ԵՄ-ն կիսում է Արցախի մշակութային ժառանգության վերաբերյալ մտահոգությունը. Անդրեա Վիկտորինը՝ Վահրամ Դումանյանին

20-01-2021 18:49:15   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



 
ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:
 
Ողջունելով դեսպանին՝ Վահրամ Դումանյանը կարևորել է կրթության, գիտության, մշակույթի և երիտասարդության ոլորտներում ԵՄ-ի աջակցությամբ և գործընկերությամբ իրականացվող ծրագրերը:
 
Անդրադառնալով արցախյան վերջին պատերազմին՝ նախարարը փաստել է, որ դրա հետևանքով Արցախի մշակութային ժառանգության մի զգալի հատված, հայտնվելով հայկական վերահսկողությունից դուրս, այսօր գտնվում է անմիջական վտանգի ներքո:
 
«Այս պահին օրհասական և առաջնային է համամարդկային այդ արժեքների պահպանությունը, և մենք ակնկալում ենք ԵՄ աջակցությունը՝ կանխելու այդ արժեքներին սպառնացող ցանկացած վտանգ»,- շեշտել է Վ. Դումանյանը՝ ընդգծելով, որ վերջին իրադարձությունների
համատեքստում ՀՀ կառավարության համար գերակա են կրթության ոլորտի բարեփոխումները՝ որպես երկրի անվտանգության երաշխիք:
 
«Այս հարցում ևս ակնկալում ենք ԵՄ աջակցությունը՝ բարձրագույն կրթության ոլորտում երկարաժամկետ կտրվածքով միջազգային մակարդակի հետազոտություններ իրականացնելու համար՝ թե՛ մասնագիտությունների, թե՛ բուհական համակարգի կառուցվածքի մասով»,- շեշտել է նախարարը և տեղեկացրել, որ ընթանում են Կրթության զարգացման ռազմավարության մշակման աշխատանքները, որոնք այժմ վերանայման փուլում են:
 
Վահրամ Դումանյանի խոսքով՝ դա պայմանավորված է պատերազմական և հետպատերազմական փուլերի հետևանքներով. վերանայման ընթացքում կվերագնահատվեն ոլորտների զարգացման հիմնական գերակա ուղղությունները, և կսահմանվեն դրանց լուծմանը միտված քայլերը:
 
Դեսպան Անդրեա Վիկտորինն իր հերթին նշել է, որ ԵՄ-ն կիսում է Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները.
 
«2020 թվականն իրավամբ ծանր տարի էր. COVID-ը բոլորիս սովորեցրեց առավել զարգացնել մեր թվային կարողությունները և ենթակառուցվածքները: Այդ նպատակով Եվրամիությունն օժանդակություն է տրամադրել ԿԳՄՍ նախարարությանը՝ հեռավար ուսուցման կազմակերպման համար: ԵՄ-ն կիսում է նաև Արցախի մշակութային ժառանգության վերաբերյալ մտահոգությունը՝ այդ հարցում բարձր գնահատելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք գործունեությունը»:
 
Դեսպանը շեշտել է ՄԿՈՒ ոլորտի զարգացման «Որակավորումների բարելավում ավելի լավ աշխատատեղերի համար» բյուջետային աջակցության ծրագրի կարևորությունը: Այդ համատեքստում նա ընդգծել է ծրագրին պատերազմի հետևանքով հաշմանդամ դարձած քաղաքացիների ներգրավվածության խնդիրը՝ նրանց սոցիալական վերաինտեգրումն ապահովելու
տեսանկյունից:
 
Անդրեա Վիկտորինն անդրադարձել է նաև «Հայաստանում ԵՄ-ն նորարարության համար», միջբուհական համագործակցության Erasmus+ և «Հորիզոն-2020» ծրագրերին՝ որպես համագործակցության լավ օրինակներ:  Նա տեղեկացրել է, որ ԵՄ-ն սկսել է առաջիկա 7 տարիներին նախատեսվելիք ծրագրերի նախանշման գործընթացը՝ կարևորելով դրանք ՀՀ կառավարության հետ իրականացնելու անհրաժեշտությունը:
 
Հանդիպման ավարտին նախարար Վահրամ Դումանյանը ևս մեկ անգամ կարևորել է Եվրամիության աջակցությունը և ակնկալել սերտ համագործակցություն՝ որպես ԿԳՄՍ ոլորտների զարգացման առանցքային գործընկեր:
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 276 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար