ՀԲԸՄ Լոնդոն Թրասթը սահմանում է նոր կրթաթոշակներ՝ Օքսֆորդի համալսարանում դասական հայագիտական հետազոտությունների ուղղությամբ


ՀԲԸՄ Լոնդոն Թրասթը սահմանում է նոր կրթաթոշակներ՝ Օքսֆորդի համալսարանում դասական հայագիտական հետազոտությունների ուղղությամբ

  • 23-01-2021 14:22:53   | Մեծ Բրիտանիա  |  Մամլո հաղորդագրություն

 
Հավատարիմ մնալով հայկական կրթությունը տարածելու իր բուն հանձնառությանը՝ ՀԲԸՄ Լոնդոն Թրասթը Օքսֆորդի համալսարանում դասական հայագիտության գծով մագիստրոսական աստիճան հայցող ասպիրանտներին լրջագույն նվեր է մատուցել՝ հայտնելով կրթաթոշակային ծրագրի մեկնարկի մասին: 
 
«Օքսֆորդի համալսարանը Միացյալ Թագավորությունում հայագիտություն դասավանդող առաջատար համալսարանն է, որն այս առարկան ներդրել է 19-րդ դարի կեսերից: Հինգ տարի շարունակ տարեկան մեկ ասպիրանտ ուսանողի աջակցելու այս նոր կրթաթոշակային ծրագիրը կարևորագուն դերակատարություն կունենա հայկական մշակույթն ու ժառանգությունը ավելի լավ ճանաչելուն ուղղված ջանքերը խթանելու գործում: Առաջին կրթաթոշակը կտրամադրվի 2021 թվականի հոկտեմբերին, իսկ ծրագիրը կտևի մինչև 2026 թվականը:
 
Դասական հայագիտության գծով մագիստրոսի աստիճան հայցողները հայերեն բազմապիսի տեքստերի ընթերցանության և թարգմանության փորձ ձեռք կբերեն, ինչը նրանց թույլ կտա խորությամբ ընկալել իրենց ընտրած ժամանակաշրջանի գրական մշակույթն ու պատմությունը: Օքսֆորդում ուսանելու տարիներին ուսանողները կկարողանան օգտվել Բոդլեյան գրադարանում պահվող հայկական ձեռագրերի յուրօրինակ հավաքածուից, որը ներառում է Իրանում տպագրված չափազանց հազվագյուտ մի գիրք՝ Նոր Ջուղայի Հայկական Սաղմոսագիրքը:
 
Դասընթացը վարելու է Օքսֆորդի համալսարանի Գալուստ Գյուլբենկյանի անվան հայագիտության ամբիոնի պրոֆեսոր Թեո Մաարթըն վան Լինտը: Վերջինիս խոսքով՝ «Ֆինանսավորումը կարևորագույն նշանակություն ունի դասական հայագիտության մագիստրոսական դասընթացը արժանավոր հայցորդների համար հասանելի դարձնելու առումով: Ուստի, ես անչափ երախտապարտ եմ Ջոզեֆ և Ջեննի Ուղուրլյաններին և ՀԲԸՄ-ին այս առատաձեռն և ռազմավարական կարևորություն ունեցող նվիրաբերության համար»:
 
ՀԲԸՄ Լոնդոն Թրասթի կրթաթոշակի հիմնումը այս կազմակերպության և Օքսֆորդի միջև արդեն իսկ բեղուն գործակցության հաջորդ փուլն է. այդ գործընկերության շրջանակներում վերջին յոթ տարիներին ֆինանսական աջակցություն է ցուցաբերվել համալսարանում տարբեր առարկաներ ուսումնասիրող հայ ուսանողներին: Նոր կրթաթոշակային ծրագիրը, որը բաց կլինի աշխարհի բոլոր ծագերը ներկայացնող ուսանողների համար, համահունչ է հայկական ժառանգությունը կրթական, մշակութային և մարդասիրական ասպարեզներում պահպանելու ՀԲԸՄ-ի առաքելությանը:
 
ՀԲԸՄ Լոնդոն Թրասթի նախագահ և ՀԲԸՄ կենտրոնական վարչության փոխնախագահ Ջոզեֆ Ուղուրլյանը իր խոսքում նշել է. «ՀԲԸՄ-ի համար, անշուշտ, պատիվ է Օքսֆորդի համալսարանի նման հեղինակավոր համաշխարհային հաստատության հետ համագործակցելը: Համալսարանի Արևելագիտության ֆակուլտետը տարիներ շարունակ վերելք է ապրել, և ֆակուլտետի դասական հայագիտության մագիստրոսական ծրագրին աջակցելը միանգամայն տրամաբանական քայլ էր ՀԲԸՄ-ի համար: Մենք խորին շնորհակալություն ենք հայտնում պրոֆեսոր Թեո Մաարթըն վան Լինտին և իր թիմին՝ այս համագործակցությունը հնարավոր դարձնելու համար»:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն