Մոսկվայում ու Անկարայում վախեցած են. Երեւանի մի հայտարարությունը կարող է քանդել հանցավոր տանդեմի համաձայնությունը


Մոսկվայում ու Անկարայում վախեցած են. Երեւանի մի հայտարարությունը կարող է քանդել հանցավոր տանդեմի համաձայնությունը

  • 06-02-2021 12:18:53   | Հայաստան  |  Վերլուծություն

Հունվարի 30-ին Աղդամում բացվեց այսպես կոչված հրադադարի մոնիտորինգի ռուս-թուրքական համատեղ կենտրոնը, որի կապակցությամբ Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն հայտարարել էր. «Թուրքիան Ռուսաստանի հետ միասին Ղարաբաղի հարցով մոնիտորինգային կենտրոն է ստեղծել։ Երեւանը չպետք է նոր արկածների փնտրի»։
 
Կենտրոնի բացման կապակցությամբ Պուտինի տեղակալ Մեդվեդեւը հայտարարել էր, թե «պետք է ուշադրություն դարձնենք իրողություններին, որոնք գոյություն ունեն մեր տարածաշրջանում։ Իսկ իրողություններն այնպիսին են, որ այսօր այդ հարցը պետք է քննարկել Թուրքիայի գործընկերների հետ։ Թուրքիան մեր հարեւանն է ու շատ կարեւոր գործընկեր։ Եվ շատ մերձավոր երկիր Ադրբեջանի համար։ Այդ գործոնը հնարավոր չէ հաշվի չառնել»։
 
Կենտրոնի բացման կապակցությամբ Անկարան հույս էր հայտնել, որ ռուս խաղաղապահների կարիքը շուտով չի լինի: Իր հերթին, Մեդվեդեւը հայտարարել է, որ կենտրոնի ստեղծումը չպետք է դիտարկել որպես «երկարաժամկետ քաղաքականության տարր» տարածաշրջանում։ Ո՞վ շուտով ավելորդ կդառնա՝ ռուս խաղաղապահնե՞րը, թե թուրքական բանակը:
 
Կենտրոնը թուրքական ռազմա-քաղաքական ներկայության արձանագրումն ու «լեգիտիմացումն» է շրջանում, որին այդքան ձգտում էր Թուրքիան, եւ որը հնարավոր չէր առանց Ռուսաստանի: Նույն կերպ, Ռուսաստանը «լեգիտիմացրեց» թուրքական ներկայությունը Սիրիայում, թեեւ իհարկե կան որոշակի տարբերություններ: Բանն այն է, որ Արցախում ՌԴ խաղաղապահները տեղակայվել են Երեւանի ստորագրությամբ, Բաքուն սակայն չի ստորագրել այդ փաստաթուղթը: Փոխարենը, Ռուսաստանը Ղաաբաղը հայտարարում է Ադրբեջանի տարածք ու արտոնում թուրքերի հետ համատեղ կենտրոնը:
 
Դա արձանագրվեց անցյալ տարեվերջին Սոչիում Լավրով-Չավուշօղլու հանդիպմանը: ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ ընդունվում էր, որ ռուսական կողմը արտոնել է Աղդամում տեղաբաշխված Թուրքիայի ԶՈՒ սպայախմբին ԱԹՍ-ների հետախուզական թռիչքներ իրականացնել Արցախի օդային տարածքում, այդ թվում Հադրութի, ինչպես նաեւ Սյունիքին, Վայոց Ձորին եւ Գեղարքունիքին հարակից շրջաններում: Սա Լավրովյան պլանի իրագործման երաշխիքների մասն է, որը կոչված է չեզոքացնել հայկական կողմի որեւէ նախաձեռնություն, ինչպես նաեւ նպաստել այդ տարածքներում հնարավոր առաջիկա պրոտեկտորատ տարածքների ձեւավորմանը:
 
Մեդվեդեւի հայտարարությունը հայկական մեդիա-փորձագիտական շրջանակներում առաջացրել է որոշակի «ոգեւորություն»: Հայաստանում Ռուսաստանին արդարացնելու երկու միտում է նկատվում՝ առաջինը անվերապահ արդարացնողներն են, երկրորդ ուղղությունը հանգում է նրան, որ Ռուսաստանը թույլ է ու ստիպած զիջումների է գնում թուրքերին: Սա շուտով կարող է մտնել լայն շրջանառության մեջ, նկատի առնելով, որ Հայաստանում արդեն ոչ ոք չի հավատում Ռուսաստանի փրկչական դերի վերաբերյալ ավանդական քարոզչությանը: Միեւնույն ժամանակ, այս երկրորդ ուղղությունն էլ խիստ հակասական է բազմաթիվ հանգամանքների ու փաստերի ուժով, ինչպես նաեւ՝ զուրկ որեւէ իմաստից: Հնարավոր է՝ դա նկատի առնելով Մոսկվան Հայաստանում միանգամից անցել է «երրորդ փուլին»՝ ագենտուրայի տեղավորմանը պետական կառավարման երկրորդ ու երրորդ էշելոններում, Ռուսաստանի դերի ու պատերազմի հանգամանքների վերաբերյալ առասպելների ամբողջական փլուզման դեպքի համար:
 
Մինչ այդ, ռուս եւ թուրք պաշտոնյաների հայտարարությունների մեջ նկատելի է որոշակի անհանգստություն, եւ դա բնական է. այս տանդեմը գործել է ցեղասպանական գործողություն հայերի դեմ, մարդկային, տարածքային կորուստներով ու տեղահանությամբ: Ընդ որում, Արեւմուտքում Ռուսաստանի ու Թուրքիայի համատեղ զսպման ռազմավարության «վերաբեռնում» է տեղի ունենում բավական կոշտ հայտարարություններով, ընդհուպ մարդկայնության դեմ հանցագործությունների մեղադրանքի հեռանկարով: Ղարաբաղի դեմ ռուս-թուրքական ահաբեկչական գործողությունը լիովին տեղավորվում է նման մեղադրանքի շրջանակում:
 
Այդ հեռանկարը լավ են հասկանում Մոսկվայում ու Անկարայում, ինչով էլ բացատրվում է նրանց շտապողականությունը հակահայ ձեռնարկումներն անշրջելի դարձնելու հարցում: Այդ ձեռնարկումների մեջ է մտնում նաեւ «Նիկոլ + 17-ի կուսակցություններ եւ զլմ-փորձագիտական սպասարկում» ներքաղաքական կոնստրուկցիան Հայաստանում՝ Ռուսաստանի արդարացման ու եռակողմ հայտարարությանը հավատարմության «գաղափարաբանությամբ», ինչպես նաեւ սպառնալիք ու շանտաժ պարունակող արտաքին հայտարարություններ ու քայլեր, այդ թվում Հայաստանի սահմաններին զորավարժությունների տեսքով:
 
Երեւանի նույնիսկ մի համարժեք հայտարարությունն այս ուղղությամբ կարող է քանդել ռուս-թուրքական այս համաձայնությունների կծիկը, ինչից էլ անհանգստացած են Մոսկվան ու Անկարան: Ընտրությունը շատ հստակ է՝ ռուս-թուրքական լափաման՝ հայրենազրկման ու նվաստացման դիմաց, թե պատասխանատվության տակ են դրվում ցեղասպան գործողությունների հեղինակները ողջ փաթեթով՝ հազարավոր զոհերի հիշատակի, Հայաստանի պետականության ու արժանապատվության դիրքերից:
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն