Ռուսներն ամաչել են. Ամեն ինչ դեռ առջեւում է


Ռուսներն ամաչել են. Ամեն ինչ դեռ առջեւում է

  • 21-01-2021 18:40:39   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Lragir.am «Ռուսները, չգիտեմ ինչու, ամաչելով են խոսում կարգավիճակի մասին՝ ասելով, որ Ադրբեջանին չի կարելի ջղայնացնել, մենք չենք ասում այդ հարցը, որ ինչ-որ մեկին ջղայնացնի կամ հանգստացնի, այդ հարցն այժմ ավելի արդիական է դարձել ՀՀ-ում, որովհետեւ խաղաղապահ ուժերը սիտուատիվ ձեւով կարող են լուծել, իսկ երկարատեւ անվտանգություն կարող է տալ միայն կարգավիճակը: Մինսկի խումբն այս մասին բազմիցս խոսել է եւ մոսկովյան այցի ժամանակ այդ հարցը շոշափվել է», լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ պատգամավոր Հովհաննես Իգիթյանը:
 
Ամաչելու տեղ ռուսներն իհարկե ունեն: Մինսկի խմբի «սեւ գործը» ստանձնելն ու կատարելը բարդ բան է, գերակատարելը՝ առավել եւս, երբ Վլադիմիր Վլադիմիրովիչը, ինչպես նրա խոսնակն է խոստովանել, քուն ու դադար չուներ եւ բան ու գործ թողած՝ անընդհատ Ալիեւին ու Նիկոլ Փաշինյանին էր զանգում: Թե ինչ էր այդքան խոսում՝ թերեւս պարզ է դառնում պատերազմի մասին հյուսված լեգենդից, որի միֆական մասերը մի կողմ թողնելով՝ պարզվում է իրականությունը:
 
Բանն այն է, որ այնուամենայնիվ մնում է հարցը՝ ինչու ռուսական պետական, կիսապետական եւ ոչ պետական մեդիա դաշտը այս ողջ ընթացքում, իսկ ավելի ճիշտ՝ 2014-ից ի վեր, երբ Ռուսաստանը հռչակեց իր նոր «քաղաքական կուրսը» Լավրովյան պլանով, անզուսպ քարոզչություն է տարել Հայաստանի դեմ, իսկ «Ադրբեջանի» դեմ նույնիսկ ծպտուն չեն հանել, եղածի համար էլ ներողություն խնդրելով: Հայաստանը պե՞տք էր Ռուսաստանին իր աշխարհքաղաքական խնդիրների լուծման համար: Թե՞ հենց այդ խնդիրների լուծման համար էր պետք Հայաստանի ոչնչացումը, իսկ քարոզչությունը պետք է «հիմնավորեր» դաշնակցի դեմ այդ քաղաքականությունը:
 
Հայաստանի կանխորոշված պարտությամբ եւ Բերձոր-Շուշի գծով ռազմական գործողությունների դադարեցում, որը ռուս խաղաղապահների տեղակայման պայմանն էր, հայ-ռուսական համատեղ ՀՕՊ-ի «անհասկանալի անջատումներ» առաջին ու վերջին օրերին, մեծ զոհերի գնով հայ հանրության կամքի ու վճռականության ճնշում, Հայաստանի մասնատում մի քանի պրոտեկտորատների հեռանկարով, մայրուղիների վերահսկում, կարգավիճակի բացառում… եւ զուգահեռ՝ մի քանի անգամ պատերազմը դադարեցնելու հնարավորության, ռուսական պլաններում կարգավիճակի առկայության եւ այլնի մասին տարածվող հեքիաթներ:
 
Հայաստանի կոլաբորանտական բնույթի իշխող խմբի ու եռակողմ հայտարարությունը ողջունած 17-ի պարագային անգամ ռուսներն «ամաչելու» բան ունեն. Մի կողմից, բացվում է իրականությունը, մյուս կողմից՝ Մինսկի խմբի մյուս համանախագահները հարց են դրել իրենց «սեւագործ» գործընկերոջ առաջ՝ ինչու ես դուրս եկել մանդատի շրջանակից, բա Հադրութը, Շուշին, կարգավիճակը, Թուրքիան ինչ դեր ունի, եւ այլն: Պատերազմական հանցագործությունների ու կարգավիճակի հարցը կախվել է Մոսկվայի ու Բաքվի վրա, նույնիսկ այն պայմաններում, երբ Հայաստանի քաղաքական դասը հրաժարվել է հայկական իրավունքներից: Դրա ապացույցն էր Նիկոլ Փաշինյանի դեսուդեն ընկնելը խորհրդարանում, երբ հարցնում էին հայկական իրավունքների մասին:
 
Բայց իրավունքը կա եւ ոչ մի տեղ չի կորել, անկախ նրանից՝ Մինսկի խումբը հետեւողական կլինի, թե ոչ: Նման լծակները հենց այնպես ձեռքից չեն տալիս: Ի վերջո, այս նողկալի մթնոլորտը ցրվելու է, եւ հայ հանրության որոշակի խմբեր գիտեն ինչ պետք է անել: Ամեն ինչ դեռ առջեւում է:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը