Փետրվարի 1-ից քաղաքացիները կարող են մեկնել ՌԴ՝ գործարկվում է «Ճամփորդում եմ առանց COVID-19» հավելվածը․Նիկոլ Փաշինյան

27-01-2021 11:18:28   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



 
 
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
 
Նախքան օրակարգային հարցի քննարկումը վարչապետը հայտնել է,
որ  գործարկվում է «Ճամփորդում եմ առանց COVID-19-ի» հավելվածը: «Նախորդ տարվանից ծավալվող նոր տիպի կորոնավիրուսի համավարակով  պայմանավորված ճամփորդությունների հետ կապված բազմաթիվ սահմանափակումներ էին առաջացել։ Եվ մեր բազմաթիվ հայրենակիցներ հարց էին բարձրացնում ՌԴ-ի հետ օդային հաղորդակցությունը վերականգնելու վերաբերյալ, որովհետև դա նաև որոշակի սոցիալական կոմպոնենտ ունեցող հարց էր: Գիտեք, որ մեր բազմաթիվ հայրենակիցներ արտագնա աշխատանքի էին մեկնում Ռուսաստանի
Դաշնություն:
 
 Մենք նախորդ տարվանից Ռուսաստանի և Եվասիական տնտեսական միության մեր գործընկերների հետ աշխատում ենք այս ուղղությամբ: Եվ ահա ունենք կարծես կոնկրետ արդյունք. մեկնարկում է, գործարկվում է «Ճամփորդում եմ առանց COVID-19» ծրագիրը, որի վերաբերյալ արդեն Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության կառավարությունները կայացրել են որոշումներ: Ծրագրի էությունը հետևյալն է, որ կորոնավիրուսի բացասական թեստի հիման վրա քաղաքացիները հնարավորություն կունենան ճամփորդել օդային տրանսպորտով դեպի Ռուսաստանի Դաշնություն, դեպի կոնկրետ օդանավակայաններ: Այս ծրագիրն առայժմ մեկնարկում է պիլոտային փորձանական կարգով մինչև մարտի 1-ը, բայց գործնականում կարծում ենք, որ այն կաշխատի, որովհետև նախափորձարկումն արդեն հաջող է անցել»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:
 
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մանրամասներ է ներկայացրել ծրագրի վերաբերյալ և նշել, որ ստեղծվել է էլեկտրոնային հարթակ, որում գրանցվել են մի շարք լաբորատորիաներ: «Քաղաքացին կարող է իր հեռախոսում ներբեռնել համապատասխան «Путешествую без COVID» հավելվածը: Այն հեշտությամբ կարելի է գտնել և ներբեռնել հեռախոսի մեջ: Այդ հավելվածում նշված են այն լաբորատորիաները, որոնք գործում են այս կարգի համաձայն և ընդգրկված են ծրագրում: Կարող են այս լաբորատորիաներից մեկում  հանձնել թեստը: Թեստի արդյունքները QR կոդով կարդացվում են համապաստախան ծրագրով: Թեստի բացասական պատասխանի արդյունքում կանաչում է նրա ազատ տեղաշարժի պատուհանը և նա կարողանում է հատել սահմանը: Ուղղակի պիտի խնդրենք, որ քաղաքացիները վստահ լինեն, որ հավելվածն իրենց հեռախոսում աշխատում է, որ թեստի պատասխանը արված է առնվազն 72 ժամվա ընթացքում»,-ասել է նախարարը՝ նշելով, որ որոշումն ուժի մեջ է մտնում փետրվարի 1-ից: 
 
Վարչապետի խոսքով՝ դա ենթադրում է, որ թռիչքները կընդլայնվեն, կավելանան. «Սա շատ կարևոր ծրագիր է, և ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Եվրասիական տնտեսական միության մեր գործընկերներին, Ռուսաստանի Դաշնության կառավարությանը, ծրագրի բոլոր մասնակիցներին  այս ակտիվ և արդյունավետ համագործակցության համար: Սա եղել է Հայաստանի Հարապետության կառավարության նախաձեռնությունը, որը աջակցություն է ստացել գործընկերների կողմից, իոկ  Եվրասիական բանկը ֆինանսավորել է ծրագիրը: Եթե լինեն տեխնիկական խնդիրներ, ապա դրանք կլուծվեն  և  օդային հաղորդակցությունը ժամանակի ընթացքում լիարժեք կվերականգնվի: Հույս ունեմ, որ արդեն փետրվարի վերջ՝ մարտի սկզբին, կունենանք նախորդ ամբողջ ուղևորափոխադրումների ծավալը»:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 201 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար