Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ու ՏԿԵ նախարարը կայցելեն Սյունիքի մարզ
20-01-2021 18:43:13 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը կայցելեն Սյունիքի մարզ՝ տեղում ծանոթանալու պատերազմից հետո առաջացած խնդիրներին: Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց Ավինյանը, պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Սրբուհի Գրիգորյանի հարցին:
«Հաջորդ շաբաթվա ընթացքում ես, պարոն Պապիկյանը, մի շարք փոխնախարարներ այցելելու ենք Սյունիք, որովհետև այնտեղ կան հարցեր արոտավայրերի, տնտեսական ակտիվության վերականգնման հետ կապված: Հատուկ ուշադրության կենտրոնում է լինելու Սյունիքը»,- ասաց Ավինյանը:
Փոխվարչապետը հավելեց, որ հավանաբար հաջորդ շաբաթվա ընթացքում կառավարությունը կընդունի տնտեսական հակաճգնաժամային նոր փաթեթ, որը ենթադրելու է նոր գործիքակազմ՝ հետպատերազմյան և հետքովիդյան տնտեսության վերականգնման համար: