Վահան Բադասյանը որևէ ճամբարից յուրային չէր, և որոշեցին այսպես վարվել


Վահան Բադասյանը որևէ ճամբարից յուրային չէր, և որոշեցին այսպես վարվել

  • 01-02-2021 15:09:22   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Lragir.am-ի զրուցակիցն է Մարտական խաչի ասպետ, Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ, Արցախի ԱԺ նախկին պատգամավոր  Վահան Բադասյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը:
 
Պարոն Պապիկյան, վերջին 2.5 տարում շատերն են բռնության կոչերով, տարատեսակ հայտարարություններով հանդես եկել, սակայն նրանցից ոչ ոք այդպես էլ չի կալանավորվել, իսկ ահա Վահան Բադասյանը կալանավորվեց: Հիմա հնչում է կարծիք, որ Բադասյանը դատական համակարգի համար յուրային չէր, դրա համար այսպես եղավ: Ձեր կարծիքով ինչն էր պատճառը:
 
Վերջին շրջանում նմանատիպ կոչեր, հայտարարություններ շատերից են հնչել, և հայտնի դեպքերից մեկով նաև մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով: Այս ամենի մեջ ամենաէականը հոդվածի էությունն է՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր անելը: Եթե Բադասյանի խոսքերից գոնե մեկ արտահայտություն վերաբերվեր երեք սկզբունքային հատկանիշներից որևէ մեկին, ողջամիտ կասկած կարող էր մնալ, բայց մեղադրանքը և իր արտահայտած մտքերը միմյանց հետ կապ չունեն: Նա չի ասել, օրինակ, ես ցանկանում եմ զավթել վարչապետի քաղաքական իշխանությունը, չի ասել, որ Հայաստանի իշխանության սահմանադրական մարմինները այլևս չլինեն: Բայց նրան հենց այդպիսի մեղադրանք է առաջադրվել, ինչը տարօրինակ է: Մյուս կողմից, Դուք ճիշտ նկատեցիք, որ վերջին 2 տարվա ընթացքում շատ ավելի վատ խոսքեր են հնչել, հայտարարություններ են արվել, իրավապահները հրապարակել են գաղտնալսումներ, տեսանյութեր, բայց այդ բոլոր դեպքերով որևէ մեկը չի կալանավորվել: Ստացվեց, որ միակ մարդը, ով իր կարծիքը կամ իր խոսքը արտահայտելու համար պետք է բանտարկվի, Վահան Բադասյանն է: Բնականաբար, հարցերը շատ են, և չի կարող այստեղ չլինել քաղաքական ենթատեքստ կամ քաղաքական հետապնդում, որովհետև սովորական իրավաբանությունը չի գործում այս պայմաններում: Դատարանի վարքագիծն էլ, բնականաբար, տարօրինակ է: Ենթադրաբար, Վահան Բադասյանը որևէ ճամբարից յուրային չէր, և որոշեցին այսպես վարվել, թեև եթե ավելի լուրջ հասկանանք, ես կարծում եմ, որ քանի որ հաճախակի են հնչում նման կոչեր, հայտարարություններ, գուցե իշխանությունն ուզում է այդ միջոցով բոլորին մեսիջ ուղարկել՝ ասելով, որ այսուհետ այսպես ենք վարվելու, ռեպրեսիաներ ենք սկսում: Այսինքն իշխանություն-հասարակություն երկխոսություն չի լինելու, լինելու են միայն ռեպրեսիվ մեթոդներ: Իշխանությունն արդեն ամիսներ շարունակ ականջալուր չի հասարակության պահանջներին, առաջարկներին: Նրանք փակվել են իրենց կաբինետներում և որոշել են նոր մարտահրավեր նետել հասարակությանը, նրանք, որոնք կշարունակեն քննադատությունները, բանտարկվելու են և վերջ:
 
Ո՞րն է լինելու ձեր հաջորդ քայլը:
 
Բնականաբար, որոշումը կբողոքարկենք, բայց չենք սահմանափակվելու դրանով: Հնարավոր բոլոր իրավական միջոցներն օգտգործելու ենք, որոնք թվարկված չեն օրենքում, բայց նաև արգելված չեն օրենքով: Բնականաբար, բոլոր միջոցները կձեռնարկենք, և այստեղ առանցքային նշանակություն ունի արդարադատության հաստատումը, արդարադատության ու արդարության նկատմամբ վստահության հաստատումը: Փաստացի, այս դեպքում մեկ անձի իրավունքի խախտմամբ իրավապահների և դատարանի վարքագիծը հարված է հասցնում արդարադատության հանդեպ վստահությանը: Մարդուն մեղադրում են մի բանում, որը նա չի արել և հետո դա հիմնավորում են որևէ տրամաբանությունից զուրկ պատճառներով, օրինակ, ասում են՝ նա կթաքնվի վարույթ իրականացնող մարմնից, քանի որ մշտական բնակության վայր չունի: Այսինքն առանցքային հարցը, որի հիմքում հիմնավոր կասկածն է՝ արե՞լ է այդ հանցանքը, թե չի արել, այս պահին չունենք: Դրան էլ գումարվում է այն, որ կալանավորման համար հիմք է համարվում մշտական բնակության վայր չունենալը: Դատավորն ու դատախազը պետք է իմանան, թե ինչու չունի մշտական բնակության վայր, որովհետև Հադրութն արդեն թշնամու վերահսկողության տակ է: Այսպիսի վերաբերմունքը միայն ուղղված չէ պարոն Բադասյանին, այլ ընդհանրապես ուղղված է արդարադատությանը:
 
Հնչում են մեկնաբանություններ, որ զենքով Հայաստանում այլևս հարց չպետք է լուծվի: Ինչպե՞ս եք գնահատում նման հայտարարությունները, արդյոք վարչապետի հասցեին արվող հայտարարությունը, թե զենքով վերացնելու ենք, լուրջ սպառնալիք չեն:
 
Ձեր հարցի մեջ պատասխանը մեծամասամբ կար: Եթե սպառնալիք է հնչել անձի նկատմամբ, ապա դրա համար կա համապատասխան հոդված, և այդ հոդվածի շուրջ պետք է քննարկումն ընթանա, այսինքն ճիշտ պետք է կատարվի քննությունը: Այդ հոդվածով մեղադրանք առաջադրելու դեպքում սպառնում է պատիժ մինչև մեկ տարի ազատազրկման ձևով: Բայց մեղադրանքն առաջադրում են բոլորովին այլ հոդվածով, որի դեպքում ազատազրկում է սպառնում մինչև 3 տարի ժամկետով: Եթե մինչև մեկ տարի է, դատարանը չի կալանավորում, եթե մինչև 3 տարի է՝ կալանավորում է: Եթե իրենք համոզմունք ունեն, որ ճիշտ մեղադրանք է առաջադրվել, ի՞նչն է իրենց խանգարում ենթադրյալ հանցանքի դեպքում ճիշտ մեղադրանք առաջադրել, եթե դա պատվեր չէ: Եթե հնչել են նման կոչեր, ինչպե՞ս պետք է վարվեն. Վարվեն կամայականորեն և ինչ մեղադրանք ուզեն առաջադրե՞ն, թե՞ վարվեն այնպես, ինչպես թելադրում է օրենքը: Այս դեպքում եթե ունեն հիմք, որ կա այդպիսի խախտում, ապա քրեական օրենսգիրքը դրա համար նախատեսել է բոլորովին այլ հոդված: Ընդ որում, մեկ այլ անձ նման կոչ հնչեցնելու համար օրեր առաջ արդեն մեղադրվել է: Իսկ հիմա նմանատիպ կոչ հնչեցնելու համար բոլորովին այլ մեղադրանք են առաջադրում:
 
Դուք նշում եք, որ այստեղ կա քաղաքական բաղադրիչ, մյուս կողմից իշխանությունները բազմիցս նշում են, որ որևէ ազդեցություն չունեն դատական համակարգի նկատմամբ, և որ այդ համակարգը ըստ էության կախված է նախկին իշխանություններից: Ո՞րն է ի վերջո ճշմարտությունն այստեղ:
 
Այլևս ոչ ոք չի հավատում այդ պնդումներին: Գոնե մի շարք գործերով միջամտության բացահայտ դրսևորումներին մենք ականատես ենք եղել: Վաղուց արդեն անլուրջ է նախկիններին հիշատակելը: Շուտով երեք տարին կլրանա, դեռ որքան ժամանակ հետո գործող իշխանությունները կհայտարարեն, որ նախկինները չեն միջամտում: Ի վերջո, ով է պատասխան տալիս քո չկատարած քայլերի, քո երեք տարվա անգործության համար: Բոլոր անհաջողությունների, ձախողումների համար ասում են՝ նախկիններն են մեղավոր: Ի վերջո, 3 տարին քիչ ժամանակ չէ երկրում անսահմանափակ իշխանություն ունեցող մարդու համար այդ հարցերը լուծելու համար: Ընտրական ցիկլի մեծ մասն արդեն անցել է, և դեռ շարունակում են ամեն ինչում մեղադրել նախկիններին: Ի վերջո, պետք է վերջ տրվի քո ձախողումները և անգործությունն ուրիշի վզին փաթաթելու մոտեցումին:

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար

 

 

Նոյյան տապան  -   Հարցազրույցներ