Ճապոնիայի կառավարությունն աջակցում է Իջևան քաղաքի աղբահանության համակարգի զարգացմանը

27-01-2021 11:38:54   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



Հունվարի 26-ին, Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) կենտրոնական գրասենյակում ՀՀ-ում Ճապոնիայի Արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պրն. Ջուն Յամադան և ՀԿԽԸ նախագահ Մխիթար Մնացականյանը ստորագրեցին «Փոխենք մտածելակերպը,
մաքրենք քաղաքը» ծրագիրը, ըստ որի կբարելավվի Տավուշի մարզի Իջևան քաղաքի աղբահանության համակարգը։ Ստորագրման արարողությանը ներկա էին նաև Իջևանի քաղաքապետը, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարարության և Տավուշի մարզպետարանի ներկայացուցիչներ։
 
Ճապոնիայի կառավարության աջակցությամբ՝ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը Իջևանում կտեղադրի 240 աղբաման և քաղաքապետարանին կտրամադրի համապատասխան աղբահավաք մեքենա։ Իջևանի քաղաքապետարանը կապահովի աղբի հավաքման գործընթացի հետագա տեխնիկական սպասարկումը։
 
Համայնքների դիմակայունության բարձրացմանը և զարգացմանն ուղղված
նմանատիպ ծրագրերը մեծապես փոխում են մարդկանց կյանքի որակը՝ էապես փոխելով նրանց մտածելակերպը։ Հայկական Կարմիր խաչի ընկերությունն իր ծրագրերն իրականացնելիս նպատակ  է դնում մտածողություն և վարքագիծ փոխել՝ արմատավորելով մարդասիրական արժեքները, և այս մեկն էլ այդ առումով բացառություն չէ –  ասաց ՀԿԽԸ նախագահ Մխիթար Մնացականյանը։  – Ճապոնիայի կառավարության հետ հաջող համագործակցության փորձ ունենք, այնպես որ վստահ եմ այս ծրագրի արդյունավետության մեջ։
 
Իր հերթին ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան ընդգծեց, որ ենթակառուցվածքի բարելավումը, թափոնների պատշաճ կառավարման փորձը և շրջակա միջավայրի պահպանության վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացումը կնպաստեն Հայաստանի կայուն զարգացման նպատակների իրագործմանն: Դեսպան Յամադան նաև շեշտեց, որ այս օժանդակությունը կդառնա ոչ միայն քայլ ուղղված Հայաստանի շրջակա միջավայրի անվտանգության բարելավմանը, այլև կդառնա ամուր կապ և բարեկամության մարմնացում, ինչպես նաև փոխադարձ համակրանք, որը ավանդաբար ձևավորում է Ճապոնիայի և Հայաստանի հարաբերությունների հիմքը։
 
2020 թվականին Իջևանի քաղաքապետարանը դիմել էր ՀԿԽԸ-ին` աղբի կառավարման բարելավմանն աջակցելու համար: Համայնքի դիմակայունության բարձրացմանն ուղղված «Փոխենք մտածելակերպը, մաքրենք քաղաքը» ծրագրի միջոցով աղբի հավաքման համակարգի կատարելագործումը կնպաստի բնապահպանական իրավիճակի բարելավմանը և աղետների ռիսկը նվազեցմանը:
 
90-ականներին Իջևանով անցնող Աղստև գետի ջրերը աղտոտվում էին Դիլիջանի «Իմպուլս» գործարանի և Իջևանի Գորգերի գործարանի թափոններով: Այժմ գետը աղտոտող արդյունաբերական ձեռնարկություններ չկան, սակայն անհրաժեշտություն կա բարելավել աղբահանության գործընթացը, որպեսզի կենցաղային թափոնները չաղտոտեն ու չխցանեն գետը՝ ստեղծելով ջրհեղեղի ռիսկ:
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 228 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար