Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը մեկնարկել է «Կամուրջ ֆինանսավորման» ծրագիրը

22-01-2021 19:50:45   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի
17-ի թիվ 2073-Լ որոշմամբ հիմնադրամին է հատկացվել 500 մլն ՀՀ դրամ՝ Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք կամ խեղում ստացած զինծառայողներին 6 ամիս շարունակ ամսական 200,000 դրամ ֆինանսական աջակցություն տրամադրելու նպատակով, որին կգումարվի նաև Հիմնադրամի խորհրդի 2017 թվականի մարտի 2-ի թիվ 9 որոշման 9-րդ կետով սահմանված 100,000 դրամը։
 
«Կամուրջ» ծրագրի շահառու են դառնալու այն զինծառայողները, որոնց բժշկական հաստատությունը տրամադրում է եզրակացություն առ այն, որ զինծառայողի վիրավորումն այնպիսին է, որ բուժման ավարտից հետո մեծ է հավանականությունը, որ զինծառայողը կստանա 1-ին կամ 2-րդ
հաշմանդամության կարգ։  Եզրակացությունը բժշկական հաստատությունը տրամադրում է առաջնորդվելով սահմանված վնասվածքների և խեղումների ցանկով։ Կամուրջ ծրագրի ընթացքում կամ ավարտից հետո զինծառայողի 1-ին կամ 2-րդ կարգի հաշմանդամություն ստանալու դեպքում, զինծառայողը Հիմնադրամից կստանա ամբողջական հատուցումներ` նվազեցնելով կամուրջ ֆինանսավորման շրջանակներում փաստացի ստացված գումարները:
 
Ծրագրի շահառու դառնալու համար զինծառայողը կամ ընտանիքը որևէ հաստատություն դիմելու կարիք չունի՝ նրանց հետ կապ կհաստատեն Պաշտպանության նախարարությունից։
 
«Կամուրջ» ծրագիրը հատուցելու է նաև անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին։
 
Տեղեկացնում ենք նաև, որ ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 2001-Ն որոշմամբ, հիմնադրամին է հատկացվել ևս 500 մլն ՀՀ դրամ՝ Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին 6 ամիս շարունակ ամսական 300,000 դրամ ֆինանսական աջակցություն տրամադրելու նպատակով։ Կամուրջ ծրագրի ընթացքում կամ ավարտից հետո դատարանի կողմից զինծառայողի անհայտ բացակայող ճանաչվելու դեպքում, օրենքով նախատեսված շահառուները Հիմնադրամից կստանան ամբողջական հատուցումներ` նվազեցնելով կամուրջ ֆինանսավորման շրջանակներում փաստացի ստացված գումարները:
 
Այս ծրագրի շահառու դառնալու համար ևս ոչ մի տեղ դիմելու անհրաժեշտություն չկա։ Հատուցումները տրամադրվելու են 2020 թվականի դեկտեմբերի 24-ի ընդունված օրենքի՝ թիվ 2180-Ն, որոշմամբ՝ ՀՀ պաշտպանության, արտակարգ իրավիճակների նախարարությունների, ՀՀ ազգային անվտանգության ծառայության կամ ՀՀ ոստիկանության տրամադրած անվանացանկի հիման վրա։ Շահառու են հանդիսանալու անհայտ կորած զինծառայողի ծնողը և ամուսինը։
 
Հիշեցնենք, որ 2017 թվականին ստեղծված հիմնադրամի միջոցները ձևավորվում են Հայաստանի և Արցախի Հանրապետությունների գրանցված աշխատողների ամսական աշխատավարձից՝ դրոշմանիշային վճարների տեսքով, ինչպես նաև ստացված նվիրաբերությունների շնորհիվ։
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 279 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար