Հարութ Սասունյան.Փաշինյանը ևս մեկ սխալ արեց՝ ակնարկելով, որ Շուշին ադրբեջանական քաղաք է


Հարութ Սասունյան.Փաշինյանը ևս մեկ սխալ արեց՝ ակնարկելով, որ Շուշին ադրբեջանական քաղաք է

  • 03-02-2021 11:46:54   | ԱՄՆ  |  Վերլուծություն

Նիկոլ Փաշինյանը, Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում գրեթե երեք տարի և, ամենակարևորը, Արցախյան պատերազմում երկրի աղետալի պարտության ընթացքում կառավարելուց հետո, շարունակում է մեկը մյուսի հետևից սխալներ և ապակողմնորոշիչ հայտարարություններ անել։
 
Ինչպես ավելի վաղ գրել էի, Փաշինյանը, ցավոք, անկարող է ղեկավարել Հայաստանը: Նա ավելի բողոքող և քննադատող է, քան կառավարություն ղեկավարելու համար անհրաժեշտ հմտություններ և փորձառություն ունեցող անձ: Արցախյան պատերազմն էլ ավելի վատթարացրեց իրավիճակը երկրում և բացահայտեց Փաշինյանի անկարողությունը՝ հաղթահարելու Հայաստանի բազում խնդիրները:
 
Ամբողջ աշխարհի հայերը մեծ հույսեր ունեին, որ ազատվելով նախորդ ռեժիմից, Փաշինյանը կկարողանա Հայաստանը տանել դեպի բարեկեցություն և, որոշ չափով, դեպի բնականոն կյանք: Հայերի ճնշող մեծամասնությունը սատարում էր նրան՝ նախկին կառավարության նկատմամբ ունեցած հակակրանքի պատճառով:
 
Դժբախտաբար, պարզվեց, որ Փաշինյանը միայն խոսում է և ոչինչ չի անում։ Ավելին, փորձի բացակայությունից զատ, նա իրեն շրջապատել էր այնպիսի խորհրդականներով և նախարարներով, որոնք նույնիսկ իրենից ավելի անփորձ էին: Դրա հետևանքով, ոչ նա, ոչ էլ իր կառավարությունը հաջողության հասնելու ոչ մի հնարավորություն չունեին։ Արցախյան պատերազմն ավելի սրեց իրավիճակը: Լինելով գերագույն գլխավոր հրամանատար, նա սխալը սխալի հետևից թույլ տվեց՝ Հայաստանն ու Արցախը տանելով աննկարագրելի աղետի, որը մենք չենք կարող հաղթահարել տասնամյակներով, եթե ոչ՝ ընդհանրապես։ Փաշինյանն այժմ պնդում է, որ ինքը պետք է մնա իշխանության ղեկին՝ երկրի առջև ծառացած լուրջ հիմնախնդիրները լուծելու համար։ Չափազանց միամտություն կլինի հավատալ նման խոստմանը: Այն առաջնորդը, որն ի վիճակի չէ ղեկավարել խաղաղ ժամանակ և լիակատար ձախողում է ունեցել պատերազմում, ի զորու չէ որևէ բան շտկել։ Նա իրավիճակն ավելի վատթարացրեց իր խեղաթյուրումներով և սխալ քաղաքականությամբ:
 
Մի քանի շաբաթ առաջ, խորհրդարանում ելույթ ունենալիս, Փաշինյանը զայրացրեց բազմաթիվ հայերի՝ որպես «դժբախտ ու դժգույն» նկարագրելով պատմական հայկական Շուշի քաղաքը։ Որևէ պատճառ չկար նման բացասական ածականներ օգտագործել համայն հայության հպարտություն հանդիսացող քաղաքը նկարագրելու համար:
 
Վերջերս, խորհրդարանում մեկ այլ ելույթի ժամանակ, ի պատասխան Շուշիի մասին պատգամավորի հարցին, Փաշինյանն ավելի սրեց իրավիճակը, երբ ասաց. «Շուշին հակամարտությունից և ազատագրումից առաջ ունեցել է 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն, այսինքն դուք ուզում եք ասել, որ 90 և ավելի տոկոս ադրբեջանցի բնակչություն ունեցող Շուշի քաղաքը հայկակա՞ն է իր այդ կարգավիճակով»:
 
Փաշինյանի ձախող խոսքերից հետո մեծ աղմուկ բարձրացավ ամբողջ աշխարհի հայության շրջանում: Սա ևս ինքն իրեն վնասող մեկ դեպք էր: Մի քանի օր անց, երբ Փաշինյանը այցելեց Եռաբլուր զինվորական պանթեոն, և երբ լրագրողը հարց ուղղեց նրան Շուշիի վերաբերյալ խորհրդարանում իր արած հայտարարության մասին, նա ասաց, որ կպատասխանի, եթե լրագրողը գրավոր ներկայացնի իր հարցը: Հաջորդ օրը լրագրողը Փաշինյանի խոսքերը գրեց մի մեծ պաստառի վրա և բարձրաձայն կարդաց այն՝ վարչապետի շենքի դիմաց կանգնած: Թեև Փաշինյանի կողմնակիցներից մեկը հարձակվեց լրագրողի վրա և պատռեց պաստառը, վարչապետը պահեց իր խոսքը և իր ֆեյսբուքյան էջում ուղիղ տեսանյութով անդրադարձավ այս խայտառակ կացությանը:
 
Իր պատասխանում Փաշինյանը նախ մեղադրեց լրատվամիջոցներին իր խոսքերն խեղաթյուրելու մեջ։ Նա կրկնեց, որ 1990-ականների սկզբին ադրբեջանցիները կազմում էին Շուշիի բնակչության 90 տոկոսից ավելին կամ ավելի ճիշտ` 96 տոկոսը: Նա շարունակեց. «Ինչպե՞ս կարելի էր Շուշին համարել հայկական վերահսկողության տակ իր կարգավիճակով, երբ բնակչության 96 տոկոսը ադրբեջանցի էր»: Այնուհետև Փաշինյանը նշեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջարկը 2020 թ. հոկտեմբերի 19-ին՝ պատերազմի ավարտից մի քանի շաբաթ առաջ, ընդունել հրադադարի մասին Հայաստանի խնդրանքը՝ պայմանով, որ հայերը թույլ տան նախկին ադրբեջանցի բնակիչներին վերադառնալ Շուշի՝ հայկական իշխանության ներքո:
 
Փաշինյանը մի քանի սխալ թույլ տվեց իր նախկին հայտարարության և իրավիճակը շտկելու հետագա անհաջող փորձի մեջ։ Իրականում, նա ոչ մի պատճառ չուներ նման խառնաշփոթ ստեղծելու և կեղծ փաստարկներ բերելու: Նա պարզապես պիտի ասեր, որ մերժել է Ալիևի առաջարկը, քանի որ ադրբեջանցիների՝ հայկական հսկողության տակ Շուշի վերադառնալ թույլ տալն անընդունելի էր իր և հայերի մեծ մասի համար: Փաստորեն, սա հենց այն է, ինչ ասել է Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, երբ նա իրեն փոխանցել էր Ալիևի առաջարկը: Եթե Փաշինյանը սահմանափակվեր այս փաստով, ապա հայկական աշխարհում բողոքի ալիք չէր բարձրանա: Պատճառ չկար ասելու, որ մինչ 1992 թվականը Շուշին բնակեցված էր հիմնականում ադրբեջանցիներով՝ նման վեճ առաջացնելով այն ժամանակ, երբ նրա իշխանությունը արդեն թուլանում էր, իսկ նա քննադատության էր ենթարկվում բազմաթիվ հայերի, այդ թվում՝ իր նախկին աջակիցների կողմից:
Մատնանշելով անցյալում Շուշիում բնակվող ադրբեջանցիների մեծ տոկոսը, Փաշինյանը մի քանի սխալ թույլ տվեց.
Նախ և առաջ, անկախ Շուշիում բնակվող ադրբեջանցիների քանակից, հայտնի փաստ է, որ այն դարեր շարունակ եղել է հայկական քաղաք՝ Ադրբեջանի գոյությունից դեռ շատ առաջ: 1920 թվականին, այն բանից հետո, երբ ադրբեջանցիները Շուշիում կոտորեցին հազարավոր հայերի և քաղաքը հայաթափելու քաղաքականություն վարեցին, հայ բնակչության թիվը զգալիորեն կրճատվեց։ Սակայն իր ապակողմնորոշիչ հայտարարության մեջ Փաշինյանը նման բացատրություն չներկայացրեց։
 
Երկրորդ, Փաշինյանը սխալ էր՝ գնահատելով որևէ տարածքի հայկական լինելը՝ ելնելով  որոշակի ժամանակահատվածում նրա բնակչության թվաքանակից։ Օրինակ, Նախիջևանում կամ Արևմտյան Հայաստանում այժմ գրեթե հայ չկա, սակայն հայերը մինչ օրս այդ տարածքները համարում են պատմական Հայաստանի մաս:
 
Երրորդ, թեև հասկանալի է, որ Ալիևի առաջարկը՝ թույլ տալ նախկին ադրբեջանցի բնակիչներին վերադառնալ Շուշի, որը գտնվում է հայերի վերահսկողության տակ, դժվար ընդունելի էր Փաշինյանի և հայերի մեծամասնության համար, կա մի կարևոր հարց, որը պետք է նկատի առնվեր․ քանի՞ ադրբեջանցի կվերադառնար Շուշի՝ հայկական իշխանության տակ ապրելու համար: Շատ քիչ, եթե ոչ զրո։ Փաշինյանի ենթադրությունն առ այն, որ հազարավոր ադրբեջանցիներ կվերադառնային Շուշի՝ քաղաքի բնակչությունը նորից դարձնելով 96 տոկոս ադրբեջանական, բոլորովին անիրատեսական էր: Ոչ մի ադրբեջանցի չէր ցանկանա ապրել Շուշիում հայկական իշխանության ներքո, ինչպես ոչ մի հայ չի վտանգի իր կյանքը՝ ապրելով Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքներում:
 
Ի վերջո, Փաշինյանի հրաժարվելը Ալիևի առաջարկը ընդունելուց 2020 թ. հոկտեմբերի 19-ին նշանակում էր, որ պատերազմը երկարաձգվեց մինչև 2020 թ. նոյեմբերի 9-ը` հանգեցնելով ավելի շատ հայկական տարածքների կորստի հօգուտ Ադրբեջանի: Ավելին, ադրբեջանցիները ամբողջովին գրավեցին Շուշին, և շատ ավելի հայ երիտասարդ զինվորներ զոհվեցին կամ վիրավորվեցին: Պատերազմի ընթացքում Փաշինյանի սխալ որոշումների հետևանքները շատ ավելի աղետալի էին, քան խորհրդարանում իր սխալ հայտարարությունը և ինքն իրեն շտկելու հետագա անհաջող ջանքերը։
Վարչապետը պետք է գիտակցի, որ որքան երկար է կառչած մնում իշխանությունից, այնքան ավելի է ապակայունացնում երկիրը: Պարտված ու անկարող ղեկավարը չի կարող բարելավել երկրում տիրող ողբերգական իրավիճակը: Որքան շուտ նա հեռանա, այնքան արագ նոր կառավարությունը կարող է ստանձնել իշխանությունը և փորձել կրճատել Հայաստանի ու Արցախի կրած վնասները:
 
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն