Սուրեն Պապիկյանն ընդունել է ԶֆԳ փոխտնօրեն Բերտրան Վալկենարին

27-01-2021 19:18:05   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



 
Տարածքային կառավարման և
ենթակառուցվածքների  նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է  Հարավային Կովկասի Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) փոխտնօրեն Բերտրան Վալկենարի և ԶՖԳ Հարավային Կովկասի գրասենյակի տնօրեն Ռաֆայել Ժոզանի գլխավորած պատվիրակությանը։
 
Նախարար Պապիկյանը բարձր է գնահատել ՀՀ կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև հաստատված գործընկերության բարձր մակարդակը։
 
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ֆրանսիայի կառավարությանը և Զարգացման ֆրանսիական գործակալությանը մեր երկրում ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ներդրումների համար։ Մեր գործընկերության արդյունավետության մասին են վկայում Վեդիի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման ծրագրի ուղղությամբ համատեղ աշխատանքի արդյունքում վերջերս արձանագրված հաջողությունները»,- ընդգծել  է նախարար Պապիկյանը։
 
Զրուցակիցները քննարկել են փոխգործակցության շրջանակի ընդլայնմանն առնչվող հարցեր։
 
Սուրեն Պապիկյանն անդրադարձել է նախարարության մի շարք առաջնահերթ ծրագրերին և կարևորել գործընկերների հնարավոր աջակցությունը ճանապարհաշինության, ջրամբարաշինության,  համայնքներում ոռոգման համակարգի արդիականացման, վարչատարածքային բարեփոխումների շրջանակում համայնքների կարողությունների զարգացման և այլ հարցերում։
 
Բերտրան Վալկենարը նույնպես ընդգծել է Վեդիի ջրամբարի շինարարության կարևորությունը ֆրանսիական կողմի համար և այն բնութագրել որպես խորհրդանշական ծրագիր հայ-ֆրանսիական պատմական կապերի վրա հիմնված գործընկերության մեջ։
 
Իր խոսքում Բերտրան Վալկենարը մանրամասնել է ԶՖԳ ներդրումային գերակա ուղղությունները և վերահաստատել ֆրանսիական կողմի պատրաստակամությունը՝ շարունակել համագործակցությունը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 307 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար