Ռուսաստանը զգուշանում է Արցախի միջազգային ճանաչումից. եռակողմ հայտարարությունը շրջելի է


Ռուսաստանը զգուշանում է Արցախի միջազգային ճանաչումից. եռակողմ հայտարարությունը շրջելի է

  • 29-01-2021 10:49:46   | Հայաստան  |  Վերլուծություն

Ռուսական եւ թուրքական քարոզչությունը փորձում են «համոզել» Հայաստանին, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն անշրջելի է, իսկ դրա այլընտրանքը «ինքնասպանությունն է»։ Ընդ որում, Ռուսաստանը չի կարող հայտարարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափից դուրս գալու մասին՝ զգուշանալով Արցախի միջազգային ճանաչումից։ Հայաստանին պարտադրված եռակողմ ոչ լեգիտիմ հայտարարությունը շրջելի է, եւ Մինսկի խումբը «սխալների շտկման» մանդատ ունի։
 
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեսակապով ելույթ ունենալով «դավոսյան շաբաթվա» շրջանակում, խոսել է նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնության մասին։ «Մենք ձգտում էինք հետեւել ԵԱՀԿ Մինսկի խմբում Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի միջեւ ձեռքբերված պայմանավորվածություններին», – ասել է Պուտինը՝ ավելացնելով, որ դա «համագործակցության լավ օրինակ է»։
 
Ֆրանսիան ու ԱՄՆ-ն դա «համագործակցություն» չեն համարում եւ սպասում են իրենց հարցերի պատասխանին։ Ֆրանսիայի ԱԳՆ եվրոպական հարցերով պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանը, որն այցելել է Երեւան, հայտարարել է․ «Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը մի շարք հարցեր է բարձրացնում, բայց կան հարցեր, որոնք չեն բարձրացվում։ Այդ բացթողնված պահերը պետք է լուծել Մինսկի խմբի շրջանակում։ Դեկտեմբերին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցի ժամանակ կողմերը հաստատել են, որ պատրաստ են շարունակել այդ հարցերի քննարկումները ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափով»։
 
Ռուսաստանը պատրա՞ստ է շարունակել աշխատանքը Մինսկի խմբի համանախագահությունում եւ քննարկել Արցախի կարգավիճակի հարցը։ Ռուս պաշտոնյաներն այս հարցով ոչ միանշանակ հայտարարություններ են արել։ Պուտինը, օրինակ, հայտարարել է, որ Ղարաբաղը համարվում է Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածք։ Իսկ նրա ԱԳ նախարար Լավրովն ասել է, որ կարգավիճակի հարցը դիտավորյալ չի ներառվել եռակողմ հայտարարությունում, քանի որ դա ապագայի հարց է։
 
Բայց երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ռուսաստանի առաջարկած տարբերակներում եղել է տարածքների վերադարձն առանց կարգավիճակի, Ռուսաստանում «նեղացած» ելույթներ սկսվեցին։ «Երեւանի շահերն արտացոլող տարրերի թվում են Լեռնային Ղարաբաղի իրավունքի ճանաչումը, որը կապահովի այնտեղի բնակչության լիարժեք կենսագործունեության կազմակերպումը, ԵԱՀԿ նիստերին ԼՂ ներկայացուցիչների մասնակցությունը, շրջափակման վերացումը, սահմանների բացումը, կողմերի՝ ուժի չկիրառման պարտավորության ստանձնումը և այլն։ Այդ պատճառով, պնդել, որ Ռուսաստանն առաջարկել է «հենց այնպես» վերադարձնել 7 շրջան, մոռանալ կարգավիճակի մասին ու հանգստանալ, չի համապատասխանում իրականությանը», հայտարարել էր Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը։
 
Հունվարի 27-ին Իրանի ԱԳ նախարար Զարիֆի հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը նշել է, որ շատ հարցեր մնում են չլուծված, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, եւ Հայաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում։
 
Հունվարի 27-ին տեղ է ունեցել նաեւ Հայաստանի ու Ռուսաստանի ԱԳ նախարարներ Արա Այվազյանի ու Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը։ Ռուսական կողմի հաղորդագրությունում չի հիշատակվում Մինսկի խմբի աշխատանքի վերսկսումը։ Այվազյանը Լավրովին զանգել է Լեմուանի այցից հետո, որ նրա հետ համաձայնեցնի՞ Մինսկի խմբի համանախագահների այցի ժամկետները։ Երեկ Լավրովի խոսնակը տեղեկացրեց, որ նախատեսվում է նման այց:
 
Հիշեցնենք, որ 2020-ի նոյեմբերի 25-ին Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձեւում թվարկվել են որոշ հարցեր, որոնք պետք է քննարկել՝ 1994 թվականի սահմանների վերականգնում, ադրբեջանական զինված ուժերի դուրսբերում տարածքներից, որոնք գրավվել են սեպտեմբերի 27-ին սկսած ռազմական գործողությունների արդյունքում, ինչպես նաեւ բնակչության պաշտպանություն Մինսկի խմբի հովանու ներքո միջազգային ուժերի տեղակայման միջոցով՝ 2007 թվականի խաղաղ պլանի համաձայն։
 
Այլ խոսքով, Ֆրանսիան Սենատի մակարդակով անհնար չի համարում նախապատերազմական իրողություններին վերադարձը, ինչպես նաեւ ռուս խաղաղապահների փոխարինումը միջազգայինով։ Անշրջելի չեն համարվում նաեւ Արցախի դեմ ահաբեկչական ագրեսիայի արդյունքները։

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

 

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play