Առողջապահության նախարարը ներկայացրել է Ռուսաստան սահմանը հատելու նոր կարգը


Առողջապահության նախարարը ներկայացրել է Ռուսաստան սահմանը հատելու նոր կարգը

  • 27-01-2021 11:30:57   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կառավարության այսօրվա նիստում մանրամասնեց, թե ինչպես ՀՀ քաղաքացիները կարող են կորոնավիրուսի թեստ հանձնել ու մեկնել Ռուսաստան։
 
«Ստեղծվել է էլեկտրոնային հարթակ, որում գրանցվել են մի շարք լաբորատորիաներ։ Կարգում մանրամասն տրված են այն չափորոշիչները, որոնց պետք է համապատասխանի լաբորատորիան։ Եվ քաղաքացին, ներբեռնելով իր հեռախոսի մեջ համապատասխան հավելվածը` путешествую без covid, այդ հավելվածում նշված են այն լաբորատորիաները, որոնք գործում են այս կարգի համաձայն և ընդգրկված են ծրագրում, մոտենալ լաբորատորիա, հանձնել թեստը։ Եվ թեստի բացասական արդյունքում կանաչում է նրա ազատ տեղաշարժի պատուհանը։ Եվ քաղաքացին կարողանում է հատել սահմանը»,- ասաց նախարարը։
 
Քաղաքացին պետք է թեստավորվի թռիչքից ամենաուշը 72 ժամ առաջ։
 
Նախարարն ասաց՝ նախափորձարկման փուլն անցել է, արդեն վեց հոգի ամբողջ գործընթացն անցել են։ Ծրագիրն ուժի մեջ է մտնելու այս տարվա փետրվարի մեկից։
 
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց՝ սա ենթադրում է, որ թռիչքները դեպի ՌԴ կընդլայվեն, չվերթները կավելանան։
 
«Սա շատ կարևոր ծրագիր է, և ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ԵԱՏՄ մեր գործընկերներին և Ռուսաստանի Դաշնության կառավարությանը՝ այս ակտիվ և արդյունավետ համագործակցության համար։ Սա եղել է ՀՀ կառավարության նախաձեռնությունը, որն աջակցություն է ստացել գործընկերների կողմից։ Եվ Եվրասիական բանկը ֆինանսավորել է ծրագիրը»,- հավելեց վարչապետը։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն