Հարկային կարգապահությունը բարելավվելը ռազմավարական խնդիր է. նախատեսվում է ապրիլի 19-ը նշել որպես հարկ վճարողի օր

27-01-2021 14:15:29   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



Կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը: 
 
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը նշեց, որ նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության կողմից որդեգրած հարկային կամավոր կարգապահության խրախուսման, օրինապահ հարկ վճարողների համար գործունեության բարենպաստ պայմաններ ստեղծելու, ինչպես նաև հարկային մարմին-հարկ վճարող գործընկերային հարաբերությունների առավել ամրապնդման համար անհրաժեշտ նորմատիվ հիմքերի ապահովմամբ:
 
«Հարկ վճարողի դիմումի հիման վրա կառավարության կողմից սահմանված
կարգով ուսումնասիրվելու և տրամադրվելու է օրինապահ հարկ վճարողի հավաստագիր: Նախագծելով հիմքեր է ստեղծվում և վերանայվում է օրինապահ հարկ վճարողի հավաստագրի տրամադրման համակարգը` նախատեսելով հավաստագրման և խրախուսման համապատասխան մեխանիզմներ, որպեսզի հարկային կարգապահությունը ընկալվի ոչ միայն որպես պարտավորություն, այն նաև գնահատվի, լինի շահավետ և գրավիչ»,- ասաց ՊԵԿ նախագահը:
 
Մյուս նախագծով էլ նախատեսվում է ունենալ հարկ վճարողի օր: «Հաշվի առնելով, որ 1992թ. ապրիլի 19-ին առաջին անգամ ընդունվել է «Հայաստանի Հանրապետությունում հարկերի մասին» ՀՀ օրենքը, որով, ըստ էության, Հայաստանի Հանրապետությունում ձևավորվել են հարկային համակարգը և վերջինիս սկզբունքները, հարկային մարմին և հարկ վճարող հարաբերությունները՝ առաջարկվում է հարկ վճարողի օր սահմանել ապրիլի 19-ը»,- ասաց Հովհաննիսյանը:
 
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ պատերազմի ընթացքում հարկ վճարողների վարքագծի որոշակի փոփոխություն են զգացել, որն արտահայտվում էր կարգապահության առավել բարձր աստիճանով, ինչը կարևոր է: «Ցանկացած պետության հզորություն
կախված է նրանից, թե տվյալ երկրում տնտեսական գործունեություն ծավալելու ինչ հնարավորություններ ունեն, ինչ արդյունք են գեներացնում և ինչպես են հարկային պարտավորությունները կատարվում: Հարկային կարգապահությունը բարելավվելը ռազմավարական խնդիր է և առաջարկվում է պարտաճանաչ հարկատուների նկատմամբ վստահության բարձր աստիճան ունենալ ու հարմարավետ պայմաններ ստեղծել», - ասաց Փաշինյանը:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 236 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար