Միկրոձեռնարկատերերը պետք է մինչև փետրվարի 1-ը ներկայացնեն հաշվետվություն. ՊԵԿ


Միկրոձեռնարկատերերը պետք է մինչև փետրվարի 1-ը ներկայացնեն հաշվետվություն. ՊԵԿ

  • 26-01-2021 14:58:32   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



Միկրոձեռնարկատիրության սուբյեկտներն այս տարի առաջին անգամ պետք է հաշվետվություն ներկայացնեն հարկային մարմին: Պետական եկամուտների կոմիտեից տեղեկացնում են, որ 2020 թ. համար հաշվետությունն անհրաժեշտ է ներկայացնել մինչև 2021 թ. փետրվարի 1-ը: Սահմանված ժամկետը խախտելու դեպքում նախատեսված է վարչական պատասխանատվություն: Պարզ ձևատեսք ունեցող հաշվետվությունը պետք է ներկայացվի բացառապես էլեկտրոնային եղանակով` ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով: 
 
2020 թ. հունվարի 1-ից ՀՀ հարկային օրենսգրքով կատարված փոփոխությունների արդյունքում ներդրված հարկման հատուկ համակարգում ընդգրկված են այն կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և անհատ ձեռնարկատերեր չհանդիսացող ֆիզիկական անձինք, որոնց տարեկան շրջանառությունը չի գերազանցում 24 մլն դրամը: Հաշվետվություն ներկայացնելու պահանջը ֆիզիկական անձանց չի վերաբերում, միայն կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին: 
 
Միկրոձեռնարկատերերն ազատված են պետական հարկերից` որոշ բացառություններով: «Օրինակ` չեն ազատվում դրոշմանիշային վճարներից, ներմուծման հարկից, որպես գործատուներ` վարձու աշխատողներից եկամտային հարկ հաշվարկելու պարտավորությունից: Սակայն հարկման մյուս համակարգերի համար սահմանված դրույքաչափի փոխարեն աշխատողների եկամտային հարկն ավելի պակաս չափով է հաշվարկում` անկախ աշխատավարձի մեծությունից 5000 դրամի չափով»,- ներկայացնում է ՊԵԿ հարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության թիվ 2 բաժնի պետ Մարիամ Մանուկյանը:
 
Միկրոձեռնարկատեր համարվելու չափանիշները մանրամասն նկարագրված են petekamutner.am կայքի «Հրապարակումներ» բաժնի «Այլ հրապարակումներ» ենթաբաժնում տեղադրված իրազեկման թերթիկներում: Սահմանված են նաև այն ոլորտները, որտեղ գործող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը չեն կարող լինել միկրոձեռնարկատեր: 
 
2020 թ. գրանցվել է մոտ 40000 միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, որոնց մեծ մասն իրենց աշխատանքով ինքնուրույն ապահովված անձինք են, և ընդամենը 22000 վարձու աշխատող է ընդգրկված համակարգում: Արտոնյալ համակարգում գործելու համար յուրաքանչյուր տարի անհրաժեշտ է մինչև փետրվարի 20-ը ներկայացնել հայտարարություն` բացառապես էլեկտրոնային եղանակով: Նոր ստեղծված կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը հայտարարություն պետք է ներկայացնեն պետական գրանցում ստանալուց կամ հաշվառվելուց հետո` 20 օրվա ընթացքում:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play