Հրապարակվել է ԼՂ հակամարտությունից տուժածների աջակցման ՄԱԿ-ի ծրագրի առցանց տարբերակը


Հրապարակվել է ԼՂ հակամարտությունից տուժածների աջակցման ՄԱԿ-ի ծրագրի առցանց տարբերակը

  • 28-01-2021 19:11:49   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի թիմը, Մշտական համակարգող Շոմբի Շարփի և ՄԱԿ-ի փախստականների գրասենյակի ղեկավարությամբ, գործընկեր ՀԿ-ների հետ միասին, հրապարակել է Հայաստանի Միջգործակալական արձագանքման ծրագիրը: Ծրագիրը նախապես ներկայացվել է Կառավարությանը և դոնոր համայնքին:
 
Արձագանքման ծրագիրը, որը լրացնում է Կառավարության աջակցության նախաձեռնությունները, գործելու է մինչև 2021 թ. հունիսը, և ծառայում է որպես համակարգման և պաշտպանության գործիք: Այն նախանշում է մարդասիրական աջակցության առաջնահերթությունները, մինչ օրս իրականացված ծրագրերը, ինչպես նաև՝ նոր միջոցների հավաքման կոչ է անում, որոնք անհրաժեշտ են Հայաստանում ապաստանած շուրջ 90000 մարդկանց և նրանց հյուրընկալած համայնքների կարիքները հոգալու համար:
 
Արձագանքման պլանը ներառում է 36 մարդասիրական գործընկեր և 62,6 մլն ԱՄՆ դոլարի ընդհանուր ֆինանսական պահանջներով 188 նախագիծ` վեց հիմնական ոլորտներում անհրաժեշտ օգնությունն ապահովելու համար (պաշտպանություն, այդ թվում՝ երեխաների պաշտպանություն, կրթություն, ապաստան և ոչ պարենային ապրանքներ, սննդի անվտանգություն և սնուցում, առողջապահություն և վաղ վերականգնում):
 
«Հակամարտության առաջին իսկ օրվանից, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը, իր գործընկերների հետ միասին, ջանասիրաբար աշխատել է՝ հոգալու համար իրենց տները հարկադրված լքած անձանց առաջնային կարիքները, և այս Ծրագիրը ներկայացնում է էլ ավելի մեծ աջակցության և համերաշխության կարևոր նոր հնարավորություն՝ բարելավելով մարդասիրական դոնորների ներգրավում»,- նշել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը՝ Միջգործակալական արձագանքման ծրագրի ներկայացմանը:
 
Կառավարության ներկայացուցիչները, այդ թվում՝ գործընկեր նախարարությունները, բարձր են գնահատել ճգնաժամի արձագանքման շուրջ ՄԱԿ-ի, միջազգային հանրության և ՀԿ-ների հետ համագործակցությունը և կարևորել Արձագանքման ծրագրի դերը՝ գործընկերության հետագա ընդլայնման հարցում:
 
«Չնայած հակամարտությունն ավարտվել է, Հայաստանում փախստականների կարգավիճակում գտնվող մարդիկ հրատապ մարդասիրական աջակցության կարիք ունեն, ինչն էլ ավելի է սրվել ձմռան հետևանքով: Ծրագիրը Կառավարությանը աջակցելու մեր համատեղ ջանքն է՝ այս մարդկանց թե՛ անմիջապես, թե՛ միջնաժամկետ կտրվածքով աջակցելու նպատակով: Ծրագիրը նաև հաշվի է առնում հյուրընկալած համայնքները, որոնք սրտաբաց ընդունել են ժամանածներին»,- ավելացրել է Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների գրասենյակի ներկայացուցիչ Աննա-Կարին Օստը:
 
Մարդասիրական աջակցության և զարգացմանն ուղղված ծրագրերի միջև արդյունավետ կապը ապահովելու համար՝ Արձագանքման ծրագիրը մշակվել է COVID-19 սոցիալ-տնտեսական արձագանքման և վերականգնման պլանին և ՄԱԿ-ի Կայուն զարգացման գործընկերության շրջանակին համահունչ, որը կներկայացնի Հայաստանի հետ ՄԱԿ-ի համագործակցության  առաջնահերթությունները 2021-2025 թվականներին:
 
Ծրագիրը նպատակ ունի ընդլայնել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի, մարդասիրական և զարգացման գործընկերների կողմից արդեն իսկ տրամադրված աջակցությունը, որը կարևոր ազդեցություն է ունեցել հակամարտության հենց սկզբից տեղահանված մարդկանց մի շարք կարևոր կարիքները հոգալու համար:
 
2020 թ. հոկտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում ՄԱԿ-ի գործակալությունները և գործընկերները տրամադրել են 33330 ոչ պարենային ապրանք, այդ թվում՝ անկողնային իրեր, սրբիչներ, հիգիենայի պարագաներ և կենցաղային իրեր, 1000 ծալովի մահճակալ, ինչպես նաև՝ վճարել են ապաստարանի դեր կատարած 64 օբյեկտի կոմունալ ծախսերը: 
 
Աջակցություն է ցուցաբերվել 11500 դպրոցահասակ երեխաների, ովքեր ներկայումս միջնակարգ կրթություն են ստանում Հայաստանում: Բացի այդ, մի շարք այլ միջոցառումների հետ մեկտեղ, յուրաքանչյուր ամիս հարյուրավոր տոննա պարենային օգնություն է տրամադրվում շուրջ 18000 մարդու:
 
Հայաստանի Միջգործակալական արձագանքման ծրագրին կարելի է ծանոթանալ այստեղ:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play