տրված պարգևատրման չափը կառույցի կողմից հրապարակելը և/կամ հարցման հիման վրա տրամադրելը չի հակասում «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքին:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը