Վահրամ Դումանյանը կարևորել է ինստիտուցիոնալ ուղղությամբ Էրազմուս + ծրագրի շարունակությունը


Վահրամ Դումանյանը կարևորել է ինստիտուցիոնալ ուղղությամբ Էրազմուս + ծրագրի շարունակությունը

  • 27-01-2021 15:41:09   | Հայաստան  |  Հասարակություն

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է Էրազմուս+ ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովային և ծրագրի փորձագետ Արայիկ Նավոյանին: Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ու նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանը: 
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրամիության աջակցությամբ Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում Էրազմուս+ ծրագրով իրականացվող  համագործակցության, բուհերի կարողությունների զարգացմանը, ուսանողների, դասախոսների և բուհերի աշխատակազմերի շարժունությանն ու նորարարությանը միտված  ծրագրերը:
 
Ընդգծելով, որ Էրազմուս+ ծրագրի իրականացումը Եվրամիության կարևոր ներդրումներից մեկն է Հայաստանում` նախարար Վահրամ Դումանյանը կարևորել է համագործակցության շարունակությունը և առաջարկել հետագա փուլում շեշտը դնել բարձրագույն կրթության ոլորտում ինստիտուցիոնալ բարեփոխումներ նախատեսող ծրագրերի վրա:  Լանա Կառլովան նշել է, որ անցյալ տարի ավարտված Էրազմուս+ գործողությունների 2014-2020 թվականների շրջափուլի ընթացքում Հայաստանում իրականացվել է շուրջ 30 ծրագիր, որի շրջանակում հայաստանյան բուհերը եվրոպական և տարածաշրջանային  համալսարանների հետ համագործակցելով ձևավորել են կոնսորցիումներ և ընդգրկվել տարբեր ծրագրերում: Նշված ծրագրերից 10-ն արդեն ավարտված է, 7-ը մեկնարկելու է առաջիկայում, իսկ մնացածն ընթացքի մեջ են կամ ավարտական փուլերում: Նոր մեկնարկող ծրագրերից մեկով Հայաստանի բուհական համակարգում առաջին անգամ կփորձարկվի աշխատանքի վրա հիմնված ուսուցման դուալ կրթության մոդելը:
 
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են  նաև Էրազմուս + ծրագրի հաջորդ` 2021-27 թվականների փուլով նախատեսված աշխատանքները:
 
Նախարարը կարևորել է միջազգային համագործակցության ծրագրերում կրթական հանրության ավելի լայն ընդգրկվածությունը, այդ ծրագրերի չափելի արդյունքները` պատրաստակամություն հայտնելով ապահովել ԿԳՄՍ նախարարության առավել սերտ կապը Էրազմուս+ գրասենյակի հետ բոլոր այն ծրագրերի ուղղությամբ, որոնք կնպաստեն Հայաստանի բարձրագույն կրթության համակարգի զարգացմանը, բուհերի կառուցվածքային և ծրագրային բարեփոխումներին: Լանա Կառլովայի խոսքով` իրականացվող ծրագրերի արդյունավետության առաջնային նախադրյալներից մեկը կադրերի ճիշտ ընտրությունն է, որոնք հետագայում իրենց ծրագրային փորձն ու գիտելիքներն արդյունավետ կփոխանցեն բուհերի հնարավոր շահառուներին:
 
Նշվել է, որ Էրազմուս+ ծրագրի շրջանակում ՀՀ բուհերը համագործակցում են Լեհաստանի, Իսպանիայի, Իտալիայի, Գերմանիայի, Բուլղարիայի, Ֆրանսիայի, Խորվաթիայի, Միացյալ Թագավորության, Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի և մի շարք այլ երկրների բուհերի հետ:
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստանի բարձրագույն կրթության համակարգի բարեփոխումներին առնչվող մի շարք խնդիրներ:
 
ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ
 
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն