Սյունիքի մարզպետը Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցում կարևորել է ՆԶՊ առարկայի պատշաճ դասավանդումը


Սյունիքի մարզպետը Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցում կարևորել է ՆԶՊ առարկայի պատշաճ դասավանդումը

  • 21-01-2021 19:42:06   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հունվարի 21-ին Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն այցելել է Կապանի թիվ 3 միջնակարգ և թիվ 1 հիմնական դպրոցներ՝ ծանոթանալու ԱՄՆ-ի «Հայ հույս» (Hye Hopes) հիմնադրամի կողմից այս կրթօջախներին տրամադրված աջակցությանն ու մեկնարկած դասընթացների ծրագրին, ինչպես նաև «Հայ հույս»-ի հիմնադիր տնօրեն, Գլենդելի հանրակրթական դպրոցների խորհրդի անդամ Գրեգ Քրիքորյանի հետ ծանոթանալով՝ անմիջապես նրանից տեղեկանալու նախաձեռնության մանրամասներին։
 
Գ․ Քրիքորյանն ու «Հայ հույս»-ի խորհրդի անդամ Քրիստափոր Դրո Սիմոնյանը որոշ ժամանակ է՝ արդեն Սյունիքում են։
 
Նշենք, որ աշնանը կազմակերպված մարաթոնի ընթացքում հիմնադրամը կատարել է հանգանակություն Կապանի երկու դպրոցի օգնելու նպատակով, որին մասնակցել են հայեր աշխարհի տարբեր ծայրերից։ Այդ գումարով ձեռք բերված 48 համակարգիչներն ու այլ տեխնիկական միջոցներ հասցվել են Կապան, ու այս դպրոցներում երկուական դասասենյակներ են կահավորվել հեռավար դասընթացների համար։
 
Մարզպետը նաև շրջել է կրթօջախներում, ծանոթացել պայմաններին ու խնդիրներին՝ հատկապես ուշադրություն հրավիրելով ու կարևորելով «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի պատշաճ դասավանդումը։
 
Մ․Պողոսյանը հորդորել է ունենալ փառքի սրահներ, որտեղ կներկայացվեն Արցախյան երեք պատերազմներում հերոսացած շրջանավարտները, ինչպես նաև անկյուններ, որտեղ կներկայացվեն դպրոցների՝ տարբեր ոլորտներում աչքի ընկած լավագույն աշակերտները, շրջանավարտները։ 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն