«Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն» հիմնադրամը սկսել է գործունեությունը

23-01-2021 11:46:47   | Հայաստան  |  Հասարակություն



Իր գործունեությունն է սկսել «Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն» (ԿԶՆԱԿ) հիմնադրամը, որի
նպատակն է դառնալ կրթության ոլորտի ուղեղային նոր կենտրոն: Նորաստեղծ հիմնադրամը համակարգելու է կրթության բովանդակության վերլուծության, մասնագիտական զարգացման, նորարարության և մեթոդական ծրագրերի մշակման, փորձաքննությունների կազմակերպման աշխատանքները, որոնց բացն ակնհայտ էր ոլորտում հատկապես «Կրթության ազգային ինստիտուտ» ՊՓԲԸ-ի լուծարումից հետո:
 
Նոր համակարգի առավելությունը ճկունությունն է
 
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի տեղեկացմամբ` նորաստեղծ հիմնադրամի առաջնային խնդիրը կրթության ոլորտում զարգացման նոր մոդելների մշակումն է: Հանրակրթության բնագավառում նոր մոդելների մշակման գործընթացը, ինչպես փոխնախարարն է նշում, վերաբերելու է դպրոցների կառավարմանը և հանրակրթության բովանդակությանը:
 
«ԿԶՆԱԿ-ն ունենալու է հանրակրթության ոլորտի կառավարման մոդելների վերլուծության, ինչպես նաև արդյունավետության բարձրացման վերաբերյալ առաջարկներ ներկայացնելու գործառույթ: Հանրակրթության ոլորտի ֆինանսավորման վերլուծությունը և բարելավմանը միտված առաջարկների մշակումը ևս նոր կառույցի խնդիրներից են: Շատ մեծ կարևորություն է տրվում կրթության բովանդակության մշակմանը, ինչն ուղղված կլինի չափորոշիչների և ուսումնական ծրագրերի վերլուծությանը, նորերի մշակմանը»,- փաստեց Ժաննա Անդրեասյանը` ավելացնելով, որ նորաստեղծ հիմնադրամը կզբաղվի նաև հանրակրթական համակարգի վարչական և մանկավարժական աշխատողների մասնագիտական զարգացման արդյունավետության գնահատմամբ ու վերլուծությամբ:
 
Մասնագիտական փորձաքննությունների իրականացումը ևս ԿԶՆԱԿ-ի առաջնային խնդիրներից է. այն իրականացվելու է նոր մոդելով, որը սկզբունքորեն տարբերվում է նախկին Կրթության ազգային ինստիտուտի իրականացրած նույնանուն գործից:
 
«Եթե Կրթության ազգային ինստիտուտում կային առանձին բաժիններ` ըստ առարկաների, ապա ԿԶՆԱԿ-ում նույն մոտեցման կիրառումից խուսափել ենք: Փորձել ենք ներդնել ավելի բաց ու ճկուն մոդել. ԿԶՆԱԿ-ն ունի առանձին վարչություն, որի վրա դրված է փորձաքննությունների իրականացման չափանիշները մշակելու և այդ գործընթացը համակարգելու պարտավորություն: Առարկայական մասնագետներն էլ, որոնք պետք է իրականացնեն բուն փորձաքննությունը, կներգրավվեն որպես փորձագետներ: Այսինքն` ըստ առարկայական ուղղությունների կունենանք փորձագետների շտեմարան, որտեղից, ըստ անհրաժեշտության, կոնկրետ փորձաքննության համար կներգրավենք համապատասխան մասնագետին»,- նշեց Ժ. Անդրեասյանը: Նրա համոզմամբ` նոր մոդելը փորձագիտական ներուժը հնարավորինս ամբողջական և լիարժեք օգտագործելու, քարացած մոտեցումներից խուսափելու և առավել ճկուն ու ստեղծագործ միջավայր ապահովելու հնարավորություն կտա:
 
Ուսուցիչների վերապատրաստման ծավալուն աշխատանքներ` 2021 թվականին
 
Մասնագիտական զարգացմանը նպաստելը նորաստեղծ ԿԶՆԱԿ-ի մյուս գլխավոր խնդիրն է: Նախարարի տեղակալի խոսքով` այս պարագայում ևս ԿԶՆԱԿ-ի հիմնական գործառույթը լինելու է վերապատրաստման մեթոդաբանության մշակումը և համակարգումը, իսկ ուսուցիչների բուն վերապատրաստումը, որը պարտադիր նախապայման է ատեստավորման համար, իրականացնելու են ԿԳՄՍ նախարարության կողմից երաշխավորված կազմակերպությունները: Համապատասխան կարգերն արդեն մշակվել են, դրվել են հանրային քննարկման և առաջիկայում կհաստատվեն:
 
Ուսուցիչների վերապատրաստման և ատեստավորման, ինչպես նաև վերապատրաստման երաշխավորության մշակված ու հաստատման փուլում գտնվող կարգերում նոր մոտեցումներ են որդեգրվել: Մասնավորապես կերաշխավորվեն ոչ միայն կազմակերպությունները, այլև դասընթացները: Այսինքն` ուսուցիչը ոչ միայն վերապատրաստող կազմակերպություն, այլև համապատասխան դասընթաց ընտրելու հնարավորություն կունենա:
 
«Կլինեն սահմանված կրեդիտներ, ուսուցիչը կտեղեկանա, թե տվյալ դասընթացն ինչ կրեդիտներ է ապահովում իր համար և, ըստ այդմ, կկատարի ընտրություն»,- պարզաբանեց նախարարի տեղակալը:
 
2021 թվականին ուսուցիչների պարտադիր վերապատրաստման և ատեստավորման ծավալուն աշխատանքներ են նախատեսվում` հաշվի առնելով, որ վերջին երկու տարիներին՝ ԿԱԻ-ի լուծարումից հետո, նշված գործընթացը կասեցված է եղել:
 
Ուսուցչի ատեստավորման գործընթացի թվայնացում
 
Մյուս նորությունն ուսուցչի ատեստավորման գործընթացի թվայնացումն է: Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի հետ այժմ մշակվում է գործընթացի թվայնացման ընթացակարգը: Հիմնական մոտեցումը հետևյալն է. ուսուցիչը ատեստացիա կանցնի` վերապատրաստումների ժամանակ ստացած հավաստագրերն ու վկայականները ներբեռնելով այդ նպատակով ստեղծված էլեկտրոնային հարթակ: Որպես վերապատրաստման բաղադրիչ՝ ներառվել է նաև ուսուցիչների՝ նախագծեր ներկայացնելու հմտությունը, սահմանվել է անցողիկ միավորների շեմ` պարտադիր ատեստավորման համար: Փոխնախարարի հավաստմամբ` վերապատրաստման համակարգն այժմ բովանդակային վերափոխման փուլում է գտնվում, այդ նպատակով ԿԳՄՍ նախարարությունը համագործակցում է Բրիտանական խորհրդի և այլ տեղական ու միջազգային կառույցների հետ: Նախատեսվում են ուսուցիչների համաժողովներ, քննարկումների այլ հարթակներ:
 
«Մեր կարևոր խնդիրը մասնագիտական դաշտին ազդակներ հաղորդելն է, որ պետությունն իրենց հետ համագործակցություն է ակնկալում: Համագործակցության արդյունավետ միջավայրի ձևավորումը մեր գերակա նպատակն է»,- նշեց Ժ. Անդրեասյանը: Նրա խոսքով` քննարկվում է նաև ԿԱԻ-ի նախկին մասնագիտական ամսագրերի թողարկման հարցը (ամենայն հավանականությամբ՝ էլեկտրոնային ձևաչափով):
 
ԿԱԻ-ի նախկին աշխատակիցներին կտրվի առավելություն
 
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի տեղեկացմամբ` «Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն» հիմնադրամը ՀՀ օրենսդրությամբ
սահմանված կարգով արդեն գրանցված է, և առաջիկայում նախատեսվում է աշխատակազմի համալրման գործընթացը: Մոտ յոթ տասնյակ հաստիք ունեցող նոր կառույցի բոլոր աշխատակիցներն ընտրվելու են մրցույթով: Ընտրության ժամանակ մասնակիցների՝ հավասար միավորներ հավաքելու դեպքում առավելությունը տրվելու է նախկին Կրթության ազգային ինստիտուտի (ԿԱԻ) աշխատակիցներին: Բացի դրանից` ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԿԱԻ-ի ներկայացուցիչն ընդգրկված կլինի բոլոր պաշտոնների մրցութային հանձնաժողովներում: Ժ. Անդրեասյանը նաև տեղեկացրեց, որ մինչև մրցույթ հայտարարելը նախատեսված կազմակերպչական աշխատանքների իրականացման նպատակով նշանակվել է ԿԶՆԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար:
 
ԿԶՆԱԿ հիմնադրամը ձևավորվել է «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամի վերակազմակերպման միջոցով` համաձայն հոգաբարձուների խորհրդի որոշման և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: Նորաստեղծ հիմնադրամի կազմում գործելու են «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը և «Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնը»:
 
ԿԶՆԱԿ-ի հիմնադիրը ՀՀ կառավարությունն է: Հոգաբարձուների խորհրդի նախագահն ի պաշտոնե ՀՀ ԿԳՄՍ նախարարն է: Խորհրդի կազմում ներառված են տարբեր պետական գերատեսչությունների և հասարակական կառույցների ներկայացուցիչներ:
 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 222 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար