Ինչ է պատրաստվում Հայաստանում


Ինչ է պատրաստվում Հայաստանում

  • 28-01-2021 20:33:55   | Հայաստան  |  Վերլուծություն

Մենք չկարողացանք Փաշինյանի հրաժարականի պահանջը վերածել համաժողովրդական պայքարի, ասել է Հայրենիքի փրկության՝ 17-ի ձեւաչափում ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
 
Ներքաղաքական զարգացումները Հայաստանում անցնում են նոր փուլ։ Այդ փուլն ազդարարվել է Ռոբերտ Քոչարյանի երեկվա հարցազրույցով, որով նա հայտարարել է արտահերթ ընտրություններին մասնակցելու պատրաստակամության մասին։ Միեւնույն ժամանակ, 17-ի ձեւաչափի վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը ասել է, որ չի մասնակցի արտահերթ ընտրություններին։ Իսկ երեկ կայացած 17-ի խորհրդի նիստը ճանապարհային քարտեզ է ներկայացրել, որով առաջարկում է հեռացնել Նիկոլ Փաշինյանին, անցումային կառավարություն ձեւավորել, որն էլ կնախապատրաստի ընտրությունները։
 
Մինչ այդ Վազգեն Մանուկյանն ասել է, որ եթե Փաշինյանը չգնա սահմանադրական ճանապարհով, ապա նրան պետք հեռացնել ապստամբությամբ։
 
Իր հերթին, իշխանությունները պատրաստվում են Սահմանադրության մեջ փոփոխություն մտցնել եւ խորհրդարանին ինքնալուծարման իրավունք տալ։ Ենթադրվում է, որ խորհրդարանը կինքնալուծարվի, եւ մայիսին արտահերթ ընտրություններ կլինեն։
 
17-ի ձեւաչափի մի մասը դրա հետ համաձայն չէ, սակայն Քոչարյանի համաձայնությունը խոսում է այն մասին, որ ընտրությունների սցենարը առավել իրատեսական է համարվում այն ուժերի կողմից, որոնք ծրագրավորում են Հայաստանի ներքաղաքական կյանքը։
 
Կլինի՞ ապստամբություն, որի մասին խոսում է Մանուկյանը։ Այսօր վաղ առավոտից Երեւանի գրեթե բոլոր փողոցներում, կանգառներում ու մետրոյի կայաններում տարածվել են «Վերացնել դավաճանին գրությամբ» թռուցիկներ։ Թռուցիկների մյուս կողմում գրված է «Հարված», որը ենթադրաբար ակցիան իրականացրած խմբի անունն է:
 
Այսօր Եռաբլուրում բավական կտրուկ էին արտահայտվել նախկին բարձրաստիճան զինվորականները։ ԱՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բադասյանը հայտարարեց, որստեղծելու են ռազմական խորհուրդ։Նրա խոսքով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին պետք է հեռացնեն ոչ միայն որպես պարտության խորհրդանիշ, այլև թշնամի․ «Հեռացնելու տարբեր ճանապարհներ կան, ընդհուպ ֆիզիկապես հեռացնելը։ Դա ենթադրում է այն, որ թշնամուն պետք է վերացնենք, թեկուզ զենքի ուժով։ Այո ես գիտակցաբար սպառնալիքի կոչեր եմ անում, թող ԱԱԾ-ն ձերբակալի ինձ։ Ցանկացած մեկը պետք է ցանկանա թշնամուն ոչնչացնել։ Դա անհատները պետք է անեն։ Ես ինքս պատրաստ եմ դրան»,-ասաց Վահան Բադասյանը։
 
Իր հերթին, Սասնա ծռերի անդամ Պավլիկ Մանուկյանը նշեց, որ իշխանություններին հեռացնելու համար նախկին մեթոդներին չեն դիմի. «Եթե իշխանությունները չեն հեռանում՝ կհեռացնենք ճիպոտով»։ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն էլ գրառում է արել։ «Զոհված հերոս նահատակների անունով երդվում ենք՝ թույլ չտա՛լ հայոց պետականության անկումը։ ՉԵ՛ՆՔ ԹՈՂՆԻ։ Կորչի՛ «թուրքական շների» ոհմակը Հայաստանում։ Ովքեր համաձայն են, ՄԻԱՑԵ՛Ք”։
 
Ի՞նչ ճանապարհով կզարգանան իրադարձությունները։ Մի բան ակնհայտ է՝ Հայաստանը եռակողմ հայտարարության շահառուներին պետք է թույլ ու կամազուրկ վիճակում, եւ ներքին այս խղճուկ վիճակը լավագույն նվերն է նրանց։

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

 

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն