Էկոնոմիկայի նախարարն Իրանում քննարկել է երկկողմ տնտեսական հարաբերություններին վերաբերող բազմաթիվ խնդիրներ

25-01-2021 18:56:33   | Իրան  |  Մամլո հաղորդագրություն



 
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը հունվարի 22-26-ը գտնվում է Իրանի Իսլամակաան Հանրապետությունում։
 
Այցի առաջին օրը՝ hունվարի 22-ին, ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է ՀՀ դեսպանության և Իրան-Հայաստան առևտրի պալատի կողմից կազմակերպված գործարար համաժողովին:
 
Նախարար Քերոբյանը համաժողովի մասնակիցներին ներկայացրել է ՀՀ տնտեսության զարգացման ընթացիկ և հեռանկարային ծրագրերը:
 
Մտքերի փոխանակման և քննարկումների ընթացքում արծարծվել են հայ և իրանցի գործարարների միջև առևտրային կապերի ամրապնդմանը, նրանց կողմից ներդրումային ծրագրերի իրականացմանն առնչվող բազմաթիվ հարցեր: 
 
«Շատ ջերմ ընդունելության եմ արժանացել։ Իմ հիմնական նպատակն է ակտիվացնել երկրում տնտեսական հարաբերությունները  ոչ միայն փոխադարձ առևտրի տեսքով, այլ միմյանց հետ համագործակցելով՝ երրորդ երկրներին ապրանք վաճառելու հարցում։ Ես ասել եմ, որ ցանկացած հարց,
որն իմ ոլորտում է, պատրաստ եմ ամենաարագ ձևով լուծել, որովհետև հավատում եմ, որ փոքր խոչընդոտներ վերացնելով՝ մենք մեծ արդյունքների կարող ենք հասնել»,- ասել է Վահան Քերոբյանը։
 
Հունվարի 23-ից մեկնարկել է նախարար Քերոբյանի հանդիպումների շարքն Իրանի Իսլամական Հանրապետության պետական բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ:
 
Մասնավորապես հունվարի 23-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Ալիռեզա Ռազմհոսեյնիի և Իրանի Իսլամական Հանրապետության Կենտրոնական բանկի նախագահ Աբդոլնասեր Հեմմաթիի հետ։
 
ՀՀ էկոնոմիկայի և ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարների միջև հանդիպման արդյունքում ստորագրվել է հուշագիր: 
 
Հանդիպումներին իրանական կողմից մասնակցել են պետական մարմինների և տնտեսության ոլորտի լայն շրջանակի ներկայացուցիչներ։ 
 
Քննարկումների ընթացքում անդրադարձ է եղել երկկողմ տնտեսական հարաբերություններին վերաբերող բազմաթիվ խնդիրների, ինչպես նաև առանձին ծրագրային առաջարկությունների։ 
 
Հայկական պատվիրակությունը նաև այցելել է Mammut արդյունաբերական համալիր և Cinnagen դեղագործական ձեռնարկություն:
 
Հունվարի 24-ին Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը Սպահանում  մի շարք հանդիպումներ է ունեցել, այդ թվում՝ նահանգապետ Աբաս Ռեզայիի, նահանգի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի, ինչպես նաև գործարար շրջանակների այլ ներկայացուցիչների (այդ թվում՝ հայ գործարարների) հետ:
 
ՀՀ էկոնոմիկայի նախարարի
և Սպահանի նահանգապետի հանդիպման ժամանակ քննարվել է երկկողմ առևտրաշրջանառության ծավալների մեծացմանը, ներդրումային ծրագրերի իրականացմանը, արդյունաբերության, զբոսաշրջության և այլ ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
 
Սպահան կատարած այցի ընթացքում նախարար Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը եղել է Chika սննդի, Goltash լվացման պարագաների և հարդարման նյութերի, Zarin Iran հախճապակյա սպասքի արտադրական ձեռնարկություններում:
 
Հայկական պատվիրակությունն այցելել է նաև Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանք և թանգարան:
 
Պատվիրակության հանդիպումները շարունակվում են։
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 291 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար