Մարտունու ԲԿ-ի կառուցումը կավարտվի 2022-ի սկզբին. կհատկացվի 7,4 մլն դոլար

21-01-2021 12:03:43   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



Կառավարությունը հավանություն տվեց «Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրի նախագծին:  Առողջապահության նորանշանակ նախարար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ այս համաձայնագրով նախատեսվում է 7,4 մլն դոլարի տրամադրում: «Դեռևս 2013 թվականին Հայաստանի և Միջազգային զարգացման ընկերակցության միջև ստորագրվել է 35 մլն դոլարին համարժեք ֆինանսավորման պայմանագիր, որով նախատեսված էին Գեղարքունիքի մարզի Մարտունու ԲԿ և Վայոց ձորի մարզային հիվանդանոցի արդիականացման աշխատանքները, մասնավորապես՝ կառուցման շինարարական աշխատանքներ, բժշկական սարքավորումների
և կահույքի ձեռքբերում։
 
2020թ․ մարտի 6-ին կատարված փոփոխություններով նախատեսվել էր Վայոց ձորի մարզի նոր մարզային հիվանդանոցի կառուցման և հագեցման աշխատանքները հանել Վարկային ծրագրից՝ հաշվի առնելով նախահաշվային փաստաթղթերով նախատեսված շինարարական աշխատանքների բարձր արժեքը, ինչպես նաեւ փոխարժեքային տարբերության հետեւանքով առաջացած ֆինանսական կորուստները:
 
Նշված պատճառներով ֆինանսական միջոցները չէին բավարարի 2 ԲԿ-ների արդիականացման համար ու նպատակահարմար էր համարվել այդ պահին միջոցներն ուղղել  Մարտունու ԲԿ-ի արդիականացման աշխատանքներին: Վայոց ձորի նոր ԲԿ-ի կառուցման և բուժսարքավորումներով հագեցման միջոցառումը սահմանվել էր  2020-2023 թթ կառավարության միջոցառումների ծրագրով»,- ասաց նախարարը:
 
Ավանեսյանի խոսքով՝ կորոնավիրուսի դեմ պայքարին են ուղղվել Մարտունու ԲԿ-ի կառուցման համար նախատեսված 3 մլն դոլարը ու այժմ անհրաժեշտություն է առաջացել լրացնել այդ գումարը:
 
Ըստ նախարարի, Մարտունու ԲԿ-ն ինտենսիվ կառուցման փուլում է, իսկ Վայոց Ձորի
ԲԿ-ի կառուցումը կսկսվի շուտով: «Երկու կենտրոններն էլ ռազմավարական կարևորության են: Երկու տեղում էլ նախկին ԲԿ-ները գտնվում են ոչ բարվոք վիճակում և նոր ԲԿ-ների կառուցումը կնպաստի որակյալ ծառայություններ մատուցելուն», – ասաց նախարարը՝ ավելացնելով, որ Մարտունու ԲԿ-ի կառուցումը կավարտվի 2022 թվականի սկզբին:
 
 
 
 

 

Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 241 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար