Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն Արցախի գործընկերներին է նվիրաբերում համակարգչային տեխնիկա


Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն Արցախի գործընկերներին է նվիրաբերում համակարգչային տեխնիկա

  • 21-01-2021 12:58:02   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությանը կնվիրաբերի համակարգչային տեխնիկա: Այդ մասին որոշումն ընդունվել է կառավարության նիստում: 
 
Ըստ հիմնավորման, 2019 թվականի ընթացքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ստորաբաժանումների համակարգչային տեխնիկան թարմացնելու նպատակով ստացվել է բավարար քանակի համակարգչային և հարակից տեխնիկա, որի արդյունքում որոշ քանակի համապատասխան տեխնիկա փոխարինվել է և դեռ փոխարինվում է: 
 
«Արդյունքում առաջանում է փոխարինված համակարգչային որոշ քանակի պահուստ, որը տեխնիկապես և համակարգչային տեխնիկային ներկայացվող չափանիշների տեսանկյունից դեռ ենթակա է հետագա շահագործման: 
 
Հաշվի առնելով Արցախի Հանրապետության դեմ 2020թ.-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով Արցախի պետական մարմինների ինֆրակառուցվածքների կրած կորուստները, նաև Արցախի Հանրապետության ԱՍՀՄ նախարարության դիմումները նշված հարցում աջակցություն տրամադրելու վերաբերյալ՝ առաջարկվում է նախարարության առկա պահուստի մի մասը նվիրաբերության կարգով հանձնել Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությանը»,- ասված է հիմնավորման մեջ: 
 
Ակնկալվում է, որ որոշման նախագծի ընդունմամբ որոշ չափով կլուծվի ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության բնակչության սոցիալական պաշտպանության աշխատանքների էլեկտրոնային կառավարման խնդիրները:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն