ԱԳ նախարարը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ անդրադարձել է ԼՂ հակամարտության գոտում հայկական պատմական, կրոնական ժառանգության պահպանման հարցերին


ԱԳ նախարարը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ անդրադարձել է ԼՂ հակամարտության գոտում հայկական պատմական, կրոնական ժառանգության պահպանման հարցերին

  • 25-01-2021 19:04:33   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հունվարի 25-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ։
 
Զրուցակիցները հերթական անգամ անդրադարձ են կատարել ԼՂ հակամարտության գոտում հայկական պատմական, կրոնական ժառանգության պահպանման հարցերին և այդ համատեքստում ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցության հեռանկարներին: Նախարար Այվազյանը նշեց, որ հայկական պատմամշակութային կոթողները տարածաշրջանի հարուստ ժառանգության անբաժան մասն են կազմում՝ դրանց պաշտպանության ուղղությամբ ակնկալելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի ակտիվ ներգրավվածությունը:
 
Նախարար Այվազյանն ընդգծել է Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության ներքո հայտնված տարածքներում հայկական պատմամշակութային, կրոնական ժառանգության պահպանության ուղղությամբ քայլերի ձեռնարկման հրատապությունը, որն առավել ընդգծվում է հայկական ժառանգության դիտավորյալ ոչնչացման և դրանց ինքնության խեղաթյուրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի ֆոնին։
 
Ողջունելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելություն ուղարկելու որոշումը՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է Արցախի հայկական մշակութային ժառանգության համամարդկային կարևորությունը՝ անընդունելի համարելով դրանց պաշտպանության հարցի քաղաքականացումը և այդ գործընթացում արհեստական խոչընդոտներ ստեղծելու ադրբեջանական կողմի պրակտիկան:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն