Առողջապահության նախարարը հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի հետ

25-01-2021 18:52:43   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



 
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտի, Հարավային Կովկասի Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) գրասենյակի տնօրեն Ռաֆայել Ժոզանի հետ` քննարկելու տրամադրվող ֆինանսական աջակցության հնարավոր ուղղությունները:
 
Ռաֆայել Ժոզանը մանրամասնել է, որ ԶՖԳ-ն ներդրումներ է կատարում զարգացող երկրների 5 գերակա ոլորտներում, և այդ ներդրումային ծրագրի շրջանակներում կարևոր ուղղություն է առողջապահությունը:
 
Հաշվի առնելով գործակալության առաջարկները` Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջապահության նախարարության կարիքները և այն ուղղությունները, որոնց զարգացման համար անհրաժեշտ է ֆինանսական աջակցություն: Մասնավորապես, նախարարը կարևորել է ՀՀ ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների և Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոններում վերականգնողական աշխատանքներ սկսելու անհրաժեշտությունը, մայրական մահացության նվազեցմանն ուղղված ծրագրերի իրականացումը, արյան ծառայության արդիականացման, վերականգնողական բժշկական օգնության ծառայությունների բարելավումը և այլ հարցեր: Անահիտ Ավանեսյանն ընդգծել է, որ 2019 թվականին առողջապահական ոլորտի զարգացման նպատակով բազմաթիվ ծրագրեր են մեկնարկել, սակայն կորոնավիրուսային հիվանդության համավարակի պայմաններում որոշները մնացել են անավարտ:
 
«Շնորհակալ ենք Ֆրանսիայի կառավարությանը շարունակական աջակցության համար, և ուրախ եմ, որ առաջիկայում կկարողանանք անել հնարավորը՝ մի շարք ուղղություններով աշխատանքային պրոցեսներն ակտիվացնելու, առողջապահական համակարգը բարելավելու առումով, քանի որ մենք գործ ունենք շատ կարևոր և խոցելի ոլորտի հետ»,- ասել է Անահիտ Ավանեսյանը:
 
Ժոնաթան Լաքոտը հույս է հայտնել, որ երկու երկրի միջև նշված ուղղություններով համագործակցությունը կլինի արդյունավետ, և առողջապահական ոլորտի բարելավման աշխատանքները շարունակական կլինեն:
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 290 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար