Հայաստանը Կոռուպցիայի ընկալման համաթվում էական առաջընթաց գրանցող երկիր է. Բադասյան


Հայաստանը Կոռուպցիայի ընկալման համաթվում էական առաջընթաց գրանցող երկիր է. Բադասյան

  • 28-01-2021 11:24:41   | Հայաստան  |  Հասարակություն

 
 ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
 
«Կոռուպցիայի դեմ պայքարը տալիս է իր արդյունքները. Հայաստանը Կոռուպցիայի ընկալման համաթվում էական առաջընթաց գրանցող երկիր է
 
Սիրելի՛ հայրենակիցներ
 
Հրապարակվել են Թրանսփարենսի ինթերնեշնլի Կոռուպցիայի ընկալման համաթվի (ԿԸՀ) 2020 թվականի արդյունքները: 
 
Հայաստանը շարունակում է զգալիորեն աճ գրանցել՝ այս տարի ևս 7 միավորով բարելավելով նախորդ տարվա արդյունքը:
 
Այսպես, ունենալով 49 միավոր՝ Հայաստանը զբաղեցրել է 60-րդ հորիզոնականը (2019 թվականին՝ 77-րդ հորիզոնական, 2018 թվականին՝ 105):
 
ԹԻ-ն նշում է, որ 49 միավորով Հայաստանը Կոռուպցիայի ընկալման համաթվում էական առաջընթաց գրանցող երկիր է, որը 15 միավորով բարելավել է արդյունքը 2012 թվականից ի վեր։ 
 
Հայաստանը որդեգրել է բարեփոխումներ իրականացնելու աստիճանական մոտեցում՝ հանգեցնելով հակակոռուպցիոն կայուն և դրական բարեփոխումների։ 
 
Միաժամանակ, ԹԻ նշմամբ դատական համակարգում առկա խնդիրները դեռևս շարունակում են մարտահրավեր լինել կոռուպցիայի դեմ պայքարում լիարժեք հաջողելու համար։ 
 
Հիշեցնեմ, որ ԿԸՀ-ի արդյունքները կարևորվում են այն առումով, որ գնահատում է պետության իրականացրած քայլերի վերաբերյալ քաղաքացիների ընկալումը։
 
Վստահ եմ՝ հակակոռուպցիոն հետևողական ու իրական բարեփոխումները, դատաիրավական համակարգի բարեփոխումները կնպաստեն նաև մեր զինված ուժերի հզորացմանը: 
 
Շնորհավոր Հայոց բանակի օրը...
 
Փառք ու պատիվ հայրենիքի մեր պաշտպաններին...
Խոնարհումս իրենց կյանքը մեր հայրենիքին նվիրած հայորդիների հիշատակին»:
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play