Մարտական գործողություններին մասնակցածների ուսման վարձը կփոխհատուցվի


Մարտական գործողություններին մասնակցածների ուսման վարձը կփոխհատուցվի

  • 22-01-2021 15:37:41   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

hhpress.am Արտոնություններ ստացողների թվում են նաեւ երկու եւ ավելի անչափահաս երեխա ունեցողները։
 
Հայաստանում զգալի թիվ են կազմում այն պատանիները, ովքեր վճարունակ չլինելու պատճառով չեն կարողանում սովորել բուհերում կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում: Դրա հետեւանքով շատ շնորհալի երիտասարդներ չեն կարողանում լիարժեք կրթություն ստանալ եւ իրենց կարողություններին համարժեք ներդրում ունենալ պետության զարգացման գործում: Խնդիրը լուծելու համար ոլորտի պատասխանատու պետական մարմինները ձեւավորել են իրավանորմատիվային դաշտ, որով, սակայն, լիարժեք չի սահմանվում շահառուների շրջանակը:
 
Այսպես, ՀՀ կառավարության 2006 թվականի N 1183-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն, կառավարությունը յուրաքանչյուր տարի տվյալ տարվա պետական բյուջեով բարձրագույն ուսումնական հաստատությունների համար նախատեսված միջոցների սահմաններում, ըստ բուհերի եւ մասնագիտությունների, բաշխում է պետության կողմից տրվող ուսանողական նպաստների քանակը:
«Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի համաձայն՝ ուսման վճարի փոխհատուցում նպաստի ձեւով տրվում է մրցույթի արդյունքներով բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունված, ուսումնական տարվա արդյունքներով բարձր առաջադիմություն ունեցող, սոցիալապես անապահով, ինչպես նաեւ նպատակային ուսուցմամբ, այդ թվում՝ սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի ուսանողներին` անկախ ուսումնառության համակարգից (անվճար, վճարովի)՝ կառավարության հաստատած տեղերի քանակին եւ կարգին համապատասխան: Նույն կարգավորումը արված է նաեւ նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթական հաստատությունների համար:
Կրթության բնագավառում պետական քաղաքականությունը միտված է փոխհատուցում ստացող անձանց շրջանակը, պետության կողմից ուսանողների ֆինանսական աջակցության հասցեականությունը, նպատակայնությունը եւ ծավալները ընդլայնելուն, ինչպես նաեւ բարձրագույն եւ միջին մասնագիտական կրթության հասանելիության եւ մատչելիության, համապատասխան ուսումնական հաստատությունների ուսանողների լայն ընդգրկվածության ապահովմանը:
Պետական աջակցության շահառուների փոփոխության անհրաժեշտությունը շատ դեպքերում թելադրվում է նաեւ ստեղծված իրավիճակով: Արցախյան վերջին պատերազմն առարկայորեն առաջ բերեց նաեւ վերոհիշյալ կարգավորումներում փոփոխություններ մտցնելու պահանջ: Դրա կարիքը զգացվում է նաեւ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սոցիալական վիճակի վատացմամբ: Այս խնդիրը լուծելու նպատակով ԿԳՄՍ նախարարությունը մշակել եւ հանրային քննարկման է դրել երկու օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթ:
«Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» եւ «Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին» օրենքներում ուսման վարձի փոխհատուցում ստացողների խմբում ընդգրկվել են նաեւ մարտական գործողություններին մասնակցածները եւ երկու ու ավելի անչափահաս երեխա ունեցողները:
«Ուսման վճարի փոխհատուցում (լրիվ կամ մասնակի(զեղչ)) նպաստի ձեւով տրվում է մրցույթի արդյունքներով բարձրագույն (նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական) ուսումնական հաստատություն ընդունված, ուսումնական տարվա արդյունքներով բարձր առաջադիմություն ունեցող սովորողներին, օրենքներով նախատեսված սոցիալական խմբերին, ինչպես նաեւ կառավարության որոշմամբ սահմանված կարգով ու չափով պետության համար առաջնահերթություն եւ կարեւորություն ներկայացնող մասնագիտություններով նպատակային ուսուցմամբ ընդունված ուսանողներին, ընտանիքների անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող ուսանողներին, սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների ուսանողներին, մարտական գործողություններին մասնակցած ուսանողներին, սահմանված կարգով առկա ուսուցմամբ բակալավրի կամ ինտեգրացված կրթական ծրագրով ընդունված երկու եւ ավելի անչափահաս երեխա ունեցող ուսանողներին»,- ասվում է օերնքների համապատասխան հոդվածներում կատարվելիք փոփոխություններում:
Նկատի ունենալով արցախյան վերջին պատերազմին մասնակցածների մեծ թիվը՝ միանշանակ կարելի է պնդել, որ արտոնությունից օգտվողների թիվը զգալի կլինի:
 
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը