«Որքան անսահման է մարդու երևակայությունը,այդքան էլ անսահման է իմ սերը դեպի հայրենիքը». Կարեն Գրիգորյան

27-01-2021 18:00:35   | Հայաստան  |  Հասարակություն



 
Անմնացորդ նվիրումով է տարիներ շարունակ իր առաքելությունն իրականացրել Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի N զորամասի հրամանատար, գնդապետ Կարեն Գրիգորյանը ։ 
 
Իսկական հայրենասեր է, բայց իր մասին խոսել չի սիրում: Հայրենիքը սրտում փայփայող զինվորականի  մասին վկայում է նրա կատարած աշխատանքը: Այդպիսին է գնդապետ Գրիգորյանը, մարդ, ում համար հայրենիքը՝ Արցախն ու Հայաստանը, անփոխարինելի արժեքներ են, ով հայրենիքի հզոր լինելու առհավատչյան տեսնում է միայն նրան ծառայելու անմնացորդ նվիրումի մեջ։ 
 
«Որքան անսահման է մարդու երևակայությունը, այդքան էլ անսահման է իմ սերը դեպի հայրենիքը», խոստովանում է հայրենիքին Նժդեհի աչքերով նայող Կարեն Գրիգորյանը։
 
Փայլուն հրամանատարն ու խելահեղ մարտիկը գործով է բազմիցս ապացուցել իր սերն ու նվիրումը առ հայրենիք: Արցախյան երեք  պատերազի մասնակիցը մշտապես փայլել է իր մարտավարական վարպետությամբ ու խիզախությամբ: 
 
Կարեն Գրիգորյանը ծնվել է Մարտունու շրջանի Մուշկապատ գյուղում։ Արմատներով իր հողին ամուր կպած արցախցին հստակ գիտեր, որ հայերնի հողն ու տունը պաշտպանելու համար նախևառաջ զինվոր պիտի լինի: 1990 թ-ին Կ. Գրիգորյանը կիսատ է թողնում ԵՊՀ-ում ուսումն ու մեկնում Արցախ: Վստահ
էր` ռազմաճակատում իր կարիքն ավելի էր զգացվում:  
 
Կարեն Գրիգորյանը ՀՀ և ԱՀ հերոս Մոնթե Մելքոնյանի հրամանատարությամբ մասնակցում է Արցախի գրեթե բոլոր շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ 1994 թվականից զբաղեցնում է սպայական տարբեր պաշտոններ՝ դասակի հրամանատարից մինչև զորամասի հրամանատար։ 
Գնդապետ Գրիգորյանի հրամանատարությամբ զորամասը 2016 թ-ին արժանանում է «ԶՈՒ լավագույն զորամաս» պատվավոր գնահատականի։ Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը հակառակորդը սահմանի ամբողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմագործողություն է ծավալում․ սկսվում է Արցախյան երկրորդ, հետագայու քառօրյա անունը ստացած պատերազմը։ Գնդապետ Գրիգորյանն իր ստորաբաժանումների հետ կարողանում է ոչ միայն անառիկ պահել իր հսկողության տակ գտնվող դիրքերը, այլև մեծ կորուստներ պատճառելով թշնամուն՝ հետ է շպրտում ելման դիրքեր:
 
Անկոտրուն ոգի ունեցող Կարեն Գրիգորյանն իր քաջությունը ևս մեկ անգամ ցույց է տալիս Արցախյան երրորդ՝ 44-օրյա պատերազմի ժամանակ։ Հադրութ, Ջաբրայիլ, Ֆիզուլի, Մարտունի, Մարտակերտ․ գնդապետ Գրիգորյանն ամենուր էր։ Նա և՛ հրամանատար էր, և՛ զինվոր։ Անուրանալի է գնդապետի ներդրումը հանուն հայրենիքի մղված պատերազմին: 
 
Նա արժանացել է մի շարք պետական և գերատեսչական մեդալների. «Մարտական խաչ» առաջին և երկրորդ աստիճանի, «Հայրենիքին մատուցած ծառայության» երկրորդ, «ՀՀ մարտական ծառայություն», «Արցախի հանրապետության արիություն», «Վազգեն Սարգսյան», «Անդրանիկ Օզանյան», «Գարեգին Նժդեհ», «Անբասիր» առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ աստիճանի շքանշաններով։ 
 
Խոսելով զինվորների պատրաստվածության և խիզախության մասին՝ Կ. Գրիգորյանը նշում է․ «Կասկած չունեի, որ հայ զինվորը և հատկապես այսօրվա տասնութ-քսան տարեկան մարտիկը կկարողանա պաշտպանել հայրենիքը։ 90-ականներին ես նրանց տարիքին եմ եղել, և իմ առաջ դրված խնդիրներից ոչ մի դեպքում հետ չեմ կանգնել»։ Որպես հրամանատար  վստահեցնում է, որ աշխարհի ոչ մի պետության հայկական բանակի զինվորի ուժն ու խիզախությունը չունի: 
Կարեն Գրիգորյանը լավ գիտի խաղաղության գինը, որը սրբագործված է մեր հայրենիքի սահմանների համար կյանքը զոհաբերած հայորդիների արյամբ: «Նրանցից շատերը իմ ընկերներն
էին, զինվորները»,- ասում է երեք պատերազմով անցած գնդապետը և շարունակում,- «Հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհած մեր հերոսները, գուցե ֆիզիկապես մեզ հետ չեն, բայց նրանք միշտ կապրեն մեր սրտերում: Մենք պարտավոր ենք հիշել ու շարունակել մեր հերոսացած ընկերների գործը, սերունդներին էլ պատմել նրանց մասին, հաղթելու և խաղաղ երկինք ապահովելու երդում տալ, որ նրանց հոգիները խաղաղ հանգչեն»։
Գնդապետ Կարեն Գրիգորյանը երեք զավակ ունի՝ երկու դուստր, մեկ որդի։ Շուտով որդին կզորակոչվի բանակ: Զինվոր որդի ունենալը ավելի հպարտ է դարձնում գնդապետ հորը: «Թող խաղաղություն լինի, թող մեր երեխաները վերջին սերունդը լինեն, որ տեսան պատերազմը...»,- եզրափակում է գնդապետը։
 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 1097 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար