Հայփոստը հիմնում է «Փոստ Կրեդիտ» դուստր վարկային կազմակերպություն
22-01-2021 13:10:20 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
«Հայփոստ» ՓԲԸ-ն դիմել է ՀՀ Կենտրոնական բանկ իր կողմից հիմնադրված «Փոստ Կրեդիտ» դուստր վարկային կազմակերպության գրանցման և լիցենզավորման նպատակով:
Հայփոստի հնգամյա ռազմավարության համաձայն, առաջիկայում ընկերությունը «Փոստ Կրեդիտ» դուստր կազմակերպության միջոցով ակտիվ գործունեություն պետք է ծավալի ֆինանսական շուկայում:
«Փոստ Կրեդիտ» համակարգը մեր երկրում կապահովի հասանելի ֆինանսական ծառայություններ, վարկավորման շուկայում նոր մոտեցումներ, ինչպես նաև՝ կարևոր գործոն կդառնա Հայփոստի՝ «Գյուղում՝ ինչպես քաղաքում» գլոբալ ծրագրի իրագործման մեջ: Հայփոստի դուստր կազմակերպությունը մատուցելու է նոր տիպի վարկային և թույլատրելի այլ ֆինանսական ծառայություններ, որոնք դրական փոփոխություններ կբերեն մեր սպառողներին և ֆինանսական շուկայի այլ մասնակիցներին:
«Հայփոստ» ՓԲԸ զարգացման հնգամյա ռազմավարությունը մշակել է միջազգային ճանաչում ունեցող «Դելոյթ» ընկերությունը: Խորհրդատվական թիմում ընդգրկված են եղել փոստային և փոստային-ֆինանսական ծառայությունների ոլորտի ճանաչված փորձագետներ: Ռազմավարությունը մշակվել է ծավալուն և մանրակրկիտ ուսումնասիրությունների ու վելուծությունների հիման վրա:
«Հայփոստ» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը նշում է. «Աշխարհի փոստային լավագույն ընկերություններն աշխատում են հիմնական հինգ ուղղություններով: Կարևոր ուղղություններից մեկը փոստային ֆինանսական ծառայությունների մատուցումն է: Այս ուղղությամբ մենք պատրաստվում ենք լուրջ քայլեր ձեռնարկել: «Փոստ Կրեդիտ» դուստր կազմակերպությունն առաջիկայում շատ կարևոր և եզակի դերակատարում կունենա Հայաստանի ֆինանսավարկային շուկայում առկա բոլոր շահագրգիռ կողմերի համար, ինչպես նաև՝ կնպաստի Հայփոստի զարգացմանը: Մենք նոր գաղափարներ և նոր մոտեցումներ ենք ներմուծելու վարկավորման ծառայություններում»: