Նախատեսվում է ներդնել օրինապահ հարկ վճարողների խրախուսման առավել գրավիչ համակարգ

27-01-2021 13:25:54   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



 
 
Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին: Նախագծերի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության կողմից որդեգրած՝ հարկային կամավոր կարգապահության խրախուսման, օրինապահ հարկ վճարողների համար գործունեության բարենպաստ պայմաններ ստեղծելու անհրաժեշտությամբ: 
 
«ՀՀ Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագծով  նախատեսվող իրավակարգավորումների արդյունքում ակնկալվում է ներդնել օրինապահ հարկ վճարողների խրախուսման առավել գրավիչ համակարգ. նորմատիվ հիմքեր է ստեղծվում և վերանայվում է օրինապահ հարկ վճարողի հավաստագրի տրամադրման համակարգը` նախատեսելով հավաստագրման և խրախուսման համապատասխան մեխանիզմներ: Ըստ այդմ՝ բարենպաստ պայմաններ կստեղծվեն  hարկ վճարողների կողմից հարկային պարտավորությունների կամավորությամբ կատարելու սկզբունքի արմատավորման և հարկային մարմին-հարկ վճարող գործընկերային հարաբերությունների առավել ամրապնդման համար։ Միաժամանակ՝ այն կխթանի հարկ վճարողների ինքնագնահատման համակարգի զարգացմանը՝ ինչն էլ կհանգեցնի հարկային և մաքսային կարգապահության, հարկային և մաքսային մարմինների գործունեության թափանցիկության բարձրացմանը, հարկային մարմնի հանդեպ վստահության մթնոլորտի ձևավորմանը՝ նպաստելով տնտեսավարող սուբյեկտների կողմից հարկային պարտավորությունների պատշաճ կատարմանը և հարկային եկամուտների ապահովմանը, օրինապահ հարկ վճարողների ցանկի ընդլայնմանը։
«ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծով, նպատակ ունենալով ընդգծել պետական ֆինանսների կառավարման ոլորտում բյուջետային
մուտքերի ապահովման գործում հարկ վճարողների դերը և  խրախուսել հարկ վճարողների կողմից հարկային պարտականությունների կամավոր, ժամանակին ու ճշգրիտ կատարման պատրաստակամությունը՝ առաջարկվում է ապրիլի 19-ը սահմանել Հարկ վճարողի օր։
 
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյան նշել է, 2020 թ.-ին եղել է օրինապահ հարկ վճարողի հավաստագրի ստացման 256 դիմում, որից բավարարվել է 140-ը: 
 
Անդրադառնալով օրինագծերին՝ կառավարության ղեկավարը նշել է. «Ուզում եմ մեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ պատերազմի ընթացքում մենք հարկ վճարողների վարքագծի որոշակի փոփոխություն նկատեցինք և զգացինք, ինչն արտահայտվում էր կարգապահության առավել բարձր աստիճանով: Դա չափազանց կարևոր երևույթ է, որովհետև, ըստ էության, մենք փորձում ենք արձանագրել հարկեր գեներացնելու և հարկեր վճարելու քաղաքացիների գործունեության և պետության և նրա կառույցների և ինստիտուտների կարողունակության և հզորության հարցը: Այս գիտակցումը, իհարկե, պետք է լրջորեն խրախուսել, որովհետև ցանկացած պետություն և պետության հզորություն կախված է նրանից, թե տվյալ երկրում մարդիկ տնտեսական գործունեություն ծավալելու ինչպիսի հնարավորություններ ունեն, այդ տնտեսական գործունեության ծավալման արդյունքում ինչպիսի արդյունք են գեներացնում, այդ արդյունքի գեներացման գործընթացում ինչպիսի հարկային պարտավորություններ են առաջանում և այդ պարտավորություններն ինչպես են կատարվում: Այնպես որ, հարկային կարգապահությունը բարելավելը,  իհարկե, ռազմավարական խնդիր է և այս նախագծով առաջարկվում է պարտաճանաչ հարկատուների նկատմամբ վստահության բարձր աստիճան արձանագրել և սրանից բխող ավելի հարմարավետ պայմաններ ստեղծել այդ հարկ վճարողների համար»:
 
Հավանության է արժանացել նաև «Սոցիալական աջակցության մասին»  և հարակից մի շարք օրենքներում  փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերը: ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը համարվել է անհետաձգելի և սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով: Նախագծի նպատակը սոցիալական պաշտպանության բնագավառում ՀՀ կառավարութան որդեգրած քաղաքականության իրականացման արդյունավետ մեխանիզմների ներդրումն է: Նախագծով, մասնավորապես, առաջարկվում է  Ինտեգրված սոցիալական ծառայությունների պետական գրասենյակի փոխարեն ստեղծել Միասնական սոցիալական ծառայության տեսքով՝ Սոցիալական ապահովության ծառայության հիմքի վրա: Նախագծով առաջարկվող նման կառուցվածքային փոփոխությունը թույլ կտա ապահովել ընտանիքների և քաղաքացիների սոցիալական կարիքի համալիր և միասնական գնահատման արդյունավետ համակարգի ներդրումը։ Այդ փոփոխությունը մեծապես կնպաստի նորաստեղծ Միասնական սոցիալական ծառայության աշխատանքների բարելավմանը, անխափան
աշխատանքին և դրանց կառուցվածքային մոդելի արդյունավետության բարձրացմանը, լիարժեք կայացմանը։ Նախատեսվում է բնակչության սոցիալական կարիքների առավել հասցեական և ամբողջական գնահատման, մատչելի, նպատակային և որակյալ սոցիալական համայնքահենք ծառայությունների ամբողջական փաթեթով անխափան տրամադրման ապահովում՝ կիրառելով դրա իրականացման համար առավել ճկուն և արդյունավետ մեխանիզմներ: 
 
Վարչապետ Փաշինյանը կարևորել է նախագծերի ընդունումը և նշել. «Մենք այս քաղաքականությունը որդեգրել ենք ոչ միայն սոցիալական, այլ նաև քաղաքացիական ծառայությունների մատուցման ոլորտում:  Նպատակը հետևյալն է՝ մարդիկ ինչ-որ սոցիալական խնդիրներ լուծելու համար ստիպված են լինում մի քանի գրասենյակներ գնալ: Մենք այնպիսի ենթակառուցվածք կձևավորենք, որ մարդիկ հնարավորինս քիչ տեղեր գնալու անհրաժեշտություն ունենան»:
 
Կառավարության մեկ այլ որոշմամբ էլ առաջարկվել է ԱԺ նախագահին փետրվարի 3-ին ժամը 11:00-ին գումարել Ազգային ժողովի արտահերթ նիստ:
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 210 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար