Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են ԼՂ հակամարտության գոտում հետպատերազմյան իրադրությունը

21-01-2021 12:52:49   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



 Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը հունվարի 21-ինհեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ։
 
Զրուցակիցները հանգամանալից անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հետպատերազմյան իրադրությանը, տարածաշրջանային անվտանգության և խաղաղության հարցերի: 
 
Ներկայացնելով հրադադարի հաստատման և Արցախում խաղաղապահների տեղակայման վերաբերյալ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների կյանքի կոչման ընթացքը՝ նախարար Այվազյանն իր ֆրանսիացի գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել հրատապ լուծում պահանջող
հումանիտար հարցերի լիարժեք հասցեագրման անհրաժեշտության վրա, մասնավորապես՝ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում հայտնված քաղաքացիական անձանց հայրենադարձման մասով: 
 
Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել նաև Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի շուրջ՝ ընդգծելով այդ գործընթացում միջազգային կազմակերպությունների ուղիղ և անխափան ներգրավվածության անհրաժեշտությունը:
 
Նախարարներ Այվազյանի և Լը Դրիանի զրույցի առանցքային թեմաներից են եղել նաև Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության ներքո հայտնված տարածքներում պատմամշակութային և կրոնական ժառանգության պահպանման ուղղությամբ քայլերը և այդ գործընթացում միջազգային մասնագիտացված կառույցների դերը: Նախարար Այվազյանն ընդգծել է, որ հարցի հրատապությունն առավել ընդգծվում է հայկական ժառանգության ոչնչացման և ինքնության խեղաթյուրման ուղղությամբ Ադրբեջանի կողմից ձեռնարկվող ջանքերի լույսի ներքո: 
 
Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում խաղաղ գործընթացի վերսկսմանը և այդ առնչությամբ համանախագահների առաջիկա ժամանակացույցին: 
 
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև երկկողմ օրակարգի մի շարք հարցերի և տարբեր մակարդակներում երկխոսության ակտիվացման շուրջ: 
 
 ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչություն
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 205 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար