Հայաստանում առաջին անգամ իրականացվել է կորոնավիրուսի 12 ամբողջական գենոմի վերծանում

26-01-2021 15:20:43   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



Հայ-Ռուսական համալսարանի Կենսաինժեներիայի, կենսաինֆորմատիկայի և մոլեկուլային կենսաբանության ամբիոնի և ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի մարդու գենոմիկայի և իմունոմիկայի լաբորատորիայի, կենսաինֆորմատիկայի գիտական խմբի գիտաշխատողներն առաջին անգամ Հայաստանում իրականացրել են նոր կորոնավիրուսի 12 ամբողջական գենոմի վերծանում 3-րդ սերնդի սեքվենավորման կիրառմամբ։
 
Վիրուսի տարբերակների նույնականացման և գենոմում առկա մուտացիաների վերլուծության աշխատանքները դեռևս ընթացքի մեջ են, այդուհանդերձ, նախնական տվյալներով՝ բոլոր նմուշներում առկա է
D614G մուտացիան վիրուսի S գենում, որի առկայությունը պայմանավորում է վիրուսային մասնիկների ավելի մեծ կոնցենտրացիան վերին շնչառական ուղիներում, սակայն չի ազդում հիվանդության ընթացքի ծանրության վրա։
 
Վիրուսի այս տարբերակն ի հայտ է եկել 2020թ․փետրվարին և ամենատարածվածն է աշխարհում։ Ուսումնասիրված 12 նմուշներում չի հայտնաբերվել նոր կորոնավիրուսի բրիտանական կամ հարավաֆրիկյան տարբերակները։ Վերլուծությունները շարունակվում են։
 
Երրորդ սերնդի Oxford Nanopore MinION սեքվենատորը և սեքվենավորման համար անհրաժեշտ հարակից սարքերը ձեռք են բերվել Նորարարությունների մրցակցային հիմնադրամի երկրորդ շրջափուլի շրջանակներում Հայ-Ռուսական համալսարանում իրականացվող «Գենային ճարտարագիտության, գենոմի խմբագրման և 3-րդ սերնդի սեքվենավորման գերազանցության կենտրոն» դրամաշնորհային ծրագրով և Seeding Labs «Instrumental Access» սարքավորումների 2017 և 2019թթ․դրամաշնորհների շրջանակներում։
 
Վիրուսի սեքվենավորման համար անհրաժեշտ նյութերի մի մասը տրամադրել է Շվեդիայի Կառոլինսկա ինստիտուտի պոստդոկ կ.գ.թ. Լիլիթ Ներսեսյանը, իսկ մյուս մասը ձեռք է բերվել Հայ-Ռուսական համալսարանի ֆինանսավորմամբ։
 
Նմուշները տրամադրվել են ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ Ռեֆերենս լաբորատոր կենտրոնի կողմից։
 
ՀՌՀ մամուլի ծառայություն
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 270 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար