ԱՄՆ-ն վերադառնո՞ւմ է Ղարաբաղի վերաբերյալ զեկույցով

20-01-2021 18:31:18   | Հայաստան  |  Վերլուծություն



Հայաստանի փոխվարչապետ Մհերի Գրիգորյանն օրերս հանդիպել է ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ։ Ինչպես հայտնում է Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունը, ԱՄՆ դեսպանը հայտնել է ամերիկյան կողմի պատրաստակամությունը՝ աջակցելու ռազմավարական բարեփոխումներին, մասնավորապես,
արդարադատության ոլորտում։
 
Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հաղորդագրությունում նշվում է, որ քննարկվել է պատերազմի հետեւանքով տուժածներին ԱՄՆ կառավարության աջակցությունը եւ ջանքերը՝ ուղղված գերիների անվտանգ վերադարձին։
 
Նույն հանդիպման վերաբերյալ հայկական ու ամերիկյան պաշտոնական հաղորդագրություններում տարբեր շեշտադրումները մատնանշում են
երկրների առաջնահերթությունները՝ Հայաստանի կառավարությունն ԱՄՆ-ից ակնկալում է օգնություն բարեփոխումների, հատկապես արդարադատության ոլորտում, իսկ համագործակցության մյուս ոլորտները, մասնավորապես, անվտանգությունն ու էներգետիկան, կառավարությունը ձգտում է շրջանցել։ Իսկ ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնում օգնել հակամարտության հետեւանքով տուժածներին՝ կարծես հիշեցնելով, որ ԱՄՆ-ն նույնպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է։
 
Հայաստանի կառավարությունն ընդունե՞լ է ԱՄՆ-ի օգնության առաջարկը։ Այս մասին հրապարակված հաղորդագրությունում տեղեկություն չկա, չնայած ներկայիս իրավիճակում դա քիչ հավանական է. Ռուսաստանն ու Թուրքիան մենաշնորհել են «Մինսկի» գործընթացը։ Չնայած 2020 թվականի աշնանային պատերազմը ցույց է տվել, թե ինչի կարող է հանգեցնել անվտանգության ոլորտում միակողմանիությունը եւ դիվերսիֆիկացիայից հրաժարվելը, այնուամենայնիվ, Երեւանը չի կարողանում կամ չի ցանկանում դուրս գալ ռուս-թուրքական աքցանից։
 
Հայաստանը ԱՄՆ-ում դեմոկրատական վարչակազմի օրոք զերծ կմնա՞ Վաշինգտոնի հետ ավելի սերտ համագործակցությունից։ Բայդենի վարչակազմը Հայաստանի հետ, որն ակտիվ քաղաքականություն չի վարում, համագործակցելու ցանկություն կհայտնի՞։
 
Անցած տարվա վերջին ԱՄՆ Կոնգրեսը, որտեղ մեծամասնությունը դեմոկրատներն են, ընդունել է համավարակի պայմաններում երկրի տնտեսությանն աջակցելու փաթեթը։ «Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ լարվածության գնահատական» վերնագրով հատվածում նշվում է, որ օրինագծի ուժի մեջ մտնելուց ոչ ուշ քան 90 օր անց ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրենը պետք է Կոնգրեսին գրավոր գնահատական ներկայացնի Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերություններում լարվածության վերաբերյալ, ներառյալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը։ Ինչպես նաեւ՝ ԱՄՆ-ի ու տարածաշրջանում նրա դաշնակիցների ռազմավարական շահերի պարզումը, 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի շուրջ եւ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին ուժի կիրառման բոլոր նշանակալի դեպքերի նկարագրությունը, որ կողմն է ուժ կիրառել առաջինը, Ադրբեջանին ու Հայաստանին ԱՄՆ-ի տրամադրած ռազմական օգնության ազդեցության գնահատականը եւ տարածաշրջանում հնարավոր ապակայունացման հավանականությունը։
 
Հայաստանն ինչպե՞ս է վերաբերվում տարածաշրջանի հանդեպ ԱՄՆ հետաքրքրության հնարավոր աճին։ Մի քանի տարի առաջ Հայաստանում ԱՄՆ դեսպանը խոսում էր Հայաստանի տնտեսությունում 8 միլիարդ դոլար ներդնելու հնարավորության մասին, իսկ 2018 թվականի դեկտեմբերին Երեւան ժամանած ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Հայաստանին առաջարկել էր գնել ամերիկյան, այլ ոչ թե ռուսական զենք։ Բոլթոնն ակնարկում էր, որ Երեւանը պետք է բարդ որոշումների գնա ղարաբաղյան հարցում, մասնավորապես, համաձայնվի տարածքային զիջումների։
 
2020 թվականի պատերազմից հետո տարածաշրջանում իրավիճակը փոխվել է, «բարդ որոշումները» հետեւում են, եւ Հայաստանի կառավարությունը «ներդրումային բում» է կանխատեսում։ Բայց Մոսկվան հազիվ թե պատրաստ լինի ներդրումներ անելու Հայաստանում։ Ինչպես նշում է Հայաստանի նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, Ռուսաստանի համար դժվար է դրամական մեծ ներարկումներ անել Հայաստանի տնտեսությունում։ Այդ պատճառով, ինչպես կարծում է Գեւորգյանը, չի բացառվում, որ երկարաժամկետ խաղաղության հաստատման ու անվտանգության երաշխիքների կարգախոսի ներքո Հայաստանում կսկսվի թուրքական տնտեսական էքսպանսիա։
 
Այս ֆոնին, ԱՄՆ-ն կարո՞ղ է ակտիվացնել Ռազմավարական երկխոսությունը Հայաստանի հետ։

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

 

 

Նոյյան տապան   -   Վերլուծություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 355 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար