«Սիմֆոնիկ նվագախումբը‚ ստեղծելով գեղեցիկ ավանդույթներ‚ աշխարհին է ներկայացնում հայկական երաժշտարվեստը». նվագախումբը շնորհավորանքներ է ստանում 15-ամյակի առթիվ


«Սիմֆոնիկ նվագախումբը‚ ստեղծելով գեղեցիկ ավանդույթներ‚ աշխարհին է ներկայացնում հայկական երաժշտարվեստը». նվագախումբը շնորհավորանքներ է ստանում 15-ամյակի առթիվ

  • 23-01-2021 13:05:27   | Հայաստան  |  Հասարակություն

 
 
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն այս օրերին 15-ամյա հոբելյանի առթիվ շնորհավորանքներ է ստանում աշխարհի տարբեր ծայրերից։ Անվանի բազմաթիվ երաժիշտներ իրենց ջերմագին բարեմաղթանքներն են հղում։ 
Ջութակահար և դիրիժոր Դմիտրի Սիտկովեցկին‚ շնորհավորելով նվագախմբին և դիրիժոր Սերգեյ Սմբատյանին‚ նշում է. «Ես բախտ եմ ունեցել համագործակցելու նվագախմբի հետ‚ և ինձ անմիջապես գերել է նրանց ոգեղենությունը‚ ինքնատիպությունը‚ բաց լինելն ու ցանկացած նոր գաղափար կլանելու ունակությունը»։ 
 
Դաշնակահարուհի Արմինե Գրիգորյանն իր խոսքում շեշտում է‚ որ 15 տարիների ընթացքում նվագախումբը փայլուն ստեղծագործական ուղի է անցել. «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումը՝ որպես համախոհների հզոր բանակ‚ ստեղծելով գեղեցիկ ու հաստատուն ավանդույթներ‚ ամբողջ աշխարհին է ներկայացնում հայկական երաժշտարվեստը»։ 
Իրենց շնորհավորական ուղերձներն ու ջերմ խոսքերն են հղել նաև ջութակահար Արա Մալիքյան‚ Նինգ Ֆենգը, շեփորահար Սերգեյ Նակարյակովը‚ դաշնակահարներ Հայկ Մելիքյանը‚ Գլորիա Կամպաները‚ Վահագն Հայրապետյանը‚ կլարնետահար Անդրեաս Օտենսամերը և այլք։ 
 
Հիշեցնենք‚ որ հունվարի 25-ին լրանում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 15-ամյակը։ 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն